«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2002-01-16 | #8, 2002-01-17 | #9, 2002-01-18


ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԸ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ԶԲԱՂՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Գյումրի քաղաքի աշխատանքային ռեսուրսների եւ բնակչության զբաղվածության պատկերը, դրա 1990-2000 թթ. դինամիկան ներկայացնող բավականին հարուստ նյութ է պարունակում գիտաշխատողներ Համլետ Սարգսյանի եւ Արտաշես Բոյաջյանի ուսումնասիրությունը, որը տպագրվել է Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոնի գիտական աշխատությունների հերթականՙ երրորդ ժողովածուում: Նույն հեղինակներն ավելի վաղ վերլուծել էին քաղաքի ընդհանուր ժողովրդագրական իրավիճակը, որին եւս «Ազգը» ժամանակին անդրադարձել է: Նման ուսումնասիրությունների նշանակությունը դժվար է գերագնահատել երկրի տարածքային քաղաքականության մշակման, տվյալ դեպքումՙ հանրապետության կարեւոր ռազմավարական կենտրոն Գյումրու զարգացման ուղենշման գործում:

Հետազոտողների վկայությամբ, խորհրդային տարիներին Հայաստանում աշխատանքային ռեսուրսներ համարվում էին 16-59 տարեկան աշխատունակ տղամարդիկ եւ 16-54 տարեկան կանայք: Հայաստանի Հանրապետությունում այդ թիվը հասցված է տղամարդկանց համար մինչեւ 63, կանանց համարՙ 58 տարեկանի: Աշխատունակ տարիքի սանդղակի ներկայիս այդպիսի բարձրացումը հանրապետության պետական այրերը բացատրում են... կյանքի միջին բարձր տեւողությամբ: Վիճակագրության նախարարության 2000 թ. պաշտոնական տվյալներով, որոնք վկայակոչում են հոդվածագիրները, կանանց համար կյանքի սպասելի տեւողությունը 78 տարի է, իսկ տղամարդկանց համարՙ 72, այն դեպքում, երբ ՄԱԿ-ի 1995 թ. «Մարդկային զարգացման զեկույցում» բնակչության կյանքի սպասելի տեւողությունը 71,2 տարի է, ընդ որում կանանց համարՙ 74,4, իսկ տղամարդկանց համարՙ 67,9 տարի: Հոդվածագիրների կարծիքով վերջին տվյալներն իրականությանն ավելի մոտ են: Այլ բան է բնակչության կազմում տարիքային խմբերի տոկոսային հարաբերակցության փոփոխությունը, մասնավորապես Գյումրիում աշխատունակից բարձր տարիքի բնակչության տեսակարար կշռի նկատելի ավելացումը: Ըստ հետազոտության մեջ բերված տվյալների, քաղաքում կենսաթոշակառուները 1982 թ. կազմում էին 11 տոկոս, 2000 թ.ՙ բնակչության ընդհանուր վիճակագրական թվի 14,7, իսկ առկա թվի 22,5 տոկոսը: Հոդվածի հեղինակների կարծիքով, բնակչության «ծերացման» այս միտումը մեզանում պայմանավորված է աշխատունակ բնակչության զանգվածային արտագաղթով: Իրենց հաշվարկներով, վերջին տասը տարիների ընթացքում Գյումրուց արտագաղթողների թիվը հասնում է մոտ 90 հազարի, որից 72,6 հազարը աշխատունակ տարիքի է:

Ինչպես ասվեց, աշխատանքային ռեսուրսները կազմում են բնակչության աշխատունակ մասը: Հոդվածում 2000 թ. վերջին Գյումրու առկա բնակչության թիվը հաշվարկված է 138 հազար մարդ, որից աշխատունակ բնակչությունըՙ 65,6 հազար կամ 47,5 տոկոս: Տնտեսության տարբեր ոլորտներում ներգրավված է առկա բնակչության ընդամենը 14,5 տոկոսը: Իսկ ահա աշխատունակ բնակչության մոտ կեսը (44,2 տոկոս) գործազուրկներ են, որը բոլոր ռեկորդներն անցնող հույժ տագնապալի ցուցանիշ է: Ճիշտ է նշվում, որ յուրաքանչյուր երկրում գործազուրկների մեծ թիվը զգալի վնաս է հասցնում ոչ միայն բնակչության կենսամակարդակին (կավելացնենքՙ նաեւ տվյալ հասարակության կենսագործունեությանը), այլեւ պետությունից լրացուցիչ զգալի ծախսեր են պահանջվում սոցիալական լարվածությունը մեղմելու համար: Ուսումնասիրության մեջ առանձին աղյուսակով ներկայացվում է Գյումրու աշխատունակ բնակչության եւ գործազուրկների թվի փոփոխության շարժընթացը 1992-2000 թթ.: Աղյուսակից երեւում է, որ 1992 թ. քաղաքի աշխատունակ բնակչության թիվը 129 հազար է, իսկ գործազուրկների թիվըՙ չորս հազար: Հետագա տարիներին հանրապետությունում իրականացվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը եւ մյուս հայտնի պատճառները հանգեցրին նրան, որ 2000 թ. քաղաքում աշխատունակ բնակչության թիվը գրեթե երկու անգամ պակասել էր, իսկ գործազուրկների թիվըՙ աճել 7,2 անգամ: 1992-2000 թթ. Գյումրու աշխատունակ բնակչության եւ գործազրկության շարժը բաժանելով երեք փուլերի, հոդվածի հեղինակները մասնավորապես երկրորդ փուլում (1995-97 թթ.) նման կտրուկ շրջադարձերը հիմնականում բացատրում են քաղաքի արդյունաբերական ձեռնարկությունների սեփականաշնորհմամբ: Որպես օրինակ նշվում է, որ Գյումրու հրուշակեղենի կոմբինատում մինչ Սպիտակի երկրաշարժը աշխատողների թիվը 177 էր, 1996 թ.ՙ նախքան ձեռնարկության մասնավորեցումը, 77, իսկ ահա 2000 թ. այստեղ աշխատում էր ընդամենը 13 մարդ, որից վեցը ինժեներատեխնիկական աշխատողներ էին:

Հ. Սարգսյանի եւ Ա. Բոյաջյանի տվյալներով, Շիրակի մարզում վերջին 13 տարիների ընթացքում արդյունաբերության մեջ աշխատողների թիվը նվազել է 8,7 անգամ: Եվ ներկայումս այդ ոլորտում զբաղված է Գյումրու առկա բնակչության 3,7, իսկ ընդհանուր բնակչության 2,7 տոկոսը: Համեմատության համար նշվում է, որ այդ թիվը 1987 թ. մոտ 23 տոկոսն էր: Բերված մեկ այլ աղյուսակից իմանում ենք, որ ամբողջ մարզում միայն 2000 թ. արդյունաբերության մեջ աշխատողների թիվը նվազել է 1420 մարդով, կրթության ոլորտումՙ 271-ով եւ կառավարման ապարատումՙ 79-ով: Առողջապահության բնագավառում նվազում չի եղել: Եվ միայն շինարարության մեջ աշխատողների թիվն է ավելացել 934-ով, ինչը բացատրվում է այդ բնագավառում աշխատանքների ակտիվացմամբ: Իսկ ահա կրթության ոլորտում այսօր առաջնահերթ խնդիր է համարվում նաեւ տղամարդ մանկավարժներով դպրոցի համալրումը: Քաղաքի մանկավարժական համակազմի մոտ 80 տոկոսը, ինչպես նշվում է, կանայք են:

Ի մի բերելով Գյումրու բնակչության 1990-2000 թթ. աշխատանքային ռեսուրսների կառուցվածքի ուսումնասիրությունը, գիտական հոդվածի հեղինակները եզրակացնում են, որ ներկայումս նոր աշխատատեղերի ստեղծումը եւ զբաղվածության արդյունավետ կազմակերպումը անհետաձգելի ու հրատապ խնդիր է քաղաքում, ինչպես նաեւ ամբողջ մարզում: Բարձիթողի վիճակը, ըստ հոդվածագիրների, կարող է հանգեցնել նրան, որ մոտակա տարիներին քաղաքի առկա բնակչության թիվը կնվազի եւս մեկ երրորդով: Թվում էՙ սա այն նվազագույնն է, որ նման պարագայում կարող է տեղի ունենալ:

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4