ԱՎՄ-ն փորձում է ինքնահաստատվել
Հերթական քաղաքական ուժը, որը հստակ հայտարարեց ընտրարշավի մեջ մտնելու մասին, «Ազատամարտի վետերանների միություն» կուսակցությունն էր: Նրաՙ արդեն նախկին համանախագահ Համլետ Հովսեփյանը երեկ կայացած կուսակցության երկրորդ, արտահերթ համագումարի ընթացքում հայտարարեց, որ իրենք անպայման մասնակցելու են առաջիկա տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, ինչպես նաեւ հաջորդ տարիՙ խորհրդարանականին:
Ըստ էության, ԱՎՄ-ն նաեւ հերթական կուսակցությունն է, որը նման հայտարարությամբ հանդես է գալիս ներքին հակասություններին վերջակետ դնելուն զուգահեռՙ թերեւս գիտակցելով, որ նման աղճատվածությամբ որեւէ ընտրության ժամանակ հաջողություն ակնկալել չի կարող: Դրանով էր պայմանավորված արտահերթ համագումար անցկացնելը, ինչի ընթացքն ապացուցեց, որ հակասությունները հիմնականում լուծված են: Սակայն ո՞րն էր պատճառը, որ, կուսակցության ղեկավարի խոսքերով, ավելի քան վեց ամիս միավորումը նման ճգնաժամ էր ապրում: Իր ելույթի ընթացքում Համլետ Հովսեփյանը նշեց, թե կուսակցության, ինչպես նաեւ վարչության ու համանախագահության շրջանակներ են ներթափանցել «ստահակներ», որոնք ամեն ինչ արել են կուսակցության ներսում պառակտումներ մտցնելու նպատակով: Խոսքը թերեւս վերաբերում էր կուսակցության համանախագահներից մեկինՙ Արմեն Մազմանյանին եւ նրա կողմնակիցներին, որոնք, ըստ ԱՎՄ մյուս անդամների եւ վերստուգիչ-վերահսկիչ հանձնաժողովի ներկայացրած հաշվետվության, խախտելով միության կանոնադրությունը, ինքնակամ ստուգումներ են անցկացրել կուսակցության տարածքային կառույցներում: Բացի դրանից, ինքնակամ կերպով «խառնակիչները» վարչության կազմն ուռճացրել են մինչեւ 37 անդամով, ինչը կաթվածահար է արել կուսակցության ղեկավար մարմինների գործունեությունը:
Ինքըՙ Արմեն Մազմանյանը, համագումարի ընթացքում տեղից խոսք պահանջելով, հայտարարեց, թե «սա այն ԱՎՄ-ն չէ, որ եղել է նախկինում», եւ որ իրենց կատարած աշխատանքների արդյունքում մասնավորապես Գյումրու տարածքային կառույցում ինչ-որ խախտումներ են հայտնաբերել: Սակայն համագումարի պատգամավորներն իրենց նախկին համանախագահին զայրացած եւ կոպիտ արտահայտություններով դահլիճից գրեթե վռնդեցին: Արդեն դրսում Մազմանյանն ավելի նեղ շրջապատում բարձրաձայնում էր, թե հրավիրված արտահերթ համագումարն անօրինական է, քանի որ վարչությունում համապատասխան որոշում չի կայացվել:
Կուսակցության ներքին պառակտումների գլխավոր պատճառը համարելով կանոնադրությունը, համագումարը որոշում ընդունեց վերացնել համանախագահությունը եւ նոր, միանձնյա նախագահություն սահմանել: Համագումարն ընտրեց նախագահ, որը նշանակելու է իր տեղակալներին եւ որն աշխատանքներն իրագործելու է վարչության եւ քաղաքական խորհրդի շրջանակներում:
Այսուհանդերձ, ոչ կուսակցության նախագահ Համլետ Հովսեփյանի, ոչ էլ մյուս ելույթ ունեցողների խոսքերից պարզ չդարձավ, թե գաղափարական ի՞նչ սկզբունքներով է առաջնորդվում կուսակցությունը եւ կոնկրետ ի՞նչ մարտավարություն է մշակել իր հետագա գործունեության համար: Սահմանափակվելով ներքաղաքական իրավիճակին տրվող գնահատականներով, Հ. Հովսեփյանը միայն նշեց, թե իրենց հասած տվյալներովՙ տարբեր մարզերում համայնքապետներին ստիպում են Հանրապետական կուսակցությանն անդամակցել, եւ որ երկրում տարվում է կադրային սխալ քաղաքականություն, որի պատճառով ծավալվող կոռուպցիան հենց կառավարությունից է սկսվում: Կուսակցության նախագահը, հատուկ ուշադրություն դարձնելով նախկինների գործոնին, նշեց, թե ՀՀՇ-ն կերպարանափոխված եւ քաղաքական տարբեր շղարշներով բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկում էՙ սաբոտաժի ենթարկելու պետական համակարգը: Քաղաքական ասպարեզ դուրս գալու համար նախկիններն, ըստ բանախոսի, սկսել են փողի եւ ունեցած կապերի միջոցով «վերցնել իշխանությունը»:
Ըստ էության ԱՎՄ-ն այդպես էլ չհստակեցրեց, թե որն է լինելու իր քաղաքականության առանցքը: Դա թերեւս հետեւանքն է այն լուրջ թերության, որ մինչեւ հիմա կուսակցությունը լուծել չի փորձում: Ազատամարտի վետերանները երկրորդ համագումարն անցկացրին մինչեւ հիմա չունենալով... գործունեության հստակ ծրագիր:
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ