Այս տարվա ապրիլի 15-17-ը, ինչպես տեղեկացանք արտգործնախարարության լրատվական ծառայությունից, Հայաստանում Եվրամիության հովանու ներքո տեղի կունենա «Էլեկտրոնային զարգացումը Հարավային Կովկասի համար» խորագրով ինֆորմացիոն տեխնոլոգիաներին նվիրված տարածաշրջանային կոնֆերանսը, որին բացի անդրկովկասյան երկրներից, նախատեսված է նաեւ Եվրամիության կառույցների, անդամ երկրներիՙ Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի եւ այլ երկրների ներկայացուցիչների մասնակցությունը: Հիշեցնենք, սակայն, որ այս կոնֆերանսը պետք է տեղի ունենար անցյալ տարվա նոյեմբերին: Դրա հետաձգվելն արտգործնախարար Վարդան Օսկանյանն իր մամուլի ասուլիսի ժամանակ պայմանավորեց սեպտեմբերի 11-ի իրադարձություններով:
Կոնֆերանսի չկայացման պատճառի մասին ավելի հանգամանորեն, մեր հարցմանն ի պատասխան, անդրադարձավ արդյունաբերության եւ առեւտրի փոխնախարար Արմեն Գրիգորյանը, որը նաւ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների աջակցության խորհրդի քարտուղարն է: Նա նշեց, որ սեպտեմբերի 11-ին հաջորդած ժամանակաշրջանն այնքան կարճ էր, որ հնարավորություն չտվեց ոչ Եվրամիությանը, ոչ Հայաստանին ըստ արժանվույն նախապատրաստվելու: Իսկ լավ նախապատրաստվելը եւ միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելը նա համարեց անհրաժեշտ պայման, քանզի եթե այդ մակարդակը չապահովվի, մասնակիցների հիասթափվածության հետեւանքները հաղթահարելը հետագայում անհամեմատ բարդ կլինի: Այժմ այդ աշխատանքները տարվում են եւ, Արմեն Գրիգորյանի կարծիքով, կապահովվի կոնֆերանսի հաջող անցկացումը:
Այդուհանդերձ, այլ աղբյուրներից տեղեկացանք, որ որոշակի խնդիրներ է հարուցում Ադրբեջանը: Վերջինս չի ցանկանում մասնակցել այդ կոնֆերանսին, մինչդեռ Հայաստանը Եվրամիության առաջարկած մեկ այլ ծրագրինՙ Տրասեկային նվիրված համաժողովին մասնակցել էր վարչապետի մակարդակով:
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ոլորտի մասնավոր ընկերություններից մեկի ղեկավարի կարծիքով էլ նոյեմբերին կոնֆերանս չանցկացնելը հետեւանք էր Հայաստանում արագաշարժ ինտերնետի բացակայության, եւ վիճակն այս ընթացքում առանձնապես չի փոխվել:
Ա. Մ.