ՖՐԱՆՍ ԴԸ ՀԱՐՏԻՆԳ Հայաստանում Ֆրանսիայի նախկին դեսպան
Միշտ էլ երախտագիտությամբ ենք հիշելու Հայաստանում օտարերկրյա առաջին դեսպան, մեր հանրապետությունում Ֆրանսիայի նույնպես առաջին դեսպան եւ, դարձյալ, օտարերկրյա դիվանագիտական կորպուսի առաջին դուայեն տիկին Մարի-Ֆրանս դը Հարտինգին: Նրա հետ շփման եւ աշխատանքի պատեհությունն ունեցողների հուշերում նա մնալու է որպես յուրօրինակ միսիոների կերպար, որը ոչ թե քարոզում է, ինչպես շատ ու շատ ուրիշներ, այլ ցույց է տալիս, միաժամանակ ընկալելով եւ յուրացնելով տեղի ընկալումներն, արժեքներն ու արժեչափերը: Վերջինիս ապացույցն է ստորեւ թարգմանաբար լույս տեսնող հոդվածը, որ մեզ տրամադրվել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության կողմից: Հայաստանում 4 տարի (1992-1994 մարտ ամիսներ) ծառայած, այնուհետեւ 2 տարի Ավստրիայում իր երկիրը ներկայացրած եւ այժմ Ֆրանսիայի արտգործնախարարության խորհրդական դիվանագիտուհին շարունակում է խորաչափել մեր երկրի ու ժողովրդի տեղն ու դերն աշխարհի, Եվրոպայի ու տարածաշրջանի խորապատկերում եւ մեզ համար ուսանելի բնորոշումների հանգել:
Ինչո՞ւ Եվրոպայի ծայրամասի այս փոքր երկիրը, անդրկովկասյան այս փոքր անկյունը հետաքրքրում է մեզ այսքան: Իսկապես, մենք երբեւիցե թշնամիներ չենք եղել, դարերի ընթացքում բավականաչափ այցելել ենք մեկմեկու, «չափավոր» ճանաչում ենք իրար ու քարտեզի վրա էլ գիտենք մեկս մյուսի տեղը ցույց տալ: Հայաստանը ոչ մերձավորարեւելյան, ոչ ասիական, ոչ միջերկրական պատկանելություն ունի, ոչ էլ ունեցել է Կենտրոնական կամ Արեւմտյան Ասիայից սերած որեւէ ժողովրդի անցած զարգացմանը նման զարգացում: Արեւելյա՞ն է նա, արեւմտյա՞ն: Մաս կազմո՞ւմ է արդյոք, ըստ 1992-ի ապրիլին Երեւանում Ֆրանսիայի դեսպանատան առաջին թղթակիցներից մեկի նշած հասցեի, Փոքր Ասիայի:
Իրականում ոչ հեռու եւ անմատչելի, ոչ էլ մոտ կամ լրացյալ, ընդամենը փոքր-ինչ հարազատ, կգրավե՞ր արդյոք նա իր մարդկային եւ հոգեւոր հագեցվածությամբ, արհավիրքներով լի պատմությամբ, գոյատեւելու իր բացառիկ ունակությամբ, թե՞ ուշադրություն կգրավեր իր ժամանակակից եզակիության նվազ հաջողված կողմերովՙ չնայած իր այդքան շատ բարեկամների ի սկզբանե գործադրած ջանքերին, ազգային ճակատագիրը կերտելու անձեռնահասությամբ, խնամակալների նկատմամբ ցուցաբերած պատրաստակամությամբ կամ պարզապես անշեջ պահանջով, աշխարհաքաղաքականորեն կողմնորոշվելու հետ կապված բացահայտ տարակուսանքով:
Ավելի մոտիկից Հայաստանին նայելիս, երկու երեւույթ բնորոշում եւ բացատրում են Ֆրանսիայի եւ Հայաստանի կապերի ամրությունը եւ հարստությունը, երկրներ, որոնք մասնավորապես 20-րդ դարում շատ տարբեր եղան: Երեւույթներ, որոնք կոչվում են «վերհուշեր» եւ «խորաթափանցություն»: Երկուսն էլ ածանցյալն են հնդեվրոպական եւ մանավանդ քրիստոնեական ընդհանուր արժեքների նույն աղբյուրի, որոնք ցայսօր ապահովել են նրանց մշտնջենականությունը, գուցե եւ նրանց անթափանցելիությունը:
Վերհուշերը
Դրանցից առաջինը վերաբերում է արվեստի տարբեր ոլորտներին: Մենք կատարելապես հաղորդակցվում ենք հայերի արվեստագիտական ամենատարբեր դրսեւորումներինՙ սկսած ուրարտական արվեստից (Նանտի Դոբրե թանգարանում 1996-ի մարտին կազմակերպված հրաշալի ցուցադրանքը) մինչեւ Դյուսապենի երաժշտությունը, երբ 1995-ին առաջին անգամ հայկական երգչախմբերը ֆրանսիացի երաժիշտների նվագակցությամբ հիանալի կատարեցին Նիոբեի ողբերգությունը Երեւանում: Հնում նույն կրքոտությունն ենք տածել մանրանկարների եւ զարդանկարների նկատմամբ: Ոչ այնքան վաղ անցյալում մեզ ընդհանրացրել են հարգանքն առ գրավոր խոսքը եւ գրականության խթանումը1.
Գեղանկարչության մեր մի շարք դպրոցներ նույնքան արգասաբեր են ընդհանրություններով, որքան հայկական պաշտամունքի վայրերը եւ մեր ժամատներն ու ռոմանական մենաստանները: Ճարտարապետության հայկական դիպլոմները վավերական են Ֆրանսիայում: Քանիցս դրա ականատեսն եմ եղել: Մենք ծափահարում եւ հուզվում ենք նույն պահերին:
Երկրորդ, նույնքան անհերքելի, վերհուշը վերաբերում է ընտանեկան եւ սոցիալական համերաշխությանը, որն, անշուշտ, շատ ավելի լավ է պահպանված Սեւանա լճի, քան Լուարի ավազանի շուրջը: Այս արժեքն ավանդաբար ընդհանրական է, ավաղ, եթե նույնիսկ այստեղ միտված է անկման կամ, համենայն դեպս, թուլանալուՙ խորապես անդեմ սոցիալական քաղաքականության պայմաններում: Հիշարժան հատկանիշ է երեխաների դաստիարակությանը եւ երջանկությանը հատկացված ծայրագույն ուշադրությունը: Հայ մանուկներն աչքի են ընկնում ազատության մեջ ձեռք բերված իրենց հավասարակշռվածությամբ, արտահայտվելու անբռնազբոսիկությամբ եւ մեծերի նկատմամբ հարգալիր զսպվածությամբ2:
Երրորդ վերհուշը մասնակցության ջիղը եւ կուլտուրայի զգացումն արժեքների ստորակարգման մեջ դասելն է: Մենք դեռեւս համարյա նույն նշանակությունն ենք տալիս ընտրախավերի հասկացությանը: Աշխատանքով, անկախ դրա բնույթից, ջանում ենք զարգացնել գեղագիտական, մտավոր, հնարավորության դեպքում նաեւ ստեղծագործական ունակությունները բոլոր բնագավառներում: Մենք գնահատում ենք գերազանցությունը:
Ամենածանրակշիռ վերհուշն ակնհայտորեն քրիստոնեական աղբյուրն է: Այն իր մեջ կրում է ընդհանուր շատ դիրքորոշումներՙ ձգտում դեպի լավը, կիսելու ցանկություն, անձի արժանապատվության հարգում, ճանաչողության փնտրտուք, մի խոսքովՙ քրիստոնեական մարդասիրությունը, անփոխարինելին: Զարմանալի չէ, որ զգում էի, թե որքան լավ էին ինձ ընդունում Էջմիածնի Հայ առաքելական եկեղեցու Մայր աթոռի հանդիսությունների ժամանակՙ լիներ դա ապրիլի 24-ի3 ոգեկոչման արարողություն կամ եկեղեցական մեծ ծիսակատարություն, նույնքան գերված էի ամեն անգամ, երբ հյուրեր էի ուղեկցում Գեղարդ կամ այլ, ավելի հեռու գտնվող վանքեր.
Խորաթափանցություններ
Այն, ինչը «խորաթափանցություններ» եմ անվանում, ավելի նուրբ երեւույթ է: Այն ենթադրում է փոխադարձ խոր ըմբռնման ունակություն, որը, սակայն, մնում է մասնակի: Ուստի վերաբերում է հիմնարար թեմաներին եւ խնդիրներին:
Եթե ազգ հասկացությունը միշտ արտահայտում է գրեթե նույն իմաստը, ապա այդպես չէ պետություն հասկացության պարագայում: Անշուշտ, միասնականացված եւ կենտրոնացնող, նաեւ ժողովրդավարության կոչումով օժտված լինելով հանդերձ, պատմական Հայաստանում այն կրում է ավատատերերի դերակատարման թողած խոր ազդեցությունը: Մշտապես արտերկրում գտնվելովՙ պարսիկ, հռոմեացի, օսմանցի թե ռուս, նրանք մնում էին մեկուսի եւ երբեւէ չեն մարմնավորել ազգային ընդհանրության ձեւավորումը: Նրանք պաշտպանում էին.
Կրոնն անհամեմատ ավելի կարծր շաղախ է Հայաստանում: Եկեղեցու ավագ դուստր Ֆրանսիան կարող է ըմբռնել դրա զորությունը, թեեւ գալլիկանիզմը կարող է նկատել անկախ եկեղեցու նշանակությունը, այդուհանդերձ Ֆրանսիան երբեք եկեղեցին չի համարել ինքնության սկզբունք եւ երբեք նրան չի վստահել իր գոյատեւումն ապահովելու հոգսը:
Նույնպես եւ մարդու իրավունքների, անհատական իրավունքների հարցում, որոնք բոլորս պաշտպանում ենք, կարելի է բավականին տարբեր դիրքորոշումներ բացահայտել: Հայաստանում հավասարության պաշտամունք չեմ զգացել: Քանի որ եղբայրությունը փաստացի նախապես գոյություն ուներ, ազատությունն է մարմնավորել մեծագույն նվաճումը եւ դեռ մարմնավորում է կատարվելիք պարտավորությունը:
Զանազան այս դիտարկումները մեր համատեղ գործողություններին իրենց պահանջներն են թելադրում: Դրանք թերագնահատելովՙ սխալ ճանապարհով կգնանք: Մեծ «բառ-ծրագրեր» («իրավական պետություն» եւ այլն) պիտի «կլիմայավարժեցվեն» եւ ոչ թե ուղղակիորեն ընդօրինակվեն: Կարելի կլիներ նաեւ անտեսել այս խոչընդոտները, թեկուզեւ այսքան շատ վերհուշերի պատճառով, եւ մի փոքր աճապարելով (երբեմն դա նույնիսկ ճիշտ է) եզրակացնել, որ իսկապես, միշտ սպառնալիքի տակ գտնված, միշտ վճռական այս հայերն անտանելի եւ մտերմունակ, հիացմունքի արժանի եւ մոլորության մեջ գցող, դյուրաբեկ եւ համառ, մշտապես պաշտպաններ փնտրող եւ այդուհանդերձ անվերանալի, բնավորությամբ հայցվոր եւ տեւականորեն երախտագետ են.
Հարցին այսպես չպետք է մոտենալ: Ինձ միշտ թվում է, թե Մոնտեսքիոյի բնութագրած իշխող ծարավը ոչ թե նյութական հարմարավետությունն ու հարստությունն է, այլ բարգավաճման երաշխիքը եւ ֆիզիկական ու բարոյական արմատավորումը երկրի բնական միջավայրում: Թող որ մեզանից սպրդած այս միջավայրի մի մասը չփոխի մեր հետաքրքրությունը, օրինակ, Վրաստանի հետ ունեցած կապերի նրբությունը, Ռուսաստանի «կարիքը», իրանական իսլամի մերձավորությունը4:
Այսօր որպես «մակերեսայնորեն ակտիվ» որակվող հայ-ֆրանսիական կապերի հարստության վրա եզրահանումներ կատարելու համար ավելի լավ է Հայաստանում ապրած լինել: Այնտեղ սովորում են հաշվի առնել նրա ժառանգությունները, շրջադարձերը, ակնկալիքները, նրան վերադարձնել իր իսկ սեփական հանճարըՙ իր ստվերներով եւ լույսերով:
Արեւելքից Հայաստանը վաղուց ի վեր փոխառել է բանակցելու եւ ավելի լայն առումով փոխանակելու հմտությունն ու նաեւ հապճեպ, կտրուկ, սահմանափակող եզրակացությունների մերժումը, Ռուսաստանիցՙ գիտության, փիլիսոփայական մտահայեցողականության խորը իմաստությունը, վստահությունն առաջընթացի նկատմամբ, Արեւմուտքիցՙ քրիստոնեական պերսոնալիզմը, հավատը հավաքական եւ անհատական թողության ու հիմնավորված իրատեսության օրինականության նկատմամբ:
Այս բարդությունը, այս գերառատությունը (նույնիսկ Հայաստանի բուսական աշխարհն է տարասեռ), միշտ վիճարկված սահմաններից անդին համարյա հաստատուն այս արտացոլումը կատարելապես բացատրում են գաղթօջախների հետ ունեցած թյուրիմացությունները, որքան էլ մեծահոգի եւ համառ լինեն դրանց անդամները: Բազմամյա բաժանման հետեւանքով դրանցից եւ ոչ մեկը, նույնիսկ ամենամոտ տեղակայվածները, արեւելյաններըՙ իրանական, լիբանանյան, թուրքական, ի վիճակի չէ զուտ հայկական, իսկական սինթեզ կատարել, որտեղից էլՙ թյուրըմբռնումները, տարաձայնությունները, նույնիսկ ձախողումները: Յուրաքանչյուրը կարող է «հարստացնել» իր զրուցակցին, հավաստիացնել իր բարեմասնությունների մեջ: Եթե փորձի, հիմնականում կհաջողի, սակայն միշտ կբարկանա նրա զրկանքներից, նրանից, ինչն ինքը ձեռք է բերել ուրիշ երկրում ապրելով եւ որն ինքն իրավամբ չի գտնում նրանց մոտ, ովքեր բնակվում են վաղնջական հողերի վրա:
Ահա թե ինչու, ինքնին եւ, անկասկած, բավականին երկար ժամանակով, ցանցերի միջով, որոնք տնտեսագետները եւ աշխարհաքաղաքագետները վերաբացահայտում են «ռետիկուլարիզացիա» ճարտար բառով, ներհայկական երկխոսությունն արդեն իսկ քաղաքակրթությունների երկխոսության ամենացայտուն օրինակներից մեկն է:
Որպեսզի տեղն ընդարձակվի այլ քաղաքակրթությունների համար, հարկավոր է օգնել Երեւանին եւ հասկանալ ժամանակակից աշխարհում ներգրավվելու նրա դժվարությունը: Ահավասիկ մի հին քաղաքակրթություն, սակայն երիտասարդ մի ժողովրդավարություն, որը գրեթե միաժամանակ պիտի «պետականացնի» իր տարածքը եւ իր ազգըՙ այն էլ կողմնակի ներխուժումներից խճճված եւ ուրեմն խանգարող տեղական համատեքստում, եւ միաժամանակ Հայաստանից ակնկալվում է կազմակերպել իր մասնակցությունն ընդգրկուն կառույցներում, առանց տեղում դրանց համապատասխան օղակներն ունենալու: Եվ այս ամենը դրամագլուխների, արտադրական ծավալների, շուկաների գլոբալացման, անդրպետական ձեռնարկությունների, սահմանների վերացման, ինքնության մերժողականության, տարածաշրջանային կամ մետրոպոլային բեւեռների առաջացման պահին: Կարճ ասածՙ մի պահի, որը սկսում են անվանել «գլոկալիզացիա» վայրագ տերմինով:
Երկու գործ զուգահեռ վարելն աննախադեպ բարդ խնդիր է: Ոչ թե նրբակերտ ձայնակարգման, ամենաբաց ու ամենատարբեր երկխոսությունների, այլ միանգամայն արտասովոր բազմաձայնության են հրավիրված հայերը. Անշուշտ, առանց իրենց հոգին մթագնելու.
Փարիզ
1. Ապացույցՙ ֆրանսիացի հանրահայտ գրողների հաջողված հայերեն թարգմանությունները:
2. Դպրոցական տոները, անհատական ընդունելություններն ինձ հնարավորություն են տվել ստուգելու դա: Շփոթվածը ես էի.
3. Ազգային սգի օրՙ ի հիշատակ 1915 թ. ցեղասպանության զոհերի:
4. Բերեմ երկու օրինակՙ 1993-ին իրանաբնակ բարձրաստիճան մի հայ հոգեւորական իր այցի ժամանակ կատարյալ ֆրանսերենով ինձ բացատրում էր Թեհրան-Երեւան-Մոսկվա առանցքի տեւականության պատճառները,
- կաթողիկոս Վազգեն Ա-ի հուղարկավորության ժամանակ առաջինն Էջմիածին ժամանած իրանցի հոգեւոր առաջնորդն աղոթք արեց առաջին շարքում, ղպտի, հռոմեական, ուղղափառ եկեղեցիների բարձրաստիճան ներկայացուցիչների կողքին կանգնած: