ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Շինարարություն թույլտվություն ստանալու գործընթացի պարզեցման հարցն արդեն վեց ամիս քննարկվում էր կառավարության համապատասխան օղակներում: Երեկ վերջապես ընդունվեց «Շինարարության թույլտվության պարզեցման կարգը», որն, ըստ քաղաքաշինության նախարար Դավիթ Լոքյանի, այս խնդրի ամբողջական լուծման առաջին փուլն էր նշանակում:
Նախկինում շինարարության թույլտվություն ստանալու համար քաղաքացին պարտավոր էր պայմանագիր կնքել ապագա շինարարական կազմակերպության, ապա տեխհսկիչի, հեղինակային հսկողություն իրականացնող անձի կամ կազմակերպության հետ, իրականացնել փորձաքննություն, ինչի համար պետք է կատարեր համապատասխան վճարումներ: Նկատի ունենալով, որ դա բերում էր ժամանակային կորստի եւ ֆինանսական ծախսերի, մեծացնում էր պաշտոնյաների կամայականությունների հնարավորությունները, նոր ընդունված կարգում այս գործընթացները հանված են: Հիշատակված դժվարությունները, ինչպես նշեց քաղաքաշինության նախարարը, հատկապես սուր էին արտահայտվում Երեւանում, որտեղ շինարարության մեջ ներդրումներ կատարել ցանկացողների մեծ հոսք կա: Ըստ նոր կարգի, նրանք համայնքապետի կամ Երեւանի համար քաղաքապետի հետ համաձայնեցված նախագիծ ունենալու դեպքում, հայտ ներկայացնելուց հետո, կարող են ստանալ համապատասխան շինարարության թույլտվություն:
Դավիթ Լոքյանը տեղեկացրեց, որ այս գործընթացի հաջորդՙ երկրորդ եւ երրորդ փուլերը նախատեսվում են մարտ եւ հունիս ամիսներին: Դրանք վերաբերելու են շինարարության ավարտական ակտի պարզեցմանը եւ «Քաղաքաշինության մասին» օրենքում փոփոխություններ կատարելուն:
Քաղաքաշինության ոլորտի մյուս հարցը վերաբերում էր գյուղական եւ մինչեւ 25 հազար բնակչություն ունեցող քաղաքային բնակավայրերի բնակիչների համար կատալոգների ստեղծմանը: Դրանք պարունակում են 10 տարաբնույթ շինությունների նախագծեր օժանդակ կառույցներով, որոնք բնակիչներին տրվելու են անվճար: Սա նույնպես սոցիալական խնդիր է լուծելու, քանի որ եթե բնակիչն իր նախագիծը փորձաքննության անցկացներ, ապա դա որոշակի գումար կարժենար:
Փորձաքննության մասին կառավարությունը հաստատեց մեկ այլ որոշում եւս: Փորձաքննության անցկացման համար, բացի համապատասխան վճարում կատարելուց, քաղաքացին պետք է 30 օր սպասեր դրա արդյունքներին: Ըստ ընդունված որոշման, անհատական բնակարանաշինության համար 2 հարկ բարձրությամբ եւ 1 հարկ նկուղով շինությունների համար փորձաքննության անցկացումը հանվել է: Նույնը վերաբերում է նաեւ մինչեւ 240 քմ տարածք ունեցող փոքր օբյեկտներին: Փորձաքննությունը չանցկացնելու պատասխանատվությունը թողնվել է նախագծողի վրա:
Այս քայլերը, քաղաքաշինության նախարարի հավաստմամբ, նպատակաուղղված են ինչպես շինարարության իրականացման գործընթացի պարզեցմանը, այնպես էլ ապօրինի շինարարության կանխմանը եւ գույքահարկի վճարումների չափի մեծացմանը: