«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2002-01-19 | #11, 2002-01-22 | #12, 2002-01-23


ԵՐԵՎԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՈՒՄ ԱՂԲԱԿՈՒՅՏԵՐ ԵՆ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ

Մի հսկա աղբակույտ արդեն մեկ շաբաթից ավելի «զարդարում» է կառավարության շենքի դիմացի բակը: «Ազգ» օրաթերթի խմբագրության լուսամուտից կարելի է տեսնել, թե ինչպես օրը ցերեկով քաղաքում թափառող աղքատները մեկը մյուսի հետեւից մանրակրկիտ փորփրում են աղբն ու փնտրածը գտնելովՙ լցնում պարկի մեջ ու շարունակում ճանապարհը: Այդպիսի մի «որսի» պահ էլ հասցրեցինք լուսանկարել:

Փորձեցի զրուցել նրանցից մեկի հետՙ «որտեղի՞ց ես, ի՞նչ ես անում, կցանկանայի՞ր աշխատել...»: Պարզվեց, որ աղբը փորփրող երիտասարդի տունը Երեւանն է ու նրա փողոցները, իսկ աշխատել չի ցանկանում, որովհետեւ շուտով այլ մոլորակ պիտի տեղափոխվի: Մեկնաբանությունները թողնենք ընթերցողին ու դառնանք աղբակույտի մյուս այցելուին, որը բեռնավորված մի քանի տոպրակներով մոտեցավ, արագ ինչ-որ բան գտավ ու գրպանը դնելով հեռացավ: Մեր գործընկերուհին պատմեց, որ աղբ փորողները ունեն իրենց «գրաված տարածքները» եւ ինքն ականատես է եղել նրանցից երկուսի վեճինՙ մեկը մյուսի տարածք ներխուժելու համար:

Մամլո ասուլիսում վերջերս Երեւանի քաղաքապետը նշել է, որ այսօր ունեցած հնացած տեխնիկայով հնարավոր չէ գոհացնող սանիտարական վիճակ ստեղծել: Դրա համար անհրաժեշտ է ներգրավել մասնագիտացված կազմակերպություններին: Այս խնդրի լուծումը հնարավոր կլինի միայն տարեվերջին, քանի որ բանակցություններ են վարվում ռուս-գերմանական մի կազմակերպության հետ: Շատ լավ, իսկ մինչեւ նոր տեխնիկայի տեղ հասնելը, քաղաքի ուղիղ կենտրոնում մի՞թե թույլատրելի է աչքաթող անել մաքրման աշխատանքները:

Այս տարվա խստաշունչ ձմեռն էլ եկավ հաստատելու, որ անտարբեր ենք մեր քաղաքի մաքրության նկատմամբ: Ճիշտ է, կենտրոնական մայթերը մաքրեցին ձյունից ու մերկասառույցից, սակայն շատ ու շատ փողոցներում եւ այն էլՙ կենտրոնական, մինչեւ այսօր շողշողում են սառույցները: Իսկ այդ սառցապատ փողոցներով քայլում ենք մենքՙ երեւանցիներս, որ սիրում ենք ասելՙ սիրում ենք Երեւանը եւ այն էլ ինչքա՜ն: Բայց մեր տան, խանութի ու բակի դիմացի ձյունն ու սառույցը մաքրելը մեր գործը չէ, թող օտարները գան մաքրեն... Նույնն էր վիճակը շուկաների, տոնավաճառների դիմաց, ուր ամեն օր ու ամեն ժամ մենք ենք քայլում: Մեր սիրելի քաղաքի հարգելի քաղաքային իշխանությանը խնդրում ենք, որ եթե հնարավոր չէր հնացած տեխնիկայով մաքրել քաղաքի սառույցները, ապա կարծում ենք, որ հնարավոր է վերացնել աղբակույտերը, որոնցից «օգտվողները» կարող են համաճարակների տարածման աղբյուր դառնալ:

ՌՈՒԶԱՆ ՊՈՂՈՍՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4