«Նեզավիսիմայա գազետան» Ալիեւի այցի հաջողությունն է կանխատեսում
Հունվարի 24-27-ը պետական այցով Մոսկվա է ժամանելու Ադրբեջանի նախագահ Հ. Ալիեւը: Ռուսաստանի մայրաքաղաքում Ադրբեջանի վարչապետ Ա. Ռասիզադեի գլխավորած կառավարական պատվիրակությունը ռուս պաշտոնատարների հետ նախապատրաստում էր ստորագրվելիք ռուս-ադրբեջանական համաձայնագրերը: «Կարելի էր կանխատեսել, որ ադրբեջանական կառավարական պատվիրակության այցը Մոսկվա լինելու է բավականին արդյունավետ: Վերջին տարիներին երկու պետությունների միջեւ ապրանքաշրջանառությունը աճ է գրանցում եւ այժմ տարեկան հասնում է 350 մլն դոլարի: Ռուսաստանը Ադրբեջան արտահանումների առումով նույնիսկ առաջ անցավ Բաքվի մերձավոր գործընկերոջիցՙ Թուրքիայից», իր երեկվա հոդվածում գրում է ազդեցիկ «Նեզավիսիմայա գազետան»:
Երկու պետությունների միջեւ տարաձայնությունները հիմնականում վերաբերում են Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի ճակատագրին: «Բաքուն դեմ չէ այս կարեւորագույն ռազմական օբյեկտը տարեկան 2 մլն դոլար վարձակալությամբ փոխանցելու Ռուսաստանին, բայց միաժամանակ պնդում է, որ պայմանագիրը պետք է կնքվի 3-ից 5 տարի ժամկետով: Այս պայմանները Մոսկվային չեն բավարարում, որը ցանկանում է Գաբալայի տերը լինել առնվազն մինչեւ 2020 թ.», գրում է թերթը, ավելացնելով, որ երկու երկրների վարչապետներ Ա. Ռասիզադեին եւ Մ. Կասյանովին հաջողվել է հասնել փոխզիջումներիՙ որոշվել է, որ այս ռազմակայանը համարվելու է Ադրբեջանի սեփականությունը, իսկ վարձակալության ժամկետ է նշվել 10 տարին:
«Դեռեւս վիճելի է մնում Սամուր գետով սահմանի ճշտումների խնդիրը: Ռուսական կողմը կցանկանար հօգուտ իրեն վերանայել գործող համաձայնագիրը եւ ստանալ գետի ջրերի 75 տոկոսն օգտագործելու հնարավորությունը», նշում է թերթը, հավելելով, որ կողմերը դեռեւս համաձայնության չեն եկել նաեւ «Բաքու-Նովոռոսիյսկ» նավթատարով ադրբեջանական նավթի առաքումների պայմանագիրը երկարաձգելու շուրջ:
«Նեզավիսիմայա գազետան» այս ամենով հանդերձ նկատում է, որ երկկողմ հարաբերությունները վերելք են ապրում: Ե՚վ Բաքուն, ե՚ւ Մոսկվան չեն թաքցնում դրանք էլ ավելի խորացնելու ցանկությունը: