Ասաց գեներալ Կոնստանտին Տոցկին, որը երեկ ժամանեց Երեւան
ՏԻԳՐԱՆ ԼԻԼՈՅԱՆ, ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի թղթակից «Ազգի» համար
Հայաստանը լիովին կատարում ու գերակատարում է հանրապետության սահմաններում տեղակայված ռուսաստանյան սահմանապահ զորքերի ֆինանսավորման գծով ստանձնած պայմանագրային պարտավորությունները: Այդ մասին երեկ հայտարարեց Ռուսաստանի Դաշնության սահմանապահ դաշնային ծառայության (ՍԴԾ) տնօրեն գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկին: Նա Երեւան ժամանեց երեկոյանՙ մեկօրյա աշխատանքային այցով, որի նպատակն է Հայաստանում ՌԴ ՍԴԾ օպերատիվ խմբի պահպանման ծախսերի նախահաշվի վերաբերյալ հուշագրի ստորագրումը:
Հայաստանյան կողմն ստանձնել է օպերատիվ խմբի ֆինանսավորման 57 տոկոսը, հայտնեց գեներալը, որին դիմավորեցին ՀՀ ազգային անվտանգության նախարար գեներալ-լեյտենանտ Կարլոս Պետրոսյանը, նախարարության ղեկավար աշխատողներ, ինչպես նաեւ Հայաստանում ՌԴ դեսպան Անատոլի Դրյուկովն ու ՌԴ ՍԴԾ օպերատիվ խմբի հրամանատարությունը:
Կ. Տոցկին այսօր կհանդիպի ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ, բանակցություններ կվարի ազգային անվտանգության նախարարի հետ, կեսօրին կհանդիպի Ռուս-հայկական (սլավոնական) համալսարանի ուսանողների հետ: Նա մտադիր է լսել ՍԴԾ օպերատիվ խմբի պետ գեներալ-մայոր Վյաչեսլավ Աբոիմովի զեկույցը սահմանային իրավիճակի վերաբերյալ, հայաստանցի գործընկերների հետ մտքեր փոխանակել «ունեցած հիմնահարցերի», հանրապետության սահմանի պահպանության հարցերը լուծելու ուղիների շուրջ:
Պատասխանելով մեր հարցինՙ ՌԴ սահմանապահների ղեկավարը հաստատեց իր բացասական վերաբերմունքը Միջին Ասիայում ամերիկյան ռազմական ներկայությունը պահպանելու հարցում: «Մենք չէինք առարկում նման ներկայությանը թալիբների վարչակարգի դեմ հակաահաբեկչական գործողության ընթացքում», հիշեցրեց նա: Այժմ Կ. Տոցկին նման անհրաժեշտություն չի տեսնում:
Ոչ ոք առայժմ պարզորոշ չի բացատրել աշխարհինՙ ո՞րն է այդ ուժերը թողնելու նպատակը, հայտարարեց ՍԴԾ տնօրենը: «Երբ միջոցառումները կավարտվեն, Աֆղանստանին օգնություն ցույց կտրվի բնականոն, քաղաքակիրթ վարչակարգի ու կարգուկանոնի վերականգնման գործում: Միջինասիական պետությունների տարածքում ինչո՞ւ պետք է մնան ռազմավարական ու մարտավարական ռմբակոծիչները», հարցրեց նա: «Անձամբ ինձ դա հասկանալի չէ», ընդգծեց գեներալը: