«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2002-01-19 | #11, 2002-01-22 | #12, 2002-01-23


ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԽՈՇՈՐԱԳՈՒՅՆ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԻ ՀԱՎԱՔ ԼՈՆԴՈՆՈՒՄ

Մի 27-ին կայանալիք Հոլոքոսթի երկրորդ ազգային հիշատակի օրվա առնչությամբ տեղի «Քարոզարշավ հօգուտ Հայոց ցեղասպանության ճանաչման» (ՔՀՀՑՃ) հայկական հասարակական կազմակերպությունը ինտերնետային ցանցով տարածված լրատվությամբ տեղեկացնում է, որ կազմակերպել է մի շարք միջոցառումներ, որոնց նպատակն է Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչմանը հասնել ինչպես Անգլիայում, այնպես էլ եվրոպական մյուս երկրներում:

Միջոցառումներից առաջինը Կոմիտաս ինստիտուտի լրատվական բաժնի կազմակերպած երկու զեկուցումներն են, որոնք հունվարի 24-ին տեղի են ունենալու Կարդիֆի միջազգային հարցերի ուելսյան կենտրոնում: Հրավիրված են պատմաբաններ Արա Սաֆարյանն ու Հիլմար Կայզերը, որոնք համապատասխանաբար խոսելու են «Հայկական ցեղասպանությունը քսաներորդ դարի նախադե՞պ» եւ «Կայսերական շահեր եւ անպատշաճ դաշնակցություններ: Գերմանիայի դերը Հայոց ցեղասպանության ժխտման գործում» թեմաների շուրջ:

Միջին Արեւելքի պատմության նորագույն մեկնաբանները տեղյակ չեն, թե ինչպես Թուրքիայի ներկայիս տարածքը դարձավ բացառապես թուրքերի հայրենիքը: Նրանց մեծ մասը չգիտի 1915-1923 թթ. հայերի եւ հույների, իսկ հետագայում նաեւ քրդերի դեմ գործված ցեղասպանական լավ կազմակերպված եւ փութաջանորեն իրագործված գործողությունների մասին, որոնցից հետո թուրքերը դարձան գերիշխող տարր երկրում: Նրանք առաջինն էին, որ ցեղասպանությունն օգտագործեցին որպես գլխավոր միջոց մի նոր պետություն հիմնելու:

Բանախոսությունների ընթացքում արծարծվելու են նաեւ բրիտանական առնչությունները, քանի որ 1916-ին Մեծ Բրիտանիան առաջինն էր, որ ճանաչեց Հայոց ցեղասպանությունը:

Խոշորագույն միջոցառումը հունվարի 26-ին եւ 27-ին Լոնդոնի Ուիներ գրադարանի դահլիճում կայանալիք կոնֆերանսն է «Ցեղասպանության սերունդները» ընդհանուր խորագրով, որը Հայոց ցեղասպանությունը քննարկելու է ութ տարբեր տեսանկյուններից: Քննարկվելու են նաեւ Բալկաններում եւ Ռուանդայում տեղի ունեցած ցեղասպանությունները: Դիտորդների կարծիքով, սա լինելու է Լոնդոնում իր տեսակի մեջ ամենաընդգրկուն կոնֆերանսը, որին մասնակցելու են միջազգային ճանաչման արժանացած այնպիսի հեղինակություններ, ինչպիսիք են դոկտ. Ջոյս Ապսելը (Ցեղասպանություն ուսումնասիրող գիտնականների ասոցիացիայի նախագահ, Ամերիկա), դոկտ. Յաիր Աուրոնը (Ժամանակակից հուդայականության եւ ցեղասպանության ավագ դասախոս, Իսրայելի բաց համալսարան եւ կրթության Կիբուցիմ քոլեջ, Իսրայել), Հելեն Բամբերը (Կտտանքների զոհերին խնամելու բժշկական հաստատության տնօրեն, Մեծ Բրիտանիա), պրոֆ. Դան Բար-Օն (Հետհոլոքոսթյան հոգեբանական ուսումնասիրությունների ամբիոն, Բեն Գուրիոն համալսարան, Իսրայել), պրոֆ. Գեւորգ Պարտաքչյան (Հայկական ուսումնասիրությունների ծրագրերի տնօրեն, Միչիգանի համալսարան, ԱՄՆ), դոկտ. Դեյվիդ Կալոնի (Ուեյն համալսարան, ԱՄՆ), դոկտ. Ջոն Սերոննի (Պատերազմական ոճրագործությունների ուսումնասիրման գրասենյակի գործադիր տնօրեն, Վաշինգտոն), դոկտ. Բրիջիդ Կոնլի (Հոլոքոսթի հիշատակի թանգարանից, ԱՄՆ), պրոֆ. Վահագն Տատրյան (Ցեղասպանության ուսումնասիրության Զորյան ինստիտուտի տնօրեն, ԱՄՆ), դոկտ. Մարտին Դին (Հոլոքոսթի հիշատակի թանգարան, ԱՄՆ), դոկտ. Լուիս Ֆլանս Բաում (Կոլումբիայի համալսարանի վիրաբուժական քոլեջից, ԱՄՆ), պրոֆ. Հենրի Հատենբախ (Ցեղասպանության ուսումնասիրությունների պարբերականի խմբագիր, Նյու Յորք), դոկտ. Հիլմար Կայզեր (Ռուր համալսարանից, Գերմանիա), դոկտ. Ավի Քեյ (Թուրո քոլեջի հոգեբանության ամբիոնից, Երուսաղեմ), դոկտ. Մարկ Լիվին (Սաութհեմպտոնի համալսարան, Մեծ Բրիտանիա), պրոֆ. Մոդ Մանդել (Բրաուն համալսարանից, ԱՄՆ), պրոֆ. Ստեֆան Մարքո (Ուսումնասիրությունների ծրագրերի տնօրեն, Գերմանիա), դոկտ. Էրիկ Մարկուսեն (Ուսումնասիրությունների ծրագրերի տնօրեն, Հոլոքոսթի եւ Ցեղասպանության դանիական կենտրոն, Դանիա), պրոֆ. Մանուս Միդլարսկի (Միջազգային խաղաղության եւ հակամարտությունների լուծման մասնագետ Ռուտչերս համալսարանից, ԱՄՆ), պատմաբան Արա Սաֆարյան (Կոմիտաս ինստիտուտի գրքերի հրապարակման խմբագիր, ԱՄՆ), պրոֆ. Ուիլյամ Շաբաս (Մարդու իրավունքների իռլանդական կենտրոն, Իռլանդիա), պրոֆ. Ժակ Սեմելին (Քաղաքական ուսումնասիրությունների ինստիտուտ, Փարիզ), պրոֆ. Լոունի Շիրինյան (Արքայական զինվորական քոլեջ, Կանադա), Գրեգ Թոփալյան (Սաութհեմպտոնի համալսարան, Մեծ Բրիտանիա), դոկտ. Ջոնաթան Թոդրես (Մարդու իրավունքների գծով իրավաբան, ԱՄՆ) եւ պրոֆ. Էրիկ Ուայթզ (Մինեսոտայի համալսարան, ԱՄՆ):


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4