Սահմանադրական շոուն շարունակվում է
Սահմանադրության խորհրդարանական նախագծի վերաբերյալ հայտնի հնգյակի ներկայացրած դրական եզրակացության նախագիծը շատ ավելի ԱԺ-ում ստեղծված հանձնաժողովի վզին պարան կապելու միջոց էր, քան կոնկրետ եզրակացություն: Դրանով էր պայմանավորված, որ նախաձեռնող հնգյակը թաքուն շատ լավ հասկանում էր, որ հանձնաժողովն, ի դեմս հանրապետականների եւ յուրայինների, նման կապանքներ հանդուրժել չէր կարող, ուստի եզրակացության նախագիծը դատապարտված էր: ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն այդ մասին խոստովանեց այն ժամանակ միայն, երբ քվեարկության դրված նախագիծը պարզապես չընդունվեց. «Մեր քաղաքական ուժերը սովոր են շաբաթը մեկ փոխել իրենց կարծիքը, եւ երբ հարցնում ենՙ ո՞րն է պատճառը, վերացական պատասխան են տալիս: Որ մերժվելու էր հանձնաժողովի մակարդակով այս նախագիծը, ոչ մի կասկած չէր հարուցում»:
Խնդիրը, սակայն, ոչ այնքան նախագծի չընդունման մեջ էր, որքան այն թատրոնի, որ ստեղծվել էր հանձնաժողովումՙ քվեարկությունից առաջ: Հնգյակի ակնկալիքները, թե նախագիծը գոնե նախքան քվեարկությունը կքննարկվի, այդպես էլ իրականություն չդարձան: Երկար-բարակ վիճաբանությունից հետո, որի ընթացքում Արշակ Սադոյանը հնարավորություն ունեցավ ցույց տալու ձայնի ողջ բարձրությունը, հանձնաժողովի նախագահ Տիգրան Թորոսյանը նախագծի վերաբերյալ դրական կամ բացասական եզրակացություն տալու մասին հարցը դրեց քվեարկության եւ 7 կողմ, 5 դեմ հարաբերակցությամբ մերժվեց: Հետաքրքրականն այն էր, որ Հրանտ Խաչատրյանը, որը նախորդ նիստի ժամանակ կտրուկ հայտարարեց քննարկում չանցկացնելու դեպքում որոշակի քայլեր ձեռնարկելու վճռականության մասին, քվեարկությանն ընդհանրապես չմասնակցեց: Իր նման դիրքորոշումը ՍԻՄ նախագահը բացատրեց. «Մեր որոշակի պնդումներից հետո կանոնակարգի խախտումներ, իհարկե, չեն արվել: Խոսքը վերաբերում է միտումներին: Այս ամենը, որպես տեխնոլոգիա, կարելի էր կատարել ավելի սահուն, բայց օրինակ են վերցնում հանրապետության նախագահից: Շատ հանգիստ, առանց լարվածություն մտցնելու կարող էին մեր նախագիծը մերժել: Իսկ ես սկզբունքորեն նման ձեւով կատարվող քվեարկություններին երբեք չեմ մասնակցում»:
Հակադիր թեւի հանձնաժողովականների միտումըՙ եզրակացությունը քննարկման չներկայացնել, ակնհայտ էր: Անուղղակի կերպով այդ մասին վկայեց նաեւ «Ժողովրդական պատգամավոր» խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը, որը քվեարկությունից անմիջապես հետո տարածեց մի «փաստաթուղթ», որով հիմնավորում էր խորհրդարանական կառավարման համակարգիՙ իրենց համար անընդունելիությունը: Այն, ըստ էության, հնգյակի նախագծի հանդեպ բացասական եզրակացություն էր, որը, սակայն, ուշադրություն դարձնենք, որպես այլընտրանք հանձնաժողովի քննարկմանը չներկայացվեց: Եթե խմբի ղեկավարն այդ փաստաթուղթը շրջանառության դներ քվեարկությունից անմիջապես առաջ, ապա երկու եզրակացության տեքստերն էլ (այդ թվում եւ Շավարշ Քոչարյանի նախորդ նիստի ընթացքում ներկայացրածը) անխուսափելիորեն քննարկվելու էին: Այս տակտիկական քայլը միանգամից երկու նպատակակետի հասավ, նախՙ քննարկումը չկայացավ, երկրորդՙ դրանով «Ժողպատգամավորը» փորձ արեց հիմնավորել իր դիրքորոշումը:
Թերեւս կարեւորն այդ պարագայում այն չէրՙ որքանով խմբին դա հաջողվեց: Այն արվեց խմբի անկախությունը ցուցադրելու հեռանկարով եւ ըստ էությանՙ հաջողվեց: Հակառակ դեպքում մյուս ճամբարի ներկայացուցիչները չէին պնդի, թե հանձնաժողովի 6 մյուս դեմ արտահայտված պատգամավորները չկարողացան հիմնավորել իրենց մոտեցումները, քանի որ քվեարկության համար հաշվետու են...
Այս ամենը սակայն չխանգարեց հնգյակին ցույց տալու, որ իրենք ստեղծված իրավիճակի հետ հաշտվել չեն ուզում: Չնայած այդ ամենը շատ ավելի փրփուրներից կախվել էր հիշեցնում, այնուամենայնիվ, հնգյակի անդամները քվեարկությունից հետո սկսեցին բողոքել, թե որքանո՞վ էր արդարացի դեռեւս նախագահի ներկայացրած սահմանադրության նախագիծը չքննարկած, եզրակացության մասին որոշում ընդունելը: Ավելին, Շավարշ Քոչարյանն անգամ հայտարարեց, թե քանի որ իրենք սահմանադրության նախագիծը ներկայացրել են գործողի հետ համեմատության մեջ, ուրեմն եզրակացությանը դեմ արտահայտվողներն անուղղակի գործող սահմանադրության կողմնակիցներն են: Ի դեպ, հնգյակի շրջանակներից եւ ոչ մեկի մտքով մինչեւ քվեարկությունը չէր էլ անցնում հանկարծ երկու նախագծերի վերաբերյալ եզրակացություն ներկայացնելու մասին առաջարկություն անել: Ընդհակառակը, Շավարշ Քոչարյանն անգամ առաջարկում էր իրենց նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ անցկացնել: Մերժվեց:
Ինչ է սպասում հանձնաժողովի հետագա քվեարկություններին, պատկերն աստիճանաբար ամբողջական է դառնում: Սակայն դա տեղի է ունենում մարդկանց նյարդերի հաշվին: Ինչպես ասում ենՙ շոուն շարունակվում է:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ