«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2002-01-15 | #7, 2002-01-16 | #8, 2002-01-17


ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՊԻՏԱՆԻ ԼԻՆԵԼԸ ԳՈՐԾՈՎ ՊԵՏՔ Է ԱՊԱՑՈՒՑԻ

Նոր Նորք համայնքում Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ակումբը բազմանդամ է, նրա անդամ են դարձել մտավորականության ներկայացուցիչներըՙ հիմնարկ-ձեռնարկությունների ղեկավարներ, բժիշկներ, մանկավարժներ:

Այսուհետ ՀՌԱԿ «Նոր Նորք» ակումբը կունենա նաեւ իր գրասենյակը, որի բացմանը երեկ ներկա էին համայնքի թաղապետ Մկրտիչ Մինասյանը, ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը, փոխատենապետ Հարություն Առաքելյանը, Հանրապետական վարչության անդամներ:

Ռուբեն Միրզախանյանը, կարեւորելով հատկապես այս համայնքում կուսակցության ներկայությունը, նշեց նաեւ, որ Նոր Նորքում գործող մի քանի հաստատություններ ղեկավարում են ռամկավարները: Չցանկանալով քաղաքականացնել գրասենյակի բացման արարողությունը, ՀՌԱԿ ատենապետը նկատեց միայն, որ կուսակցության նպատակն է աշխատել ի նպաստ ժողովրդի, իսկ քաղաքական կուսակցությունը ժողովրդին պիտանի լինելը գործով պետք է ապացուցի: Այս առումով Ռուբեն Միրզախանյանը նշեց, որ կուսակցությունն իր կարգախոսներից մեկըՙ օտարերկրյա ներդրումների ներգրավումը մեր երկրի զարգացման գործում, կփորձի իրականացնել նաեւ Նոր Նորքի համայնքումՙ սփյուռքահայ ռամկավարների միջոցով:

Նոր Նորքի թաղապետը, շնորհավորելով կուսակցականներին, հարգանքով խոսեց ավանդական կուսակցության անցած ճանապարհի, կատարած ազգանվեր աշխատանքի մասինՙ ասելով, որ Ռամկավար Ազատական կուսակցության մաս միշտ կազմել են Հայաստանի եւ սփյուռքի քաղաքակիրթ հայության ներկայացուցիչները: Նա իր հերթին աջակցություն խոստացավ բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք գործում են հանուն մեր երկրի կայացման եւ բարգավաճման:

Նոր Նորքի հայորդաց տան տնօրեն, ռամկավար Աիդա Անդրեասյանի խոսքերովՙ ՀՌԱԿ «Նոր Նորք» ակումբն առաջիկայում լուրջ անելիքներ ունի, մանավանդ հաշվի առնելով սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Ակումբը ձեռնամուխ կլինի գալիք ընտրություններին նվիրված, սրտացավ թեկնածու ունենալու եւ նրան պաշտպանելու գործին:

Այսուհետ ՀՌԱԿ «Նոր Նորք» ակումբը տեղակայված կլինի արվեստի դպրոցում եւ բաց կուսակցության բոլոր համակիրների առջեւ:

ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4