Այնտեղով Մանուչարյանն է անցնում
Մինչ քաղաքական դաշտի ակտիվ ուժերը մտմտում են գալիք խորհրդարանական ընտրություններին նախապատրաստվելու մարտավարությունը, իրենց շատ քիչ հիշեցրած կուսակցությունները կոնկրետ համախմբման քայլեր են իրականացնում: Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, «Հայրենիք ու պատիվ» միությունը, «Հայաստանի կոմունիստների միություն» կուսակցությունը, Հայաստանի սոցիալ-դեմոկրատական հնչակյան կուսակցությունը, «Սոցուժերի եւ մտավորականների» միությունը երեկ հանդես եկան «Սոցիալիստական Հայաստան» միավորում ձեւավորելու մասին համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես նշված է. «Մենքՙ ներքոստորագրյալ հասարակական-քաղաքական կազմակերպություններս, ընդունել ենք միասնական ծրագիրՙ «Դեմոկրատական սոցիալիզմի ազգային մոդելըՙ նպատակ ունենալով սահմանադրական ճանապարհով օր առաջ պարտության մատնել ներկա սնանկ ռեժիմն ու երկրում հաստատել դեմոկրատական սոցիալիզմի համակարգը: Մենք հայտարարում ենք, որ քաղաքական, հատկապես գաղափարական հակառակորդն ենք այն ուժերի, առաջին հերթինՙ ներկա իշխանությունների, որոնք դավանում են անսահմանափակ ազատական գաղափարախոսությունըՙ նվազագույնի հասցնելով պետության դերը տնտեսության, գիտության, կրթության, մշակույթի, սոցիալական ու հոգեւոր ոլորտներում»:
Ակնհայտ է, որ ի դեմս նորաստեղծ միավորման, ներքաղաքական դաշտում ծնվում է նոր ընդդիմություն, որի առաջ քաշած մի քանի սկզբունքները հիշեցնում են ոչ վաղ անցյալում ձեւավորված եւ իր դարն ապրած հայտնի եռյակին: Իշխանություններից շուտափույթ ազատվելու եւ այդ գործընթացը սահմանադրության շրջանակներում իրականացնելու պնդումները դրա վառ ապացույցն են, որոնք վկայում են նաեւ եռյակում ընդգրկված ուժերի հետ «Սոցիալիստական Հայաստանի» հնարավոր համագործակցության մասին: Պատահական չէ հայտարարությունից անմիջապես առաջ ՀԺԿ-ի հետ ՍՀ-ի ունեցած հանդիպումը, որով առաջին եւ թերեւս ոչ միակ քայլն արվեց փոխադարձ դիրքորոշումներին ծանոթանալու, դրանց միջեւ առանցքներ գտնելու նպատակով:
Սակայն չնայած միտումներին, որոնք հասկանալի են հաջորդ տարի սպասվող ընտրություններին ընդառաջ, «Սոցիալիստական Հայաստանն» էականորեն տարբերվում է արմատական ընդդիմությունից: Առաջին եւ ամենակարեւոր տարբերությունը միավորման կոնկրետ ծրագրով ի հայտ գալն է, որը ցանկացած ընդդիմության հաջողության հասնելու գլխավոր երաշխիքն է: Եվ չնայած դեռեւս հայտնի չէՙ ինչ սկզբունքներով է այն առաջնորդվում եւ որքանով է իրատեսական, սակայն որպես տակտիկական քայլ, ծրագրի ի սկզբանե ներկայացումն իր դրական ազդեցությունն անպայման թողնելու է:
Մյուս կողմից, միավորումը հստակ հայտարարում է եւ հայտարարության տեքստից էլ նույնը կարելի է հասկանալ, որ իրենք «գաղափարական հակառակորդներ են առաջին հերթին իշխանությունների» եւ որպես թիրախ որեւէ մեկի անձն առաջին պլան չեն մղում: Մինչդեռ արմատականների գլխավոր թերությունը հենց դա էր եւ դրա համար էլ տապալվեց:
Գաղափարական հենքի վրա գործունեություն ծավալելու մասին է հաստատում նաեւ փաստը, որ բոլոր ուժերն անխտիր ձախ կողմնորոշման են, եւ միավորումը չեն ստեղծել պահի թելադրանքով, այլ նախապատրաստական լուրջ գործընթացների բովով են անցել:
Ինչեւէ, միավորման ներկայացուցիչները հավաստում են, որ անպայման մասնակցելու են այս տարվա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ինչը նշանակում է, որ միավորումն անվերապահորեն ձեւավորվել էՙ միասնական ուժով խորհրդարանում տեղեր զբաղեցնելու նպատակով: Սակայն առկա է երկու լուրջ գործոն, որոնք գործընթացների որոշակի փուլում զարգանալով կարող են ի չիք դարձնել ձախերի բոլոր երազանքները:
Ընդունած կանոնադրության համաձայն, միավորումը չի առաջնորդվելու որեւէ մեկի կամ ուժի լիդերության սկզբունքով, այլՙ համահավասարության: Ավելին, պարբերաբար հրավիրվող խորհրդի նիստերը նախագահելու են միավորման մեջ ընդգրկված բոլոր ուժերը հերթականությամբ: Այս փաստը, որքան էլ ներկայումս համոզիչ թվա, այնուամենայնիվ, հատկապես նախընտրական փուլում լուրջ խնդիրներ կարող է առաջացնել, եթե հաշվի առնենք քաղաքական ուժերի (այդ թվում եւ միավորման ներկայացուցիչների) լիդերայնության հանդեպ ունեցած թուլությունը: Կանոնակարգային այս դրույթով է թերեւս պայմանավորված, որ Կոմկուսը խուսափում է միավորմանը միանալուց, հասկանալով, որ եթե ընդունի «դաշինքում» հաստատված խաղի կանոնները, ստիպված է լինելու համահարթեցվել մյուսներին: Ի դեպ, Կոմկուսը ստորագրել է հայտարարությունը, բայց որեւէ կերպ ՍՀ-ին չի միացել: Հաջորդ գործոնը, որքան էլ տարօրինակ թվա, շատ ավելի վտանգավոր է: Դա սոցուժերի եւ մասնավորապես Աշոտ Մանուչարյանի ներգրավվածությունն է միավորման կազմում եւ նշանակում է, որ ցանկացած պահի միավորումը փուչիկի նման կարող է պայթել, եթե հանկարծ պրն Մանուչարյանը որոշի մեկ այլ միավորում ստեղծել, ինչի փորձից, համաձայնեք, վերջինս պակաս չունի:
ՍՀ-ի այն հայտարարությունները, որ կանգ չեն առնելու սահմանադրական միջոցների առջեւ ներկայիս ռեժիմը իշխանությունից հեռացնելու համար եւս հավատ չի ներշնչում: Խնդիրն այն է, որ միավորման ներկայացուցիչները հստակ չեն ներկայացնում այն միջոցառումները, որոնցով հնարավոր են համարում իշխանափոխությունը: Դեմկուսի նախագահին ուղղված «Ազգի» հարցին, թե եռյակի ծավալած հանրահավաքային դեմարշի եւ ստորագրահավաքի տապալումից հետո ինչպես է միավորումը պատկերացնում իշխանափոխության իրագործումը, Արամ Սարգսյանը պատասխանեց, թե 2-3 ամիսը քիչ է եզրակացնելու, որ եռյակի ջանքերն օգուտ չեն տվել, եւ որ իրենք պատրաստվում են լայնածավալ երկարաժամկետ գործընթացների, եթե, իհարկե, իրենց չհաջողվի մինչ այդ արտահերթ ընտրությունների հասնել:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ