Կառավարության լրատվական ծառայության պետ Մերի Հարությունյանից երեկ տեղեկացանք, որ վերակազմավորվել է ՀՀ կառավարությանն առընթեր գրահրատարակչության եւ տեղեկատվության վարչությունը: Մշակույթի, սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում ստեղծվել է գրահրատարակչության գործակալություն, որի ղեկավարը դարձյալ Էդվարդ Միլիտոնյանն է: Իսկ տեղեկատվության ոլորտի այս կամ այն պետական մարմնի կողմից տնօրինման հարցը կորոշվի առաջիկայում:
Լրատվական ծառայության պետը նաեւ տեղեկացրեց, որ երեկ կառավարության նիստին առաջին անգամ մասնակցում էր նորաստեղծ Քաղաքացիական ծառայության խորհրդի նորանշանակ նախագահ, նախկինում «Միասնություն» խմբակցությունը ներկայացնող ԱԺ պատգամավոր Մանվել Բադալյանը: