Ռոբերտ Նազարյանի ասուլիսը
«Երեւանի քաղաքապետարանն անցյալ տարվա ընթացքում իր առջեւ դրված խնդիրները հիմնականում լուծել է», երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց քաղաքապետ Ռոբերտ Նազարյանը: Մամլո ասուլիսը նպատակ ուներ ներկայացնել 2001 թ. Ռոբերտ Նազարյանի պաշտոնավարության ընթացքում կատարված աշխատանքները: Քաղաքապետի խոսքերով, 2001 թ. ծրագիրը եղել է ոչ թե բարի ցանկությունների, այլ իրատեսական ծրագիր, եւ ֆինանսական սուղ միջոցների պայմաններում, այնուամենայնիվ, մայրաքաղաքին վերաբերող բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել:
Նախատեսված ծրագրերից չի հաջողվել միայն ավարտել կապիտալ շինարարության բնագավառի որոշ աշխատանքներ: Դեռեւս 13 տարի առաջ Քոչարի եւ Կուզնեցովի փողոցների չորս շենքերի 200 ընտանիքներ տարեվերջին բնակարանամուտ պետք է տոնեին, սակայն ֆինանսական միջոցների ուշացման պատճառով այդ չորս շենքերը շահագործման կհանձնվեն փետրվարին: Չի ավարտվել նաեւ Լինսի հիմնադրամի միջոցներով իրականացվող տրանսպորտային հանգույցի ծրագիրը. այդ աշխատանքները հետաձգվել են շուտ վրա հասած ձմռան պատճառով:
Ճարտարապետության եւ քաղաքաշինության բնագավառում որպես սկսված կարեւորագույն աշխատանքներ Ռոբերտ Նազարյանը նշեց մայրաքաղաքի նոր հատակագծի նախագծման սկիզբը, որ նախատեսվում է ավարտել մինչեւ 2004 թվականը եւ Հյուսիսային պողոտայի կառուցման աշխատանքների սկսելը: Ըստ պայմանագրային պարտավորություններիՙ քաղաքապետարանը մինչեւ այս տարվա մարտի 22-ը աճուրդով օտարված տարածքների բնակելի տները պետք է իրացնիՙ շինհրապարակն ազատելով Հյուսիսային պողոտայի կառուցապատման աշխատանքների համար:
Քաղաքապետը լրագրողների ուշադրությունը դարձրեց այն փաստին, որ այս տարի առաջին անգամ Երեւանում հողն օտարվել է իր իրական արժեքովՙ մոտ 600 ԱՄՆ դոլար, մինչդեռ նախկինում 1 քմ հողատարածքը վաճառվել է 50 դոլարով:
2002 թ. նախատեսվում է Հյուսիսային պողոտայի բոլոր տարածքների աճուրդն ավարտելՙ զուգահեռ իրականացնելով նաեւ իրացման, նախագծման եւ շինարարական աշխատանքները: Պողոտայի ամբողջ կառուցապատումը նախատեսվում է ավարտել 2005 թվականին:
Ըստ Ռոբերտ Նազարյանի, լուրջ տեղաշարժեր չեն եղել կոմունալ տնտեսության բնագավառում, այստեղ հարկավոր են խորքային, համալիր ծրագրեր:
Քաղաքային տարածքների բարեկարգման, կանաչապատման եւ արտաքին լուսավորության առումով իրականացված ծրագրերից քաղաքապետը նշեց բազմաթիվ ճանապարհների ասֆալտապատումը, նոր այգիների ստեղծումը (տնկվել են 25 հազար ծառ եւ 9,5 հազար թուփ), 57 քաղաքային եւ 9 համայնքային նշանակության փողոցների լուսավորումը:
Ըստ քաղաքապետի, փողոցային առեւտրից 2001 թ. հիմնականում հաջողվեց ձերբազատվել, հիմնովին այս հարցը կլուծվի մինչեւ 2002 թ. վերջը: Անհանգստացնող է մնում, սակայն, հասարակական տրանսպորտի հարցը, փողոցների խցանումը: Այսօր մայրաքաղաքում աշխատում են 2500-3000 երթուղային մեքենաներ, որոնցից 600-700ըՙ ապօրինի: Անցյալ տարվա ընթացքում հաջողվել է հարկման դաշտ բերել 931 մեքենաՙ պետբյուջե կատարված մուտքը 2000 թ. համեմատությամբ ավելացնելով 193 մլն դրամով:
Անշարժ գույքի կառավարման եւ մասնավորեցման բնագավառում նախորդ տարվա 158 մլն դրամի փոխարեն պետբյուջե ապահովվել է 301 մլն դրամի մուտք:
2001 թ. հագեցած է եղել մշակութային միջոցառումների եւ փոխայցելությունների առումով: Երեւան են այցելել Մոսկվայի, Մարսելի, Վոլգոգրադի, Սանկտ Պետերբուրգի, Աստրախանի եւ այլ քաղաքների պատվիրակությունները, մեր քաղաքապետարանի ներկայացուցիչները եղել են Թբիլիսիում, Աստանայում, Փարիզում: Այս քաղաքների հետ, ըստ Ռոբերտ Նազարյանի, ստեղծվել են լավագույն հարաբերություններ:
2001 թ. քաղաքապետն անվանեց նաեւ օրենսդրական տարիՙ տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման մարմինների փոխհարաբերություններում: Մշակված օրենսդրական փաթեթի մեծ մասն ընդունվել է ԱԺ-ի եւ կառավարության կողմիցՙ հարաբերությունները դարձնելով ավելի կառավարելի:
Ռոբերտ Նազարյանը 2002 թ. համար նշեց բազմաթիվ լուրջ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն, սակայն դրանք լուծելու համար անհրաժեշտ են օրենսդրական ամբողջ փաթեթի մշակում, Երեւանի կարգավիճակի փոփոխում:
ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆ