«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#10, 2002-01-19 | #11, 2002-01-22 | #12, 2002-01-23


ԵՎՐԱԽՈՐՀՈՒՐԴԸ ՑԱՆԿԱՆՈՒՄ Է ՎԵՐԱՑՆԵԼ ՄԱՀԱՊԱՏԻԺՆ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԲԱՑԱՌՈՒԹՅԱՆ

ՍՏՐԱՍԲՈՒՐԳ, 22 ՀՈՒՆՎԱՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհուրդն իր առջեւ նպատակ է դրել առանց բացառության ողջ եվրոպական մայրցամաքում վերացնել մահապատիժը: Ստրասբուրգի մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության այդ կազմակերպությունը գտնում է, որ պատժի այդ ձեւը որեւէ տեղ չունի օրենքի գերակայությամբ առաջնորդվող պետության քաղաքացիական դեմոկրատական հասարակությունում: Չնայած արդեն տարիներ ի վեր այս պատժամիջոցը կիրառություն չի գտնում կազմակերպության 43 անդամներից եւ ոչ մեկի մոտ, կազմակերպությունը բավարար չի համարում մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ կետը, որով մահապատիժը արգելվում է միայն խաղաղ ժամանակ: Եվրախորհուրդը գտնում է, որ նույնիսկ այս բացառությունը պետք է վերացվի:

Երկուշաբթի երեկոյան Եվրախորհրդի խորհրդարանական ասամբլեան հավանություն է տվել Եվրախորհրդի նախարարների խորհրդի այն որոշմանը, համաձայն որի առաջարկվում է փոփոխություն մտցնել մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայում մահապատժի վերաբերյալ եղած դրույթներում:

Շվեյցարական «Նոյե Ցյուրիխեր» թերթը գրում է, որ Եվրախորհրդի խորհրդարանական ասամբլեայի ձմեռային նստաշրջանի նախագահ է ընտրվել ավստրիացի սոցիալիստ Պետեր Շիդլերը, որն այդ պաշտոնին մնալու է մեկ տարիՙ եւս երկու անգամ վերընտրվելու իրավունքով: Նա, փաստորեն, փոխարինել է այդ պաշտոնում իրեն նախորդած լորդ Ռասսել Ջոնսթոնին, Շոտլանդիայից:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4