«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2002-01-16 | #8, 2002-01-17 | #9, 2002-01-18


ՀԱՅԵՐԻ ԱՆՈՒՐԱՆԱԼԻ ՎԱՍՏԱԿԸ ԺԱՄԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԵՋ

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայոց հիվանդանոցի հրատարակած «Սուրբ Փրկիչ» ամսաթերթը, որը դարասկզբից սկսած նախ լույս է տեսել որպես տարեգիրք (մոտ 50 տարի), իսկ ապաՙ որպես ամսաթերթ, 2000 թ. կեսերից նոր ավյունով ու նոր ձեւավորումով կարծես թեւակոխել է մի նոր շրջան: Համարից համար ամսաթերթը հետաքրքիր տեղեկություններ է հաղորդում Օսմանյան կայսրության շրջանի անցուդարձերի մասին եւ դրանցում հայերի մասնակցությանըՙ շատ անգամ մոռացությունից փրկելով եւ ապագա սերունդներին հանձնելով պատմական հարուստ եւ կարեւոր տվյալներ:

Ամսաթերթի ուշացումով մեզ հասած համարներից մեկում կարդում ենք մասնավորապես Օսմանյան կայսրության շրջանից մնացած քաղաքների հրապարակներում գործող ժամացույցների եւ ընդհանրապես ժամագործության ասպարեզում հայերի անուրանալի վաստակի մասին: Տեղեկանում ենք, որ սուլթանները շատ վաղ են սկսել հետաքրքրվել ամեն տեսակի ժամացույցներով: Սուլթան Մուրադ Գ-ն այնքան է սիրել ժամացույց որ 1952-ից սկսյալ Ղալաթիայում զարկ է տվել օտարազգի ժամագործների փոքրիկ մի համայնքի ստեղծմանը, որն արդեն 18-րդ դարի կեսերին ունեցել է 160 անդամ: Հետագայում նման մի համայնք էլ ստեղծվել է Իզմիրում: Շվեյցարիան, Անգլիան, Ֆրանսիան եւ Գերմանիան մեծապես օգտվել են թուրքերի հետաքրքրությունից: Եվրոպական ժամացույցի հաստատությունները ձգտել են անպայման իրենց ներկայացուցչությունն ունենալ Պոլսում, իսկ ներկայացուցիչներ ընտրել են սովորաբար փոքրամասնություններից: Այդ շրջանի ամենանշանավոր վաճառականներն են եղել Ճեզվեճյան, Փափազյան, Հայիզմեյան, Թոլայան եւ Քեշիշյան ազգանուններով հայորդները:

Քեմալ Օզդեմիր անունով մի հեղինակի գրքում, որը նվիրված է օսմանյան շրջանից սկսած փոքր եւ մեծ ժամացույցների պատմությանը, հատուկ բաժին է նախատեսված Անատոլիայի զանազան քաղաքների հրապարակները զարդարող ժամացույցների աշտարակների պատմություններին: Դրանց կառուցմանը, ըստ ամսաթերթի, վստահորեն մասնակցել են հայ ճարտարապետներ եւ ժամագործներ: Դրանցից մեկը Էդիրնեի ժամացույցի աշտարակն է, որն ունի 48 մետր բարձրություն: Աշտարակի հատակագիծը պատրաստել է ճարտարապետ Ավետիս Էֆենդին: Կառույցն ավարտվել է 1893-ին, վերանորոգվելՙ 1926-ին: Սակայն 1953-ի երկրաշարժից վնասվել է: Բայց նույնիսկ դրանից առաջ «Վաթան» թերթում Ռեզան եւ Ահմեդ Էմին Յալմանի ստորագրությամբ հրատարակված մի հոդված մեծ դեր է խաղացել այդ աշտարակի ճակատագրում: «Էդիրնեի բոլոր գեղեցկությունների մեջ արվեստի շատ տգեղ մի գործ կա: Դա ժամացույցի աշտարակն է, որը բյուզանդական շրջանից մնացած մի բերդի վրա է կառուցված 80 տարի առաջ», գրել են հեղինակները, որից հետո քաղաքապետարանը որոշում է կայացրել պայթեցնել շինությունը: Գրքում հատուկ տեղ է հատկացվել նաեւ Ստամբուլի Դոլմաբահչեի նշանավոր ժամացույցի աշտարակին (տե՚ս նկարը), որն արքունի ճարտարապետ Սարգիս Պալյանի մտահղացումն է: Նոր բարոկկո ոճով շինությունը հարմարեցված է եղել պալատի ճարտարապետական ընդհանուր ոճին: Գիրքը հարուստ է լուսանկարներով:

Հ. Ծ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4