Օրերս Հայաստանում էին չորս թուրք լրագրողներ: Մեր ԶԼՄ-ները լայնորեն լուսաբանեցին նրանց գործունեությունը: Հունվարի 14-ին, երբ Երեւանի մամուլի ակումբը կլոր սեղանի շուրջ էր հավաքել հայ եւ թուրք լրագրողներին, նրանցից Ֆերաի Թընչը «Հյուրիեթում» հրապարակեց «Ղարաբաղն ադրբեջանցիներից հետո մկներով է լցվել» խորագրով հոդվածը: Դա պատրաստվել է Ստեփանակերտում, եւ անկախ արտահայտած տեսակետների բնույթից, հետաքրքրական է, ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
Հ. Չ.
Հայաստանի մայրաքաղաք Երեւանում ուշադիր հետեւում են վարչապետ Էջեւիթի Վաշինգտոն կատարած այցին: Հայաստանցի իմ գործընկերն ասում է. «Իմացել ենք, որ Էջեւիթը պատրաստվում է Հայաստանի հետ հարաբերություններին եւ ղարաբաղյան հակամարտությանն առնչվող հարցեր բարձրացնել: Այսպիսի տեղեկություն ենք ստացել»:
Հստակ որեւէ տվյալ չունեմ, բայց որ սեպտեմբերի 11-ից հետո ստեղծված իրավիճակում Անդրկովկասի կայունությունն էլ ավելի է կարեւորվել, փաստ է: Ինքս ինձ ասում եմ. «Այս հարցը կարող են քննարկել», այսինքնՙ Լեռնային Ղարաբաղի հարցը:
Վտանգավոր լռություն
Ուղղաթիռով 2400 մետր բարձրության վրա Լեռնային Ղարաբաղով թռչելիս մենքՙ Թուրքիայից ժամանած լրագրողներս, ներքեւի մասին մանրամասն տեղեկություններ ենք ստանում:
Լեռների սուր գագաթների հետ ամեն ինչ ճեփ-ճերմակ է: Ձյան տակ է: Շվեյցարիան է հիշեցնում: Սակայն երբ ուշադիր ես նայում, ներքեւում կյանքի նշույլ չունեցող մի քանի գյուղ, կիսալքված գյուղաքաղաք եւ վշտոտ երկու քաղաք ես տեսնում:
Ահա Ադրբեջանի գրավյալ տարածքները վերադարձնելու եւ Հայաստանի վրայով Նախիջեւանն Ադրբեջանին միացնող միջանցքի փոխարեն Հայաստանի հետ Ղարաբաղի միացման համար նախատեսվող Լաչինի միջանցքը:
Սա շուրջ 10 տարի վիճարկվող սցենարներից մեկն է միայն: Տարբեր սցենարներ են շրջանառության մեջ դրվել: Մինսկի խումբը, որտեղ ներկայացված են Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Ադրբեջանը եւ Հայաստանը, հիմնահարցի լուծման համար տարիներ շարունակ ջանքեր է գործադրում: Ժամանակին Թուրքիան այդ խմբի ազդեցիկ անդամն էր: Սակայն հետզհետե կորցրեց իր ազդեցությունը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը շարունակվում է Ադրբեջանում թշվառության մեջ ապրող շուրջ 1 մլն փախստականների վշտերով, ինչպես նաեւ Ստեփանակերտի վարչակարգի բացակայությամբ ու զրկանքներով:
Անդրկովկասում էներգակիրների անվտանգության համար թերեւս ամենառիսկոտ կնճիռը Ղարաբաղի հիմնախնդիրն է:
Դա մեծապես հետաքրքրում է Թուրքիային: Հիմնախնդրի պատճառով անտեղի վատնվում են Թուրքիայի, Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ համագործակցություն ձեւավորելու եւ խաղաղություն հաստատելու միջոցով տարածաշրջանը բարեկեցիկ դարձնելու բոլոր հնարավորությունները:
Մեր ուղղաթիռը սարերի, ադրբեջանցիների լքած անշունչ գյուղերի, կիսաամայի գյուղաքաղաքների վրայով սավառնելով, Շուշին եւ Խոջալուն շրջանցում եւ վայրէջք է կատարում Ստեփանակերտում:
Մինչեւ արեւի մայր մտնելը պետք է վերադառնայինք, բայց չի հաջողվում: Զրույցները երկարում են եւ գիշերն անց ենք կացնում այստեղՙ Ստեփանակերտում:
Սակայն տարօրինակ մի բան կա այստեղ: Կյանքը սպասումի է վերածվել: Խոսակցություններն ապարդյուն են անցնում: Նույնիսկ չենք կարողանում ինչ-որ բան լուսանկարել: Նկարելու արժանի բան չենք գտնում: Կարծես անձայն ֆիլմ ենք դիտում: Խրտնեցնող մի լռություն կա այս լեռներում:
Համատեղ պայքար մկների դեմ
Լեռնականը կոշտ է լինում: Լեռնային Ղարաբաղի նախագահ Ղուկասյանի խնդիրը խաղաղ կարգավորման բանակցություններին չհրավիրվելն է: Նա խիստ անհանգստանում է, երբ ասում են, որ հիմնահարցը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ է: Նա ընդգծում է. «Մենք պատերազմել ենք, մենք էլՙ հաղթել: Առանց մեր ստորագրության որեւէ փաստաթուղթ չենք ընդունի»:
Արտգործնախարար Նաիրա Մելքումյանը երիտասարդ տիկին է, ասում է. «Խաղաղություն ենք ուզում» եւ ուշագրավ առաջարկով դիմում Ադրբեջանին:
Ադրբեջանցիների հեռանալու հետո ամայացած գյուղեր լցված կրծողների դեմ համատեղ պայքարի առաջարկի մասին է խոսքը: Ադրբեջանցիները Ադրբեջանի գրավյալ տարածքների պատճառաբանությամբ դա մերժել են: Ադրբեջանցիների հեռացումից հետո Ղարաբաղը մկներով է լցվել, թերեւս սա միակ տեղեկությունն է, որը Ղարաբաղից վերադառնալով կարող եմ հաղորդել: