Կյանքը փախստականների ճամբարներում հաճելի չէ նույնիսկ Գերմանիայի նման հարուստ եւ բարիքներով առատ երկրում: Բայց ամենասոսկալին, անշուշտ, ապագայի անորոշության զգացումն է, որ հազարավոր հայերին համակել է իրենց իսկ խոսքերովՙ այդ «հսկայական բանտում»:
«Մեզ ցուցաբերված վերաբերմունքից չենք բողոքում: Մեր գլխավերեւում ծածկ ունենք, մեզ տրամադրում են բավականաչափ գումար, որ քաղցած չմնանք: Բայց ինչքա՞ն կարող ենք այս վիճակում մնալ», Հայկական բարեգործական ընդհանուր միության հրատարակած ACBU հանդեսի ամենաակտիվ լրագրողներից Դավիթ Զենյանին հայտնել է Հայաստանից գաղթած միայնակ մի կին:
Վերջին տարիներին անգործության մատնված հազարավոր հայեր են Հայաստանից Գերմանիայում ապաստանել: Ճշգրիտ թիվը հայտնի չէ ոչ Հայաստանյայց եկեղեցուն, ոչ էլ տեղի հայկական դեսպանատանը: Ըստ հանդեսի տվյալների, մոտավոր քանակը տատանվում է 15-20 հազարի միջեւ: Նրանք տարածված են ամբողջ Գերմանիայով եւ ապրում են իշխանությունների հատկացրած հիմնականում մեկ սենյականոց բնակարանով կառույցներում: Փախստականների իրավասությունների վերաբերյալ օրենքները Գերմանիայում բավական խիստ են: Նրանց, օրինակ, չի թույլատրվում դուրս գալ 30 կմ շառավիղ ունեցող տարածքից: Նրանք չեն կարող հաճախել հայկական եկեղեցի կամ դպրոց, եթե այդ կառույցները գտնվում են «սահմանագծից» դուրս: «Մեր երեխաները շփվում են միայն օտար երեխաների հետ, եւ տխուր փաստ է, որ նրանք մոռանում են մայրենին», ասել է բազմազավակ մի մայր:
Ճիշտ է, նրանց թույլատրվում է փախստականի կարգավիճակ ստանալու համար դիմել կառավարությանը, բայց, ըստ իրենց իսկ տվյալների, այդ դիմումների 97 տոկոսը մերժվում է: Առաջին մերժումից հետո ոմանք դարձյալ դիմում են ներկայացնում, բայց երկրորդ անգամ մերժվելուց հետո մեծամասնությունը փորձում է թաքնվելՙ վտարվելու վտանգից հեռու մնալու նպատակով: Երբեմն թաքնվելու փորձերն առիթ են տալիս ոմանց միանալու հանցավոր խմբավորումների, որոնց հետեւանքով էլ շատ հաճախ նրանք հայտնվում են բանտերում: Երկրում չկան հայ փախստականների հարցերով զբաղվող կազմակերպություններ: Հայկական համայնքն էլ այնքան լավ չի կազմակերպված, որ կարողանա հսկողություն սահմանել նրանց վրա:
«Կարծես ծուղակն ընկած լինենք: Մեզ կարող են վտարել ցանկացած ժամանակ: Իսկ ո՞ւր կարող ենք գնալՙ մեկ ուրիշ եվրոպական երկի՞ր, որտեղ նույն վերաբերմունքին պետք է արժանանանք: Հայաստան չենք կարող վերադառնալ, որովհետեւ մեր ապրուստը չենք կարողանալու վաստակել: Բարձրագույն կրթությամբ շատերն են անգործ: Չգիտենքՙ ի՞նչ անենք»: Բողոքել է մեկ ուրիշ հայուհի, որի հարեւանները փախստականներ են Եթովպիայից, նախկին Հարավսլավիայից եւ կամ մի այլ աղքատ երկրից: Եվ այդ կղզիացումն ու անորոշությունը բոլոր հայ փախստականների մեծագույն հոգսն է: Նրանք հրաժարվում են իրենց անունները նշելուցՙ անհարմար զգալով իրենց ծանոթներից:
«Չափազանց ստորացուցիչ է լինել այստեղ: Չեմ ցանկանում, որ ընտանիքիս մյուս անդամները կամ ընկերներս իմանան, թե ինչքան հուսահատական է մեր վիճակը», խոստովանել է երեք երեխաների մի մայր, որի զավակներն արդեն սկսել են ավելի շատ գերմաներեն խոսել, քան հայերեն: Մեկ ուրիշն արցունքոտ աչքերով պատմել է, թե ինչպես Չեխիայի սահմանն անցնելիս մի երեխա է խեղդվել գետում, եւ որի ընտանիքը ստիպված է վերադառնալ Չեխիա:
Հայ փախստականների պատմածները հիմնականում նույն բովանդակությունն ունեն: Նրանց անորոշ ապագա է սպասում, եւ մեծ մասը չգիտիՙ ինչ անել: Տխուր փաստ: Տխուր իրավիճակ: Իսկ լուծո՞ւմը:
Հ. Ծ.