ՀՀ մաքսային պետական կոմիտեի աշխատակիցները Երեւանի երկաթուղային կայարանում վերջերս հայտնաբերել են մեծ քանակությամբ չմաքսազերծված սննդամթերք, որը Երեւան-Թբիլիսի գնացքի ութ ուղեւորներ մաքսային հսկողությունը շրջանցելով, փորձել են ներկրել հանրապետություն: Այրումի մաքսային կետում չհայտարարագրված 5 մլն 119 հազար դրամ արժողությամբ 378 կգ ձկնեղենը, 42 արկղ մարգարինը, 4 արկղ ձկան պահածոն եւ տարբեր տեսակի այլ սննդամթերք հայտնաբերվել են Երեւանում կատարված մաքսային կրկնակի զննման ժամանակ: Մաքսային կանոնները խախտած ութ առեւտրականները ենթարկվել են վարչական տույժի:
Առեւտրով զբաղվող եւս երկու քաղաքացիՙ Էդուարդ Մանուկյանը եւ Գոհար Վարդերեսյանը, փորձելով խուսափել մաքսային վճարումներից, «Զվարթնոցի» մաքսատանը չեն հայտարարագրել Իրանից ներկրած 8 մլն 191 հազար դրամ արժողությամբ 210 կաշվե բաճկոնները, 408 կգ պոլիէթիլենային տոպրակները եւ կահույքը: Էդուարդ Մանուկյանի եւ Գոհար Վարդերեսյանի վերաբերյալ նյութերն ուղարկվել են նախաքննության:
Լոս Անջելես-Ամստերդամ-Երեւան չվերթի ուղեւոր Աիդա Դույնամալյանը փորձել է առանց հայտարարագրելու ներկրել 3 մլն 7 հազար դրամ արժողությամբ հագուստ: Աիդա Դույնամալյանի վերաբերյալ նյութերը եւս ուղարկվել են նախաքննության:
Հայտնաբերվել են նաեւ չհայտարարագրված 844 հազար դրամ արժողությամբ 408 կգ պոլիէթիլենային տոպրակներ, 1260 էլեկտրական լամպ, կտորեղեն եւ սպասք:
ՀՀ ՄԱՔՍԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ԼՐԱՏՎԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ