Հայաստանի հանրային հեռուստաընկերության արբանյակային հեռարձակման ծրագրերին սփյուռքի մեր հայրենակիցներն այսուհետ կարող են հետեւել օրական 18 ժամ: Այս հեռարձակումն իրականացվում է 1999-ից եւ մինչեւ մեկնարկած տարվա հունվար ամիսը տեւում էր օրական 12-14 ժամ: Արբանյակային եթերաժամանակի ծավալների մեծացման ու առհասարակ սփյուռքում Հանրային հեռուստաընկերության ծրագրերի հեռարձակման վերաբերյալ «Ազգին» մանրամասներ է ներկայացնում Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Տիգրան Նաղդալյանը: Եթերաժամանակը նախապես տարածվում էր Եվրոպայում եւ Մերձավոր Արեւելքում միայն: Իսկ այս ամսվանից հեռուստաընկերության ծրագրերին հետեւելու հնարավորություն է ստեղծվել նաեւ Հյուսիսային Ամերիկայում եւ Ավստրալիայում: «Սա ենթադրում է հատուկ ժամային քաղաքականություն, քանի որ առկա է տարբեր ժամային գոտիների հանգամանք: Ասենք, Կալիֆոռնիայի հետ, որն ԱՄՆ-ում մեզ համար թիրախ նահանգ է, կա 12-ժամյա տարբերություն: Սա հաշվի առնելովՙ ստացվում է, որ արբանյակի վրա մեր աշխատանքը 18 ժամից էլ անցնում է»:
Հյուսիսային Ամերիկայում հեռարձակման մեկնարկումն առայժմ նկատի է առնում միայն ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգը, բայց ընթացիկ տարում նախատեսվում է ծածկել Մ. Նահանգների ողջ տարածքն ու Կանադան:
Հեռարձակվում է ընդհանուր առմամբ նույն ծրագիրը, ինչ մատուցվում է մեզՙ Հայաստանում: «Առայժմ արբանյակային հեռարձակման դեպքում խոսքը մեր ունեցած հաղորդումների մասին էՙ հատուկ դասավորությամբ: Բայց կունենանք նաեւ հատուկ հաղորդումներ, որոնք կհեռարձակվեն միայն սփյուռքումՙ ելնելով վերջինիս ուրույն պահանջներից», նշեց Տ. Նաղդալյանը:
Ուրույն պահանջները նախ եւ առաջ վերաբերում են լեզվի խնդրին: Մասնավորապես, սփյուռքում ընկալման դժվարություններ է առաջացնում արեւելահայերենի արագությունը լուրերի թողարկումներում եւ մյուս հաղորդումներում: Այնպես որ, նախատեսվում է լրատվական մեկ թողարկում ունենալ առավել պարզ ու դանդաղ հայերենովՙ արբանյակային հեռարձակման համար:
Արբանյակային հեռարձակման համար խնդիր են նաեւ ռուսերենով ֆիլմերը, քանի որ սփյուռքում, որպես կանոն, չեն տիրապետում այս լեզվին: Այդ ֆիլմերը սկսել են փոխարինվել հայերեն ֆիլմերով ու հաղորդումներով: Գալով հեռարձակվող ծրագրերում սփյուռքի նախընտրություններինՙ պրն Նաղդալյանն առանձնացրեց «Գիշերային ճեպընթաց» հաղորդաշարը: Հաղորդումների դիտողունակության տեսակետից ուսումնասիրվել են հատկապես Լիբանանի, Սիրիայի, Իրանի հայ համայնքները: Ըստ Տ. Նաղդալյանի, «Գիշերային ճեպընթացին» զուգահեռ այս համայնքներում նախընտրելի են նաեւ, որքան էլ տարօրինակ է, սերիալներըՙ հայերեն թարգմանությամբ:
Բացի նշված երկրներից, Հանրային հեռուստաընկերության ծրագրերին ակտիվ հետեւողների թվում են Ռուսաստանի, Ֆրանսիայի, Իսպանիայի, Հունաստանի, Լեհաստանի հայ համայնքները:
Պրն Նաղդալյանի հավաստմամբ, որոշ երկրներում, մասնավորապես Ֆրանսիայում, Ղազախստանում տեղական որոշ հեռուստաընկերություններից առաջարկ կա արբանյակայինի փոխարեն հայկական հեռուստաընկերության հեռարձակումն իրականացնել հենց իրենց ցանցերով:
Արբանյակային հեռարձակման ծախսերին անդրադառնալովՙ պրն Նաղդալյանը պարզաբանեց, որ հատկացումները հեռարձակվող կազմակերպություններին իրականացվում են ՀՀ պետական բյուջեիցՙ տրանսպորտի եւ կապի նախարարության միջոցով: Եվրոպան եւ Մերձավոր Արեւելքը սպասարկող իտալական ընկերությունը ստանում է շուրջ 650 հազար ԱՄՆ դոլար, այդքան էլ կազմում են Հյուսիսային Ամերիկայում եւ Ավստրալիայում հեռարձակման ծախսերը:
Բայց, Նաղդալյանի հավաստմամբ, որոշակի ժամանակից հետո հնարավոր է պետբյուջեից տրամադրվող այդ գումարները վերադարձնել առնվազն մասամբՙ ի հաշիվ գովազդի:
Լ. Գ.