Հունվարի 22-ին Թեքեյան կենտրոնում տեղի ունեցավ Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանի, Հանրապետական վարչության փոխատենապետ Հարություն Առաքելյանի, ՀՌԱԿ Հանրապետական վարչության անդամ Ռոբերտ Մավիսակալյանի հանդիպումը «Օրինաց երկիր» կուսակցության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Բաղդասարյանի, «Օրինաց երկիր» կուսակցության քաղաքական խորհրդի անդամներ, ՀՀ ԱԺ պատգամավորներ Սերգեյ Երիցյանի, Գեղամ Գասպարյանի եւ Արծրունի Աղաջանյանի հետ:
Հանդիպման ընթացքում կուսակցությունների ղեկավարները ներկայացրին իրենց կազմակերպությունների դիրքորոշումները երկրի ներքաղաքական զարգացումների շուրջ, ինչպես նաեւ միմյանց ծանոթացրին ՀՌԱԿ-ի եւ «Օրինաց երկրի» տեղական կառույցների ներկա վիճակին:
Հայաստանի Ռամկավար Ազատական եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչներն ընդգծեցին, որ իրենց կարեւորագույն նպատակն է երկրի տնտեսական եւ քաղաքական զարգացումը: Ելնելով վերը նշվածից, բոլոր կառուցողական գործողություններն արժանանալու են կազմակերպությունների քաղաքական աջակցությանը:
Պայմանավորվածություն ձեռք բերվեց հրատապ նշանակություն ունեցող քաղաքական եւ սոցիալ-տնտեսական հարցերի համատեղ քննարկումների մասին:
ՀՌԱԿ եւ «Օրինաց երկիր» կուսակցությունների ներկայացուցիչների հանդիպումները կկայանան պարբերաբար: