Հաջորդ խնդիրը դրա արդյունքը ժողովրդին հասցնելն է
2001 թ. հունվար-նոյեմբերի պաշտոնական վիճակագրության տվյալներն ավելորդ անգամ ապացուցում են, որ Հայաստանի տնտեսական զարգացման թեկուզ դանդաղ ընթացքն արդեն իրողություն է: Իր գոյության 10 տարիների ընթացքում համախառն ներքին արդյունքի, արտահանման ծավալների նման աճ, վերջինիս որակական նման փոփոխություններ, առեւտրային բացասական հաշվեկշռի նվազում չեն արձանագրվել:
Իհարկե, անցյալ տարվա պատկերն ավելի լիարժեք կլինի դեկտեմբերի տվյալների ընդգրկմամբ, որն առայժմ ամփոփման փուլում է, սակայն 11 ամիսների ցուցանիշներն արդեն իսկ բավարար են հիշյալ եզրակացությանը հանգելու համար:
Այսպիսով, այս տարվա 11 ամիսներին համախառն ներքին արդյունքն աճել է 9,1 տոկոսով եւ գերազանցել է 1 տրիլիոն դրամը: Ընդ որում, այդ աճի մի զգալի մասն ընկնում է տնտեսության իրական հատվածին: Արդյունաբերական արտադրանքի ծավալն (առանց էներգետիկայի) աճել է 7,2 տոկոսով: Այս ցուցանիշներն իրենց անդրադարձն են ունեցել նաեւ արտաքին առեւտրի բացասական հաշվեկշռի նվազման եւ արտահանման ավելացման վրա: Հունվար-նոյեմբերին արտահանվել է 306 մլն դոլարի արտադրանք, որը 15,6 տոկոսով ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Անցյալ տարի այդ թիվը շուրջ 265 մլն դոլար էր: Ավելին, 2001 թ.-ի 11 ամիսների ընթացքում արտահանված արտադրանքի ծավալը գերազանցել է 2000 թ.-ի արտահանման տարեկան, ի դեպ, նախորդ տարիների համեմատ դարձյալ աննախադեպ բարձր ցուցանիշը (297,5 մլն դոլար):
Աճել է ինչպես ԱՊՀ, այնպես էլ ոչ ԱՊՀ երկրներ արտահանումը: Հայկական ապրանքների սպառման հիմնական շուկաներն են Ռուսաստանը (51 մլն դոլար), Եվրամիության երկրները (80 մլն դոլար) եւ մասնավորապես Բելգիան (43 մլն դոլար): Բնականաբար, Եվրամիություն առաքվող հիմնական արտադրանքն ադամանդն է, որտեղից ստացվում է նաեւ ալմաստի հումքը: Ադամանդագործության հետ է կապված նաեւ այն փաստը, որ Հայաստանը դրական առեւտրային հաշվեկշիռ ունի Բելգիայի (6 մլն դոլար) եւ Իսրայելի (5 մլն դոլար) հետ: Վերջինիս հետ նման արդյունք ունենալը թերեւս «Շողակն» գործարանիՙ իսրայելական LLD ընկերության կողմից ձեռքբերման եւ կանոնավոր գործունեության շնորհիվ է եղել: Աննշան դրական հաշվեկշիռ ունենք նաեւ Թուրքմենստանի, Ղազախստանի եւ Բելառուսի հետ:
Արտաքին առեւտրի ընդհանուր հաշվեկշիռը շարունակում է բացասական մնալ: Սակայն այդ տարբերությունն անցյալ տարվա հունվար-նոյեմբերին նվազել է 7,5 տոկոսով: Ներմուծումն այդ ընթացքում կազմել է շուրջ 789 մլն դոլար, որը գրեթե համապատասխանում է 2000 թ.-ի նույն ժամանակահատվածի ներմուծմանըՙ մոտ 787 մլն դոլար: Աշխարհագրական առումով պատկերը նույնն է: Ամենից շատ ապրանք Հայաստանը ներմուծում է Ռուսաստանից (154 մլն դոլար) եւ Եվրամիության երկրներից (230 մլն դոլար): Նվազել են մեր անմիջական հարեւաններիցՙ Թուրքիայից եւ Իրանից ներմուծվող ապրանքները: Առաջին դեպքում կազմում է 30 մլն դոլար, որն ընդհանուր ներմուծման 3,8 տոկոսն է: Երկրորդի դեպքումՙ 70 մլն դոլար, ընդհանուրի 9 տոկոսը: Ընդհանրապես, ոչ ԱՊՀ երկրներից ներմուծումը նվազել է մոտ 36 մլն դոլարով, իսկ ԱՊՀ երկրներից աճելՙ շուրջ 38 մլն դոլարով:
Ինչպես արդեն նշվեց վերեւում, արտահանման կառուցվածքը եւս փոփոխություններ է կրում: Բացի մշակված եւ անմշակ ալմաստից, թանկարժեք մետաղի ջարդոնից եւ ոսկերչական իրերից, որոնք շարունակում են գերակշռել արտահանման ընդհանուր ծավալում (մոտ 36 տոկոս), զգալիորեն ավելացել է սննդարդյունաբերության ապրանքների (77 տոկոսով), սարքերի եւ ապարատների (3 անգամ), պլաստմասսայե իրերի (45 տոկոսով) արտահանումը: Սննդարդյունաբերությունը բարձրացել է երկրորդ տեղն արտահանման ընդհանուր ծավալում իրենից հետ թողնելով ոչ թանկարժեք մետաղների եւ դրանից պատրաստված իրերի ոլորտը: Անցյալ տարի, սակայն, նվազել է մեր տնտեսության ավանդական ճյուղերից մեկիՙ քիմիական արդյունաբերության արտադրանքի արտահանումը, ինչը թերեւս «Նաիրիտի» անկանոն աշխատանքի հետեւանքն է: Սա, կարծում ենք, մտահոգության լուրջ առիթ պետք է լինի ոլորտի պատասխանատուների եւ ընդհանրապես կառավարության համար:
Ներմուծման ծավալում շարունակել են գերակշռել սննդամթերքը (24,4 տոկոսը) եւ հանքահումքային արտադրանքը (21,6 տոկոս): Անցած տարվա 11 ամիսներին շուրջ 4 անգամ աճել է կաշվե հումքի եւ դրանից պատրաստված իրերի, 2,4 անգամ սարքերի եւ ապարատների եւ 27 տոկոսով նվազել մեքենասարքավորումների, 10 տոկոսով թանկարժեք մետաղների, քարերի եւ դրանցից պատրաստված իրերի ներմուծումը:
Սրանք փաստեր են, որոնք, անկախ քաղաքական կողմնորոշումից, հնարավոր չէ շրջանցել կամ չնկատել: Սակայն երկրի նախագահի եւ կառավարության առջեւ դրված է հաջորդ կարեւոր խնդիրըՙ տնտեսական աճի արդյունքները ժողովրդին հասցնելը: Այս հարցում, ավաղ, հաջողությունների մասին խոսելու առիթ դեռեւս չկա:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ -