«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2002-01-16 | #8, 2002-01-17 | #9, 2002-01-18


ԱՆՋԱՏՎՈՒՄ Է ՆԱԵՎ ԲԱՐԵԽԻՂՃ ՍՊԱՌՈՂԻ ԳԱԶԸ

Գազի կորուստներն արդեն տեւական ժամանակ դարձել են անջատումների հիմնական պատճառ: Պայքար սկսելով «ձախ» գազանցումների եւ կորուստների դեմ, Գավառի գազամատակարարման մասնաճյուղն առանձին թաղամասերում գազատար խողովակները դարձրեց բացօթյա, որպեսզի կարողանա վերահսկել: Սակայն մեկ-երկու օրից հետո այդ տարածքներում նորից դադարեցվել է գազամատակարարումըՙ դարձյալ կորուստների պատճառաբանությամբ: Եթե հողի տակ գտնվող խողովակաշարերից բնակիչը կարող էր գազ գողանալ, եւ արդարացվում էր կորուստների պատճառաբանությունը, ապա վերգետնյա խողովակաշարերի առկայության պայմաններում զարմանալի է նույն պատճառաբանությունը: Գավառի գազամատակարարման մասնաճյուղի տնօրենի տեղակալ Յուրի Զախարյանի հետ մեր հեռախոսազրույցից պարզվեց, որ բացօթյա խողովակաշարերը սնվում են մեկ ուրիշ թաղամասի ստորգետնյա խողովակաշարերի հետ, որտեղ դեռեւս կորուստներ կան: Փաստորեն անխափան գազամատակարարումը երաշխավորվում է այն ժամանակ, երբ բոլոր խողովակաշարերը կլինեն վերգետնյա: Իսկ դա երբ կլինիՙ հայտնի չէ: Հայտնի է միայն, որ ցրտաշունչ ձմռան կեսին բնակիչներին ստիպեցին կատարել ֆինանսական ծախսերՙ վերգետնյա խողովակաշար անցկացնելու համար, եւ խաբեցին:

Այդպես էլ չի կիրառվում անհատական կամ թաղային մոտեցումը, եւ բարեխիղճ բաժանորդը շարունակում է տուժել գողացված գազի կամ գազամատակարարման պատասխանատուների անճարակության պատճառով:

Տ. ՀԱԿՈԲՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4