Հունվարի 14-ին Հայաստանում Մ. Նահանգների դեսպան Ջոն Օրդուեյը ԹՄՄիության «Պեշկեթյուրյան» կենտրոնում հանդիպում է ունեցել Ռամկավար Ազատական կուսակցության Կալիֆոռնիայի վարչության ներկայացուցիչներիՙ Փանիկ Քեշիշյանի, Վաչե Սեմերճյանի, Վարդգես Գուրույանի, Երվանդ Ակիշյանի, Արա Ահարոնյանի եւ Կիրակոս Մինասյանի հետ: Հանդիպմանը ներկա է գտնվել Լոս Անջելեսում Հայաստանի ավագ հյուպատոս Վալերի Մկրտումյանը:
Դեսպանի հետ հանդիպման նյութ են դարձել Հայաստանին տրվող տնտեսական օժանդակության հարցը, Հայաստանում ժողովրդավարության եւ ազատականության կիրարկման դժվարությունները, ամերիկահայերի նյութական ներդրումների պաշտպանության խնդիրները:
Դեսպան Օրդուեյը հավաստիացրել է, որ Հարավային Կովկասում կայունությունն ու խաղաղությունն առաջնահերթ խնդիր է Վաշինգտոնի համար եւ, հետեւաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումը, բոլոր կողմերի համար ընդունելի համաձայնությունն անհրաժեշտություն է: Ինչ վերաբերում է Բաքվից արձակվող ռազմաշունչ հայտարարություններին, դեսպանը դրանք որակել է «ժամանակավոր աղմկարարություն»: Օրդուեյը հայտնել է, թե Վաշինգտոնը մոտ ապագայում գործադրության է դնելու Հայաստանի հետ ռազմական համագործակցության ծրագրերը, որոնք փոխանակ խանգարելու, ամբողջացնելու են Մոսկվայի հետ Երեւանի ռազմական դաշինքի պարտավորությունները:
Շուրջ մեկ ժամ տեւած հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաեւ Հայաստանում որբ երեխաներին որդեգրելու, սոցիալական առկա դժվարությունները մեղմելու, ինչպես նաեւ կոռուպցիան չեզոքացնելու միջոցները:
Հաջորդ օրը, հունվարի 15-ին Ջոն Օրդուեյը Կալիֆոռնիայում «Հայաստան» համահայկական հիմնադրամի գրասենյակում մամլո ասուլիս է տվել տեղի հայկական լրատվամիջոցների համար: