«ԱԼՄ հոլդինգը», որը Հայաստանի լրատվական դաշտում հայտնվելու է միաժամանակ մի քանի լրատվամիջոցի ձեւովՙ հեռուստատեսության, թերթի, ռադիոյի, բացառված չէ նաեւՙ լրատվական գործակալության, ներկայումս եռանդուն գործունեություն է ծավալել թերես ամենաընդգրկուն կառույցիՙ հեռուստաընկերության կայացման ուղղությամբ: Ըստ «ԱԼՄ հոլդինգի» նախագահ Տիգրան Կարապետյանի, որը մինչեւ վերջերս դեռեւս ռուսաստանաբնակ հայ գործարար էր եւ տնօրինում էր իր իսկ հիմնադրած հեռուստաընկերությունը Վոլգոգրադում, հայաստանյան հեռուստաեթերում այս նորաստեղծ հեռուստաալիքը կհայտնվի մարտի առաջին օրերին, թերեւս մարտի 8-ին, որը տոնական օր է եւ հարմար առիթՙ հեռուստաալիքի նորամուտը նշանավորելու:
Ինչ վերաբերում է «ԱԼՄ հոլդինգի» հովանու ներքո հիմնադրվելիք թերթին ու ռադիոյին, ապա դրանք դեռեւս կազմակերպչական աշխատանքների փուլում են: Այդուհանդերձ, արդեն իսկ հայտնի է, որ թերթ, որպես այդպիսին, չի հիմնվելու, պարզապես Տ. Կարապետյանը գնել է «Ավանգարդ» թերթի «ճակատագիրը» տնօրինելու իրավունքը, եւ առաջիկայում թերթը կսկսի լույս տեսնել նոր ձեւով ու բովանդակությամբ: Սկզբնական շրջանում նախատեսված է թերթը լույս ընծայել որպես շաբաթաթերթ, եւ թերթի նորամուտը, հավանաբար, տեղի կունենա այս գարնանը:
Այսպիսով, Հայաստանի լրատվական դաշտը, որն առանց այդ էլ հագեցած է լրատվամիջոցներով, վերստին համալրվելու է: Քանակական առումով այդ համալրումը, թերեւս, վճռորոշ չէ, սակայն որակական առումովՙ անշուշտ. հայ հեռուստադիտողն այսօր կարիք ունի որակյալ հեռուստաարտադրանքի ու հեռուստաեթերի:
Ա. Բ.