«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2002-01-19 | #11, 2002-01-22 | #12, 2002-01-23


ՀԵՐԹԸ ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆՆ ԷՐ

Բնապահպանության նախարար Վարդան Այվազյանիՙ նախարարության գործունեության հաշվետվությանը հաջորդող ճեպազրույցն աննախադեպ էր ինչպես իր տեւողությամբ, այնպես էլ հարցերի մեծ մասին դարձյալ երկար, սակայն, ըստ էության, չտրված պատասխաններով:

Այդուհանդերձ, նրա խոսքից պարզ դարձավ, որ անցյալ տարի Սեւանա լճից 27,2 մլն խմ ջուր պակաս է բաց թողնվել, սակայն մակարդակի անկումը կազմել է 14 սմ: «Հայանտառի» վերաբերյալ խոսելով, Վարդան Այվազյանը հերթական անգամ ընդգծեց ընկերության ֆինանսական բարելավման փաստը: Այն անցյալ տարի վնասող աշխատողից դարձել է շահույթով աշխատող կազմակերպություն եւ պետբյուջե է վճարել 175 մլն դրամ: Բնականաբար, առանձնահատուկ հետաքրքրություն առաջացնող հարցերից էր ոչ մետաղական հանքավայրերի շահագործման ոլորտում տիրող վիճակը: Ըստ բնապահպանության նախարարի, 2001 թ. ստուգվել է 176 հանքավայրում արդյունահանված օգտակար հանածոների ծավալը: Փաստագրվել է 740 հազ. խմ, որից 207 հազ. խմ եղել է թաքնված ծավալ, որի հաշվարկային արժեքը գնահատվել է 25-30 մլն դրամ: Այս փաստը Վարդան Այվազյանը գնահատեց դրական: Մինչդեռ հիշեցնենք, որ թաքնված ծավալներն այստեղ շատ ավելի են, եւ խոսքը ոչ թե միլիոնավոր դրամների, այլ դոլարների մասին է: Նախարարն այնուհետեւ տեղեկացրեց, որ 559 հանքավայրերի շահագործման օրինականության ստուգման արդյունքում դադարեցվել է 86 հանքավայրերի շահագործումը, 114-ը զգուշացվել են պայմանագրային պարտավորությունների չկատարման համար, 102-ին ներկայացվել են միջնորդագրերՙ նրանց արտոնագրերից զրկելու եւ կնքված ընդերքօգտագործման պայմանագրերը չեղյալ ճանաչելու վերաբերյալ:

Վարդան Այվազյանն անդրադարձավ նաեւ միջազգային համագործակցության հարցերին, նշելով, որ մի շարք ծրագրերի ֆինանսավորման համար պայմանավորվածություն է ձեռք բերվել ընդհանուր առմամբ 7,7 մլն դոլար դրամաշնորհ ստանալու վերաբերյալ: Այդ ծրագրերի թվում նշվեցին Գիլի լճի վերականգնման, բնական պաշարների կառավարման եւ չքավորության նվազեցման, ջրային ռեսուրսների կառավարման համապարփակ ծրագրերը:

Ինչ վերաբերում է բնապահպանության նախարարությանը տրված գնահատականին, ապա այն բավարար էր որոշ վերապահումներով:

Ի տարբերություն Վարդան Այվազյանի, պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանը սահմանափակվեց լրագրողներին բաժանված տեղեկանքով եւ նրանց հարցերին տրված հակիրճ պատասխաններով:

Հիմնականը, որ պարզ դարձավ նախարարության 2001 թ.-ին կատարած աշխատանքի վերաբերյալ տեղեկանքից այն էր, որ այս ընթացքում մասնավորեցվել է 94 ընկերություն: Դրանցից 21-ը սեփականաշնորհվել են բաժնետոմսերի ազատ բաժանորդագրությամբ, 23-ըՙ մրցույթով, 1-ըՙ աճուրդով, 49-ըՙ ուղղակի վաճառքի ձեւով:

Դավիթ Վարդանյանն ուղղակի վաճառքի մեծ թիվ կազմելը բացատրեց նրանով, որ դրանք հիմնականում 50 տոկոսից պակաս պետական բաժնեմաս ունեցող կամ այն ընկերություններն են, որոնք դրվում են մրցույթի, սակայն չեն վաճառվում: Նախարարի կարծիքով, եթե այս դեպքում մրցույթի գնով ձեռնարկությունն ուղղակի գնելու ցանկություն հայտնող է լինում, նախընտրելի է ուղիղ վաճառքը: Հակառակ դեպքում, հնարավոր է, որ նոր մրցույթի ժամանակ դարձյալ գնորդ չլինի եւ ձեռնարկության արժեքն ավելի ցածրանա:

2001 թ.-ին ընդունված «Պետական գույքի մասնավորեցման 2001-2003 թթ. ծրագրի մասին» օրենքով այդ ընթացքում պետք է մասնավորեցվի 932 ընկերություն, որից 690-ըՙ 1998-2000 թթ. ծրագրից մնացածներն են: Տեղեկանքից տեղեկանում ենք նաեւ, որ նույն օրենքով ծրագրից հանվել են նախորդ ծրագրերում ընդգրկված 212 ընկերություն:

Դավիթ Վարդանյանն անդրադարձավ «Արարատցեմենտի» սեփականաշնորհման հարցին, հայտնելով, որ այս տարի «աշխատելու ենք մասնավորեցնել ձեռնարկությունը, բայց ոչ ցանկացած գնով»: Որ 2001 թ.-ին «Արարատցեմենտը» չմասնավորեցվեց, որեւէ քաղաքական պատճառ, նախարարի կարծիքով, չկար: Շվեյցարական «Հոլսիմ» ընկերությանՙ այդ գործարքից հրաժարվելը, չնայած 300 հազ. դոլար կանխավճարի մուծմանը, Դավիթ Վարդանյանը բացատրեց «Սվիսեյր» ընկերության սնանկացման վտանգով: Այն փրկելու համար 3 խոշոր ընկերություններ որոշեցին համատեղ ծրագիր իրականացնել:

Սեփականաշնորհման անհաջող օրինակների վերաբերյալ խոսելով, պետական գույքի կառավարման նախարարը նշեց «Սեւան» հյուրանոցը, որը գնել է բրիտանահայ հայտնի գործարար Վաչե Մանուկյանը, սակայն թողել է անավարտ: Իրավաբանորեն նրա դիրքերն անխոցելի են, սակայն 2004 թ.-ին կլրանա այն ժամկետը, որից հետո ստանձնած պարտավորությունների չկատարման դեպքում նախարարությունը դատական հայց կներկայացնի:

ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4