«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2002-01-16 | #8, 2002-01-17 | #9, 2002-01-18


ՆՈՐՕՐՅԱ ՎԱՇԽԱՌՈՒՆԵՐԸ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԵՆ ԶԱՎԹՈՒՄ

Բաց նամակ ՀՀ գլխավոր դատախազ պարոն Արամ Թամազյանին

Հրապարակելով ՀՀ գլխավոր դատախազին եւ ընդհանրապես արդարադատության բոլոր մարմիններին ուղղված այս նամակը, խմբագրությանս նպատակն է պայքարել նմանօրինակ խարդախությունների դեմ, որոնց զոհ են գնում մեր բազմաթիվ համաքաղաքացիներ Երեւանում եւ հանրապետության այլ վայրերում: Օգտվելով մարդկանց չիմացությունից, ֆինանսական ծանր վիճակից եւ անպաշտպանվածությունից, մերօրյա վաշխառուները հաճախ խաբում-կողոպտում-զրկում են նրանց վերջին ունեցվածքիցՙ խնայողություններ, ոսկեղեն, ավտոմեքենա եւ բնակարան: Հետեւաբար, նման պարագաներում գտնվող մեր հայրենակիցներին կոչ ենք անում իրենց ունեցած համապատասխան փաստաթղթերով ներկայանալ խմբագրությունՙ իրենց բողոքներն ուսումնասիրելուց հետո դրանք հրապարակելու եւ համապատասխան մարմինների ուշադրությանը ներկայացնելու համար:

Գտնվելով ծանր ֆինանսական վիճակում, բազմաթիվ ընտանիքներ տարբեր նպատակներով տոկոսով փող են վերցնում: Հաճախ տոկոսով փող վերցնում են ոչ թե բանկերից, այլ առանձին անհատներից, չգիտակցելով, որ դրանով իրենք կարող են թակարդի մեջ ընկնել:

Այժմ Երեւանում գործում են խմբեր, ովքեր օգտվելով բնակչության ծանր ֆինանսական վիճակից, դյուրահավատությունից եւ օրենքների չիմացությունից, տոկոսով փող տալու անվան տակ խլում ու յուրացնում են բնակարաններն ու ավտոմեքենաները, ոսկեղենն ու տան կահույքը:

Արդեն մամուլում տպագրվել են հոդվածներ, թե ինչպես են ՀՀ ՆԳՆ ԿՀԴՊ վարչությունը եւ ՀՀ դատախազությունը բացահայտել այդպիսի դեպքեր: Սակայն դեռեւս չբացահայտված դեպքերը բազմաթիվ են, որովհետեւ տոկոսով փող տվողներն այնքան են մասնագիտացել իրենց բնագավառում, որ հաճախ նրանց բացահայտելը բազմաթիվ դժվարությունների հետ է կապվում:

Տոկոսով փող տվող եւ ուրիշի բնակարաններ զավթողներից են նաեւ Սվետա Պետրոսյանն ու նրա որդի Արմեն Վարդանյանը (Հասցենՙ Հովնաթան 13, բնկ. 10, Անդրանիկի 93, բնկ. 10, հեռ. 77-63-30), Համլետ Վարդանյանը եւ նրա կին Շուրա Վարդանյանը, Աշոտ Վարդանյանըՙ նրանց տղան, Վարդան Վարդանյանըՙ նրանց մյուս տղան, Աիդա Զարինյանը (հարսը), (հասցենՙ Շահումյան 30 փ., բնկ. 9, հեռ. 34-45-22):

Այս մարդիկ իրենց խարդախ գործում միշտ արդյունքի են հասել եւ բազմաթիվ մարդկանց զրկել են բնակարանից, որովհետեւ լավ են ուսումնասիրել գործող օրենսդրությունը, գտել են այն շրջանցելու ուղղությունները: Նրանք բնակարանների առք ու վաճառքը միեւնույն մարդու անունով երբեք չեն ձեւակերպում, տոկոսի գումարները վերցնելուց երբեք ստացական չեն տալիս եւ նույն անձի հետ մի քանի անգամ գործարք չեն կատարում: Դատարանում էլ հայտարարում են, որ իրենք ոչ թե տոկոսով փող են տվել, այլ բնակարան են գնել, իսկ վաճառողը բնակարանը կամավոր չի ազատում: Մինչդեռ իրենք չեն կարողանում հիմնավորել, թե որտեղի՞ց են իմացել այդ բնակարանի վաճառելու մասին եւ ի՞նչն է պատճառը, որ վաճառողը կամավոր բնակարանը չի ազատում:

Մինչեւ տոկոսով փող տալը նաեւ իրենց ապագա «զոհին» են ուսումնասիրում եւ երբ համոզվում են, որ հետագայում պրոբլեմներ չեն ունենալու, նոր միայն գործարքի մեջ են մտնում:

Նախկինում մենքՙ սույն դիմումի հեղինակներս, միմյանց չենք ճանաչել եւ մեր գլխին եկած դժբախտությունն է մեզ միավորել:

2001 թ. հոկտեմբերին մենք Ձեզ դիմել էինք, սակայն նշված անձանց քր. գործի հարուցումը մերժվել էՙ հանցադեպի բացակայության պատճառաբանությամբ:

Այժմ մեզ մոտ նոր փաստեր են հավաքվել, որ այդ մարդիկ մեզանից բացի խլել են նաեւ այլ անձանց բնակարաններն ու ավտոմեքենաները եւ դատարանների միջոցով նրանց վտարել բնակարաններից:

Անհանգստանալով մեր բնակարանները կորցնելու սպառնալիքից, հանգամանքները միավորել են մեզ, սկսել ենք հավաքել փաստեր:

Արդեն պարզված է, որ Աշոտ Վարդանյանը ՆԳ համակարգի աշխատակից է եւ իր վկայականն օգտագործելովՙ պարծենում է, որ իրենց դեմ խաղ չկա: Սվետա Պետրոսյանի քրոջ աղջիկը (Նառան) նույնպես աշխատում է Երեւանի ՆԳ վարչությունում եւ հասել է նրան, որ մեր դիմումը վարչությունում ընթացք չի ստացել: Հայտնի է դարձել նաեւ, որ խարդախության մեղադրանքով դատվածություն ունի Սմբատ Զարինյանը, իսկ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքովՙ Սամվել Միքայելյանը:

ՀՀ դատախազություն դիմելուց հետո դիմել ենք նաեւ Մաշտոցի համայնքի դատախազություն: Մեր դիմումների հիման վրա Մաշտոցի ՆԳ բաժնում հսկայական աշխատանք է կատարվել, սակայն այդ խմբի մարդիկ բաժին են ներկայացնում ՀՀ գլխավոր դատախազությունում իրենց տված այն փաստաթուղթը, ըստ որի մեր դիմումները մերժվել են:

Այսօր մեզանից յուրաքանչյուրն իր բնակարանը կորցնելու վտանգի առաջ է կանգնած: Ասյա Աշուղյանը կորցնում է իր մեկ սենյականոց բնակարանը եւ 7 անձի հետ փողոցում է հայտնվում, Հենրիկ Մովսիսյանը (70 տարեկան) եւ իր կինը (69 տարեկան), որը տոկոս վերցրած գումարի կրկնակին է տվել, որի ընտանիքը (ամուսիններ եւ երեք երեխա) ստիպված հանրապետությունից հեռացել է, իր չորս սենյականոց բնակարանն է կորցնում եւ փողոցում է հայտնվում, Արմեն Զատիկյանը, որն իր բնակարանի դիմաց նույնիսկ 10 դրամ չի վերցրել, իր մոր, կնոջ եւ 4 անչափահաս երեխաների հետ փողոցում հայտնվելու վտանգի առաջ է կանգնել:

Նշելով վերոշարադրյալը, խնդրում ենք վերանայել ՀՀ դատախազության կայացրած որոշումը եւ հանձնարարել, որ ավելի մանրամասն քննվի վերոհիշյալ անձանց խարդախությունների վերաբերյալ գործը:

ԱՍՅԱ ԱՇՈՒՂՅԱՆ, ԱՐՄԵՆ ԶԱՏԻԿՅԱՆ, ՀԵՆՐԻԿ ՄՈՎՍԻՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4