«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2002-01-16 | #8, 2002-01-17 | #9, 2002-01-18


ԿՈԹՈՂԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԸՙ ԼՈՒՅՍ ՏԵՍԱՎ

Օրմանյանի «Ազգապատումը»

Օրերս Մայր աթոռ Սբ. Էջմիածնի հրատարակությամբ լույս տեսավ Կոստանդնուպոլսի հայոց նախկին պատրիարք Մաղաքիա արք. Օրմանյանի կոթողային աշխատությունըՙ եռահատոր «Ազգապատումը», որը ներկայացնում է «Հայ ուղղափառ եկեղեցւոյ անցքերը սկիզբէն մինչեւ մեր օրերը յարակից ազգային պարագաներով պատմուած», ինչպես արձանագրված է գրքի ենթախորագրում: Իր առաջին հրատարակությունից ի վեր, շուրջ 90 տարի շարունակ այս ստվարածավալ աշխատությունը եղել է Հայ եկեղեցու եւ հայոց պատմության ուսումնասիրողների տեղեկատու ամենավստահելի աղբյուրներից մեկը, ճշգրտության երաշխավորը: Ավելին, Օրմանյան սրբազանի աշխատությունը հանդիսանում է Հայ եկեղեցու պատմական ժառանգության վկայարանն ու վեմը, խորապես ազգային եւ ազգահաստատ նկարագրով:

Գիրքն առաջին անգամ է լույս տեսնում Հայաստանում (2-րդ հրատարակությունն իրականացրել է Սիմոն Սիմոնյանը Բեյրութում, 1959 թ., Տաճատ Սրապյանի մեկենասությամբ), հետեւաբար հայրենի ուսումնասիրողներին եւ հասարակությանը ցարդ մնում էր գրեթե անմատչելի:

Գրքի 3-րդ հրատարակության առթիվ իր հայրական խոսքն է արձանագրել Ամենայն հայոց հայրապետ Գարեգին Բ կաթողիկոսը, առաջաբանը գրել է Մայր աթոռի միաբաններիցՙ Երեւանի պետհամալսարանի աստվածաբանության ֆակուլտետի դեկան Շահե արք. Աճեմյանը, իսկ եռահատորյակի ծախսալից տպագրության մեկենասությունը ստանձնել է ԱԼՄ հոլդինգի նախագահ Տիգրան Կարապետյանը:

Առաջիկա օրերին տեղի կունենա գրքի շնորհանդեսը:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4