Երեքշաբթի գիշերը Երեւանից Փարիզ մեկնող Հայկական ավիաուղիների վարձակալած A-310 «Էրբաս» ինքնաթիռը թռիչքից 20 րոպե անց ստիպված է եղել վերադառնալ «Զվարթնոց» օդանավակայան: Ուղեւորներից մեկի պատմելով, ինքնաթիռի լրիվ բարձրություն հավաքելու պահից սկսած լսվել է անսովոր աղմուկ: Քիչ անց հայտարարվել է հետվայրէջքի մասին, սակայն չի ասվել, որ ինքնաթիռը պարտադիր կամ վթարային վայրէջքի է պատրաստվում, ինչը նման դեպքերում անհրաժեշտ է: Համենայն դեպս, նույն ուղեւորի ասելով, օդանավակայան վերադարձին իրենք տեսել են հրշեջ եւ շտապօգնության ծառայության մեքենաներ:
Ըստ մեր քաղած տեղեկությունների, ինքնաթիռի անսարքության պատճառը շարժիչի խանգարումն է եղել: Մասնագետներն այժմ պարզում են, թե հնարավո՞ր է այն վերանորոգել: Եթե ոչՙ ապա Հայկական ավիաուղիները շուրջ 1,5 մլն դոլար ստիպված կլինեն վճարել նոր շարժիչ ձեռք բերելու համար: Բացի այդ, ընկերությունը եկամուտի զգալի կորուստներ կունենա, քանի որ «Էրբասն» առայժմ Հայկական ավիաուղիների միակ ինքնաթիռն է, որի թռիչքը եվրոպական երկրներում, թույլատրվում է: Ինչպես նախապես գրել էինք, ընկերությունը պատրաստվում է 2 նոր, ավելի փոքր «Էրբաս» ինքնաթիռ ձեռք բերել շատ ավելի հարմար պայմաններով, քան այս «մեկ հատիկը»: