«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#7, 2002-01-16 | #8, 2002-01-17 | #9, 2002-01-18


ՄԵՐ ՀՈՒՍՈ ՃԵՊԸՆԹԱՑԸ

Վերջին հանգրվանը

Գնացքը վերջին կայարան հասավ: Մաքսային բազմաթիվ ստուգումներից, կայարաններում օրերով սպասելուց հոգնած, մեծ ցնծություն էր տեղ հասնելը: Հրաշք: Երեւան-Ադլեր-Կիեւ-Լվով-Փշեմիսել-Կրակով-Վրոցլավ: Լեհաստան:

Վրոցլավ: Այս էր վերջին հանգրվանը: Դա մի երկարատեւ, ծանր ճամփորդություն էր, որի վերջն անորոշ էր ու անհավանական: Տասը օր տեւեց, սակայն տարիների դաջվածք թողեց նրանց հիշողության մեջ: Բայց Վրոցլավի կայարանը ցնծությամբ ընդունեց բոլորին: Պայծառ լուսավորությունը, երաժշտությունը, ռիթմն ու եռուզեռն ապշեցնում էին յուրաքանչյուրին: Ի՜նչ սքանչելի կայարան ունի Վրոցլավը: Նրանց մանկական ուրախությունն անհամապատասխան էր իրենց հասուն տարիքին: Այս բոլորն այնքան արբեցնող էր ու անհասկանալի, որ մոռացել էին, որ իջել են մի օտար երկրի բոլորովին անծանոթ մի քաղաք, որտեղ ոչ տուն ունեին, ոչ բարեկամ, ոչ էլ ծանոթ: Ու պիտի վտանգեն իրենց վաղն այս քաղաքում:

Դա 1992 թվականն էր: Երբ մեր լույս երկրին ցուրտն ու մութն էին պատել, խավարն ու թալանը: Ու հոգնած անտառ սպանելուց, հալած մոմ հավաքելուց, հազարավոր անընդունելի ու անհասկանալի անօրինականություններից, քաղաքական խժդժություններից, աշխատանքի երկար եւ ապարդյուն սպասելուց, շատերը որոշեցին առժամանակ թողնել հող հայրենին, որ մուրացկան չդառնան, որ սեփական քրտինքով վաստակեն հանապազօրյա մի պատառ հացն ու մարդկային բնական արժանապատվությամբ մատուցեն իրենց զավակներին: Եվ եթե հարյուր հազարավոր հայերի համար այս գաղթի ծանր ու դաժան ճանապարհը հրամայական էր դարձել, ապա հանցանք է նրանց մեջ մեղավորներ փնտրելը, այն դեպքում, երբ գաղթն ու թալանն այդ տարիներին պետական ծրագիր էր: Եվ այսօր չտեսնել կամ դիտավորյալ խուսափել իրական մեղավորներին ճանաչելուց, նշանակում է հովանավորել ու մասնակից դառնալ այդ հանցագործությանը:

Կարոտ բառը չի կարող ընդգրկել այն զգացումը, որ ապրում են երկրից դուրս ապրողները: Ես չեմ հանդիպել մի հայի, որ ասի. «Մնալու եմ այստեղ»: Բոլորն, անխտիր մտածում են, որ կվերադառնան, եթե վստահ լինեն, որ աշխատանք կգտնեն: Հատկապես հիմա, դիտելով Հայաստանից հեռարձակվող հեռուստահաղորդումները, ավելի են հուսադրվում, քանի որ օր-օրի նկատելի է դառնում արդյունաբերության ծավալների չնայած դանդաղ, բայց նկատելի ընդարձակումը: Վերջերս հանրապետության նախագահը հաճախ է խոսում կոնկրետ աշխատատեղերի որոշակի թվերի մասին, որն իրոք հավատ է ներշնչում հույսերով ապրող հայ մարդուն, որն իր հայրենիքում կորցնելով ամեն ինչՙ օտար ափերում ամենօրյա ծանր ֆիզիկական աշխատանքով փորձում է վերականգնել կորցրածը, կերակրել անչափահաս երեխաներին, նաեւ Հայաստանում մնացած անգործ հարազատներին, ծեր ծնողներին, որոնց ստացած կենսաթոշակը լուրջ քննարկման խնդիր է: Եվ եթե դերասանները, երգիչները, պարողները, գործարարները, առեւտրականները, ով ասես, կարող են արտասահմանում իրենց ունակությունները ցուցադրել եւ, իհարկե, եկամուտ ստանալ, իսկ հասարակ մարդը, որի ունակություններն են իր ֆիզիկական աշխատանքը, առասպելական դիմացկունությունն ու համբերությունը, դա չպե՞տք է իրեն թույլ տա: Այդ մարդու մասին կարելի՞ է հանդիմանանքով կամ ոչ հարգալից տոնով խոսել, ինչպես շատ հաճախ իրենց թույլ են տալիս որոշ «վայ» գործարարներՙ հեռուստաէկրանից մեղադրելով նրանց, որ չեն գալիս հայրենիքում «գործ» դնելու: Հավատացնում եմ, երկրից ժամանակավորապես դուրս եկածների մոտ 70 տոկոսը չունի ֆինանսական այնպիսի միջոցներ, որ կարողանա «գործ» դնել ու աշխատատեղ ստեղծել ուրիշների համար: Նա ինքն է աշխատատեղի սպասում: Հարկ է այդ մասին խոսել: Եվ, իհարկե, հենց որ հայրենիքն այդ մարդկանց ֆիզիկական աշխատանքի կարիքն ունենա, համոզված եղեք, ցնծությամբ տուն կթռչեն: Որովհետեւ դա հազարավոր հայ ազնիվ, աշխատասեր մարդկանց միակ երազանքն է: Չնայած նրանք հրաշալի գիտակցում են, որ տարիներով հեռանալով իրենց մասնագիտական աշխատանքից, չունենալով նոր տեխնիկայի իմացություն, կարող են նաեւ թերանալ: Սակայն հայ մարդը ե՚ւ հավատի, ե՚ւ սպասումի, ե՚ւ ստեղծելու ու ինչ-որ բանի հասնելու զարմանալի ներքին պաշարներ ունի: Այնպես որ, նա պատրաստ է ամեն ինչ նորից սկսելու:

***

20-րդ դարի վերջին 8-10 տարիների ընթացքում մի քանի հարյուր հազար հայ է տեղափոխվել Լեհաստանՙ «Ժամանակավոր» բնակության: Նրանք հիմնականում զբաղվում են առեւտրով:

Միայն մոտ մեկ միլիոնի հասնող բնակչությամբ Վրոցլավ քաղաքում եւ շրջակա բնակավայրերում համարյա հինգ հարյուր հայ է բնակվում, որոնք մոտ 40-45 տարեկան տղամարդիկ ու կանայք ենՙ իրենց երեխաներով կամ հարազատներով: Նրանցից մոտ 30 տոկոսը, այս մեկ տարվա ընթացքում, լեհական իշխանությունների կողմից արտաքսվեցՙ անձնագրային ժամկետանցության պատճառով, հիմնական մասը տեղափոխվեց Ռուսաստան: Իսկ մնացած հայերի երեխաներն արդեն 3-4 տարի հաճախում են լեհական դպրոցներ: Հայկական դպրոցի մասին խոսելն առայժմ ավելորդ է: Նման հնարավորությունն այնքան է երազանքի տպավորություն ստեղծում, որքան նրանց վերադարձը հայրենիք: Նրանք, ովքեր 6-7 տարուց ավելի Լեհաստանում են, բավականին բարձրացրել են իրենց կենցաղային մակարդակը: Բնակվում են համեմատաբար լավ պայմաններ ունեցող վարձով տներում: Նրանց հիմնական մասն ունի ժամանակավոր բնակության իրավունքՙ 1 կամ 2 տարվա գրանցումով եւ ժամկետը երկարացնելու հնարավորությամբ: Սակայն Վրոցլավի իշխանությունները ձգտում են ամեն կերպ կրճատել ժամանակավոր գրանցում ունեցողների թիվըՙ օր-օրի դժվարացնելով նրանց աշխատանքը Լեհաստանում: Ուստի մի մասը մեկնում է այլ երկրներ, իսկ մյուս մասը գերադասում է որպես փախստական հանձնվել Կարմիր խաչինՙ ընդամենը մի քանի ամիս օրինական բնակության իրավունք ստանալու համար:

Ինչո՞վ են մեղավոր այն երեխաները, ովքեր ծնվել են Լեհաստանում կամ առաջին դասարան հաճախել եւ հայերենից առավել լեհերեն գրել ու կարդալ գիտեն: Որովհետեւ ծնողներն ուրիշ ելք չունեն: Կան երեխաներ, որոնք 5-րդ, 6-րդ դասարանից ընդհանրապես ուսում չստացան, քանզի ծնողներին էին օգնում: Սակայն վերջերս, բոլորն էլ մասամբ տիրապետելով լեհերենին, շարունակում են իրենց ուսումը լեհական ուսումնական հաստատություններում: Միգուցե այս երեխաները լավ վաճառականներ, գործարարներ դառնան, քանի որ, ի տարբերություն մեր անցյալի, նրանք շատ վաղ հասակից են սկսել աշխատել, դրամ վաստակել, աչքը չբացածՙ առեւտուր են արել:

Լեհաստանի թերթերում հայերի գաղթի մասին տրված աղքատ ուսումնասիրություններից անգամ կարելի է հետեւյալ եզրահանգումն անել, որ հայերն, ի տարբերություն Լեհաստան գաղթած այլազգիների (բուլղարացիներ, հնդիկներ, վիետնամցիներ եւ այլն), ձգտում են ժամանակավոր կամ մշտական գրանցում ստանալ, կամ փախստական ձեւակերպվելՙ անձնագրային բացահայտ վիճակ, աշխատելու եւ, վերջապես, երեխաներին կրթության տալու հնարավորություններ ձեռք բերելու նպատակով: Մեծ մասն ունի մասնագիտական թերի կամ բարձրագույն կրթություն, բայց զբաղվում է առեւտրով, ձգտում են շփվել եւ արագ տիրապետել լեհերենին, որպեսզի կարողանան ծանոթանալ իրավական, տնտեսական ու մշակութային լրատվությանը, այլապես դրանց բացակայությունն ազդում է իրենց իրավունքների պաշտպանման վրա:

Հպարտությամբ պետք է նշեմ, որ այսօր հայ երեխաները լեհական դպրոցներում աչքի են ընկնում աշխատասիրությամբ, եզակի ընդունակությամբ եւ ձգտումով:

Այս հոդվածի հետ տպագրվող նկարում նրանք ենՙ մեր փոքրիկ լեհահայերը, որոնց աչքերի կենսախնդությունը երբեք ու երբեք չի խամրի, քանզի նրանց մեջ ապագայի հավատը նոր է սաղմնավորվում, եւ հետեւաբար հայրենիքի սերը կրկնապատկվում է, երբ նրանք առնչվում են հայկական ամեն ինչինՙ գրականությանն ու լեզվին, երգին ու պարին: Իսկ երբ նրանցից ոմանց հաջողվում է կրկին լինել Հայաստանում, արդեն դժվարությամբ են թողնում մայր հողը, որը ձգում է իր արմատների կանչով:

ՋՈՒԼԻԵՏԱ ՄԽԻԿՅԱՆ, Լեհաստան, Վրոցլավ, Հատվածաբար արտատպվում է Պրահայում լույս տեսնող «Օրեր» ամսագրից


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4