«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#6, 2002-01-15 | #7, 2002-01-16 | #8, 2002-01-17


ԸՆԴՀԱՏՎԱԾ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐՍԿՍՎԵՑ ԱՆԱՂՄՈՒԿ. ԻՆՉՈ՞Ւ

«Ազգն» անցյալ տարի պարբերաբար անդրադարձել է «Եհովայի վկաների» հայաստանյան կազմակերպության հեղինակավոր դեմքերից մեկիՙ Լյովա Մարգարյանի դեմ հարուցված քրեական գործով դատավարությանը: Մարգարյանին, ինչպես արդեն նշել ենք, մեղադրանք էր ներկայացվել քրեական օրենսգրքի 244-րդ հոդվածի առաջին մասով, այն էՙ «կրոնական ծիսակատարությունների պատրվակով քաղաքացիների անձի եւ իրավունքների դեմ ոտնձգություններ»: Արմավիրի մարզային դատարանն անմեղսունակ էր ճանաչել ամբաստանյալին, սակայն գործի քննությունն այդքանով չէր ավարտվել. տեղի դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը: Ներկայումս Լ. Մարգարյանի գործը շարունակվում է քննվել վերաքննիչ դատարանում, հետեւաբարՙ «Ազգն» էլ պարբերաբար կլուսաբանի այս դատավարության ընթացքը: Այդ մասին, թերեւս, կանխավ չհայտարարեինք, եթե տպավորություն չունենայինք, որ ինչ-ինչ «հեռատես» ուժերի կողմից փորձ է արվում լրատվամիջոցներին այս դատավարությունից ու գործի մանրամասներից զգուշորեն հեռու պահելու, մեկուսացնելու: Թե ինչ նպատակովՙ առաջիկայում կպարզենք: Իսկ առայժմ տեղեկացնենք, որ դեռեւս անցյալ տարվա դեկտեմբերին Լ. Մարգարյանի գործով դատավարությունը երկար ժամանակով ընդմիջվեց, քանի որ, ինչպես հավաստիացրին դատական մարմինները, ամբաստանյալը շտապ վիրահատության կարիք է ունեցել: Հետո նորից, բավականին ժամանակ անց, արդեն այս տարի, տեղեկացանք, որ նիստերն ընթանում են, իսկ լրատվամիջոցներին տեղյակ պահելու մասին որեւէ մեկը չի մտահոգվել.

Այդուհանդերձ, որոշ դրվագներ ներկայացնենք երեկ տեղի ունեցած դատական նիստից: Նաեւ տեղեկացնենք, որ հաջորդ դատական նիստը տեղի է ունենալու երկուշաբթի:

Դատախազության ներկայացուցիչների հարցերին ամբաստանյալ Լ. Մարգարյանը, ինչպես եւ նախկինում, խուսափողական պատասխաններ էր տալիս: Հնչած բազմաթիվ հարցերը, որ ավելի քան հետաքրքրական էին «Եհովայի վկաներ» աղանդին հնարավորինս լավ ծանոթանալու առումով, այդպես էլ չարժանացան սպառիչ պատասխանի: Թեպետ նշենք, որ 1-2 հարցի ամբաստանյալը պարզապես չկարողացավ չպատասխանել. փաստերն այնքան ակնհայտ էին, որ, խուսափելով էլ ակամա հաստատում էր դրանց ճշմարտացիությունը: «Ո՞րն է ձեր դավանած աղանդի քարոզչությունը» հարցին ամբաստանյալը նախկինում էլ պատասխանում էր, թե իրենք Սուրբ գրքից քաղված դրույթներն են մեկնաբանում: Ինչպե՞ս են «Եհովայի վկաները» մեկնաբանում «սուր վերցնողը սրից կընկնի» հայտնի խոսքերը: Չնայած խուսափողական պատասխաններին, ասելիքը ո՚չ մի կերպ չորոշակիացնելու քաղաքականությանըՙ ամբաստանյալն, այդուհանդերձ, անուղղակի ընդունեց, որ մեկնաբանությունը վերաբերում է զենք չվերցնելուն, ինչը եւ մշտապես քարոզել են այս աղանդի ներկայացուցիչները: Այնուհետեւ մեղադրական կողմն անդրադարձավ Լ. Մարգարյանին ուղղված անմիջական մեղադրանքին, այն էՙ անչափահասների շրջանում քարոզչություն ծավալելուն: Ամբաստանյալը նախկինում էլ անընդհատ նշում էր, որ «Եհովայի վկաները» ոչ մեկի չեն հարկադրում միանալ իրենց. մարդիկ սեփական կամքով են գալիս: «Սակայն դուք մշտապես նշում եք, որ աշխարհի կործանման ժամանակ փրկվելու են միայն «Եհովայի վկաները», շարունակեց հարցաքննողըՙ հարցնելով. «Մի՞թե այսօրինակ խոսքերը, «մարգարեություններն» ինքնին չեն պարունակում հոգեբանական ճնշում, հատկապես, եթե անչափահասների շրջանում ասվեն.»: Բնականաբար, ամբաստանյալն այս մեկնաբանությանը համաձայն չէր: Բայց նա ընդունեց, որ իրենց հավաքներին ներկա են եղել նաեւ անչափահասներ. վերջիններիս մի մասը նույնիսկ մկրտված է որպես «Եհովայի վկա» եւ իր դավանած աղանդի գաղափարներն է քարոզում այլ անչափահասների շրջանում.

Իսկ թե ինչպիսի աղետ կարող է դառնալ հենց անչափահասներիՙ դեռեւս ոչ լիովին ձեւավորված մտածողության խաթարումը, դրան ուղղված ազդեցությունըՙ կարծում ենք, ավելորդ է մեկ անգամ եւս նշել:

ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4