ԳԼԵՆԴԵՅԼ, 16 ՀՈՒՆՎԱՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ - ԱՄԵՐԻԿԱՅԻ ՁԱՅՆ: Հունվարի 15-ին Գլենդեյլում կայացած մամլո ասուլիսում ՀՀ-ում ԱՄՆ նորանշանակ դեսպան Ջոն Օրդուեյն ասել է, թե Հայաստանն ամերիկյան արտասահմանյան օգնություն ստացող կարեւոր երկրներից մեկն է: Ընդ որում, այդ օգնությունը հիմնականում նպատակաուղղված է երկու բնագավառների համարՙ նպաստել Հայաստանի տնտեսական զարգացմանը եւ օգնել երկրի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքին ու ժողովրդավարացման գործընթացին:
Օրդուեյը բացառել է պատերազմի հավանականությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւՙ նշելով, որ «Ադրբեջանը նույնիսկ անկարող է գնալ ռազմական ուղիով»: Խոսելով ղարաբաղյան հարցի խաղաղ կարգավորման մասինՙ նա մասնավորապես նշել է. «Այս ամբողջ գործընթացում մեր նպատակն էՙ նվազեցնել լարվածությունը, կասեցնել պոռոտախոսությունը ու ջանքեր գործադրել հակամարտ կողմերին ի մի բերելու համար եւ այնպիսի ուղիներ որոնել, որոնցով եթե չենք կարողանում անմիջական լուծման հանգել, գոնե կարողանանք որոշ վստահություն առաջացնել եւ այնպիսի ժամանակավոր միջոցառումներ ծրագրել, որոնք ի վերջո կհանգեն ղարաբաղյան հիմնահարցի վերջնական լուծմանը»: Շեշտելով, թե ինքը չի ցանկանում թերագնահատել ադրբեջանական կողմի սպառնալից հայտարարությունները, դեսպանը նշել է, որ «ռազմական որեւէ գործողություն ոչ խելամիտ ընտրություն կլինի, որը խորապես կարժանանա Մինսկի խմբի բոլոր անդամների ու միջազգային համայնքի դիմադրությանը»: