«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2002-01-19 | #11, 2002-01-22 | #12, 2002-01-23


Վ. ԳՈՒԼԻԵՎ. «ՉԿԱՆ ՓԱՐԻԶՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐ»

Հայաստանում Ֆրանսիայի նոր դեսպան նշանակելու առիթով նախագահ Ժակ Շիրակիՙ Ռոբերտ Քոչարյանին հղված ուղերձում մասնավորապես նշվում էր, որ «չնայած Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների դժվարություններին, կցանկանայի, որ 2002 թ. լինի երկխոսության տարի Հարավային Կովկասում, ինչը կհանգեցնի քաղաքական եւ վերջնական համաձայնության Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւՙ փարիզյան հանդիպումներում ձեռք բերված սկզբունքներին համապատասխան»:

Ադրբեջանի արտաքին գերատեսչության ղեկավար Գուլիեւը, մեկնաբանելով Ժ. Շիրակիՙ Ռ. Քոչարյանին ուղղված ուղերձի ղարաբաղյան հատվածը, հերթական անգամ հայտարարել է, որ «չկան փարիզյան սկզբունքներ եւ այդ առասպելական սկզբունքների հիմքով հնարավոր չէ կարգավորել ԼՂ հակամարտությունը»:

«Մենք չենք հրաժարվում երկխոսությունից», ասել է արտգործնախարար Գուլիեւը եւ շեշտել Ադրբեջանի պատրաստակամությունըՙ հայկական կողմի հետ շարունակելու բանակցությունները, հաղորդում է Բաքվի «525 գազեթ» պարբերականը:

Ավելորդ չէ հիշեցնել, որ պաշտոնական Բաքուն նախորդ դեպքերում «փարիզյան սկզբունքները» համարում էր հայկական կողմի երեւակայության արդյունք:

Սպասվում է, որ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Ռ. Քոչարյանն ու Հ. Ալիեւը տեւական դադարից հետո հերթական անգամ կհանդիպեն մարտին, Ալմա Աթայումՙ ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթաժողովի շրջանակներում: Սպասվում է նաեւ, որ փետրվարի վերջերին հերթական այցով տարածաշրջան կժամանեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Վյաչեսլավ Տրուբնիկովը (ՌԴ), Ռուդոլֆ Պերինան (ԱՄՆ), Ֆիլիպ դը Սյուրմեյնը (Ֆրանսիա):

Թ. Հ.


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4