Ամերիկայի հայկական համագումարը (ԱՀՀ) հունվարի 15-ին տարածած հաղորդագրությամբ գովել է Թուրքիայի կառավարությանՙ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ խստացված այցագրային կարգը վերացնելու մեջ Բուշի վարչակազմի եւ ԱՄՆ Կոնգրեսի անդամների ունեցած ավանդը:
Հայկական հարցերով կոնգրեսականների խմբի համանախագահներ Ֆրենկ Փալոնը եւ Ջո Նոլբենբերգը հայտարարել են, որ Հայաստանի քաղաքացիների նկատմամբ այցագրային կարգի խստացումը թուրքական կառավարության լուրջ սխալն էր: «Վերացնելով այս խոչընդոտը, մենք հույս ունենք, որ թուրք-հայկական երկխոսությունը կշարունակվի եւ թուրքական ու հայկական կառավարությունների միջեւ փոխըմբռնման բարենպաստ պայմաններ կստեղծվեն», ասվում է Փալոն-Նոլենբերգ հայտարարության մեջ:
ԱՀՀ-ն հիշեցնում է, որ 2001 թ. նոյեմբերին Նյու Յորքում կայացած հանդիպումների ընթացքում «Թուրք-հայկական հաշտեցման հանձնաժողովի» (ԹՀՀՀ) անդամները եւս կոչ են արել վերացնել հայաստանցիներիՙ Թուրքիայի մուտքի այցագիր ստանալու խստացված կարգը: Հանձնաժողովականներն իրենց համոզմունքն էին հայտնել, որ խստացված այցագրային կարգի վերացումը եւ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ առեւտրի ու հաղորդակցությունների կարգավորումը կարող են նպաստել հաշտեցմանը:
Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ խստացված այցագրային կարգի վերացմանը անդրադարձել է նաեւ ամերիկյան «Ասոշիեյթեդ պրեսը»: Գործակալությունը, վկայակոչելով թուրքական պաշտոնական աղբյուրներ, գրում է, որ Անկարան այս քայլը դիտում է Հայաստանի նկատմամբ բարի կամքի դրսեւորման ժեստ: Երկուշաբթի օրը, համաձայն «Ասոշիեյթեդ պրեսի», Թուրքիայի արտգործնախարար Իսմայիլ Ջեմը հաստատել է, որ որոշ փոփոխություններ են եղել, իսկ թուրք այլ պաշտոնյաներ, անունները չհրապարակելու պայմանով, ասել են, որ այցագրային նոր կարգն ուժի մեջ է հունվարի 10-ից:
Այցագրային նոր կարգը երբեք չպետք է դիտել Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ բարի կամքի դրսեւորում, քանի որ նոր կոչված կարգն այն է, ինչը գործում էր մինչեւ 2000 թ. աշունը, երբ ԱՄՆ Կոնգրեսում քննարկվում էր Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւ ընդունելու օրինագիծ: Հիշեցման կարգով նշենք, որ Թուրքիայի քաղաքացիներին Հայաստան մուտք գործելու համար պարզապես անհրաժեշտ է Ստամբուլ-Երեւան օդանավում լրացնել այցագրային թերթիկը եւ «Զվարթնոց» օդանավակայանում այցագիր ստանալու համար վճարել 30 ԱՄՆ դոլար, ինչը տեւում է հինգ րոպե: Ընդ որում Թուրքիայի քաղաքացիների համար այս կարգը գործում է անփոփոխ, եւ պաշտոնական Երեւանը չի պայմանավորում պաշտոնական Անկարայիՙ Հայաստանի հանդեպ պարբերաբար կրկնվող խիստ, ոչ կոռեկտ հայտարարություններով, ընդհանուր առմամբՙ թշնամական քաղաքականությամբ:
Թուրքիայի կողմից Հայաստանի նկատմամբ բարի կամքի դրսեւորման ժեստ չպետք է դիտվի նաեւ շրջափակման վերացման հավանական թվացող քայլը, քանի որ Հայաստանը չէ, որ 1993 թ. փակել է հայ-թուրքական սահմանը: Այլ բան է, երբ Անկարա-Երեւան դիվանագիտական հարաբերություններ հաստատելու ջատագով Վաշինգտոնն է դա փորձելու ներկայացնել որպես Թուրքիայիՙ Հայաստանի նկատմամբ բարի կամքի դրսեւորում:
Ե՚վ խստացված այցագրային կարգի վերացումը, ե՚ւ շրջափակման վերացման հավանական թվացող քայլն առավելապես տեղավորվում են թուրք-ամերիկյան հարաբերությունների ենթատեքստում: ԱՀՀ-ի տարածած հաղորդագրությունը հիշեցնում է, որ Թուրքիան խստացված այցագրային կարգը վերացրեց վարչապետ Բյուլենթ Էջեւիթիՙ ԱՄՆ պաշտոնական այցի նախօրեին:
Թ. Հ.