Այս կարծիքին է Սարգիս Հովսեփյանը
Ինչպես հայտնի է, «Հայկական ֆուտբոլ» շաբաթաթերթի անցկացրած հարցմամբ ՀՀ ազգային հավաքականի եւ Սանկտ Պետերբուրգի «Զենիթի» պաշտպան Սարգիս Հովսեփյանը ճանաչվել էր անցած մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստ: Դստեր ծնվելու առիթով Սարգիսը Տուապսեից երկու օրով ժամանել էր Երեւան: Օգտվելով հանգամանքից, «Հրազդան» մարզաթատերական համալիրի տնօրենների խորհրդի նախագահ, «Հայկական ֆուտբոլ» շաբաթաթերթի հիմնադիր եւ հրատարակիչ Աշոտ Աղաբաբյանը կազմակերպել էր հանդիսավոր արարողություն, որի ժամանակ Սարգսին հանձնվեց թանկարժեք նվեր եւ պատվոգիր: Շնորհավորելով Սարգսին լավագույն ֆուտբոլիստի կոչմանն արժանանալու կապակցությամբ, «Դեյլի սպորտ Արարատ» ինտերնետային-լրատվական գործակալության թղթակիցը հարցազրույցի հրավիրեց Հովսեփյանին:
- Սարգիս, շնորհավորում եմ դստերդ ծննդյան կապակցությամբ:
- Շնորհակալություն: Նոր տարվա սկիզբը մեր ընտանիքում նշանավորվեց ուրախալի իրադարձությամբ. հունվարի 9-ին ծնվեց իմ երկրորդ երեխանՙ դուստրս, որին մորս պատվին անվանեցինք Սվետլանա: Որդիսՙ Ռուբիկն էլ կրում է հորս անունը (նախկին ֆուտբոլիստ է, սպորտի վարպետ, խաղացել է Կարագանդայի «Շախտյորում»):
- Ի՞նչ զգացումներով ստացար լավագույն ֆուտբոլիստի համար սահմանված մրցանակը: Արդյոք անսպասելի՞ էր քեզ համար լավագույնը ճանաչվելը:
- Դա ինձ համար մեծ պատիվ էր եւ հաճելի անակնկալ, քանի որ ոչ ոք 100 տոկոսով չգիտեր, թե 50 թեկնածուներից որ մեկին բաժին կհասնի մրցանակը: Ես կաշխատեմ ապացուցել, որ նրանք, ովքեր ընտրել են ինձ լավագույն ֆուտբոլիստ, իրենց ընտրության մեջ չեն սխալվել:
- Մինչ այդ դու երկու անգամ (1992 եւ 1995 թթ.) արդեն ճանաչվել էիր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ:
- Այո, սակայն այս անգամ ամեն ինչ մի փոքր այլ կերպ է: Չէ՞ որ արդեն մի քանի տարի չեմ խաղում Հայաստանումՙ հանդես գալով «Զենիթում»: Նշանակում է մասնագետները հետեւում են իմ խաղին նաեւ Հայաստանից դուրս եւ համապատասխան գնահատական են տալիս: Ահա թե ինչու այս մրցանակն ինձ համար ավելի պատվաբեր ու նշանակալի է: Դա միաժամանակ եւ մեծ պատիվ է, եւ հսկայական պատասխանատվություն:
- Ինչպե՞ս են ընթանում գործերդ «Զենիթում»: Ե՞րբ է ավարտվում պայմանագիրդ ակումբի հետ: Չե՞ս մտածում եվրոպական ավելի տիտղոսակիր ակումբ տեղափոխվելու մասին:
- Ճիշտն ասած, անցած մրցաշրջանի սկզբին որոշ հարցեր էին ծագել, սակայն հետագայում ամեն ինչ իր տեղն ընկավ եւ ամբողջովին գործնական, նորմալ հարաբերությունների մեջ եմ ակումբի ղեկավարության եւ թիմի գլխավոր մարզչի հետ: Պայմանագրիս ժամկետը լրանում է 2003 թ. վերջին: Այս տարի «Զենիթին» լուրջ փորձություն է սպասվում ՈՒԵՖԱ-ի գավաթի խաղարկությունում, եւ ես չեմ պատրաստվում հեռանալ թիմից: Ես կձգտեմ ուժերիս ներածին չափով նպաստել «Զենիթի» վարկանիշի բարձրացմանը, քանի որ Սանկտ Պետերբուրգում ինձ հարգում եւ գնահատում են: Պայմանագրի ժամկետը լրանալուց հետո կցանկանայի փորձել ուժերս եվրոպական լավագույն ակումբներից մեկում: Բայց դա ավելի շուտ երազանք է: Իսկ ո՞վ նման երազանքներ չունի:
- Ինչպե՞ս է ընթանում նոր մրցաշրջանի նախապատրաստությունը:
- Հունվարի 8-ից թիմի գլխավոր մարզիչ Յուրի Մորոզովի գլխավորությամբ «Զենիթի» 35 ֆուտբոլիստներ ուսումնամարզական հավաք են անցկացնում Տուապսեում: Դեկտեմբերին թիմի փոխարինող կազմը հավաք անցկացրեց Գերմանիայում: Սակայն, դժբախտաբար, այս տարի սեւծովյան քաղաքներում եղանակն անբարենպաստ է, ինչը լրացուցիչ դժվարություններ է առաջացնում: Ներկայում սելեկցիոն գործընթաց է տեղի ունենում, թիմում մի շարք ֆուտբոլիստներ են փորձարկվում, ինչը սովորական երեւույթ է այս ժամանակաշրջանի համար: Արդեն առաջին ձեռքբերումները կան: Ակումբի հետ պայմանագիր են կնքել հարավսլավացի 2 ֆուտբոլիստներ (պաշտպան եւ կիսապաշտպան): Ցավոք, թիմին հրաժեշտ են տվել Սաշա Գորշկովը (տեղափոխվել է «Սատուրն») եւ Անդրեյ Կոբելեւը (վերադարձել է Մոսկվայի «Դինամո»): Նրանք լավ ընկերներ էին, լավ ֆուտբոլիստներ եւ, անկասկած, դա մեծ կորուստ էր թիմի համար: Սակայն, ինչ արած, այսպիսին է ֆուտբոլային իրականությունը. մեկը գալիս է, մյուսը գնում:
- Սարգիս, հունվարի 25-ին կայանալու է Եվրոպայի 2004 թ. առաջնության ընտրական մրցաշարի վիճակահանությունը: Որպես հավաքականի փորձառու ֆուտբոլիստներից մեկը, ի՞նչ ես կարծում, ճիշտ կլինի մարզիչ հրավիրել դրսի՞ց, թե՞ հավաքականի ղեկը վստահել տեղի մասնագետի:
- Կարծում եմ ներկա սոցիալ-տնտեսական իրավիճակում արտասահմանցի մասնագետի հրավիրումը շատ թանկ կնստի: Նման ճոխություն թույլ տալ չի կարելի: Գտնում եմ, որ դա ավելորդ ծախս կլինի, քանի որ դեռ հայտնի չէ, թե դրանից հետո հավաքականը կհասնի՞ ցանկալի արդյունքի: Իմ կարծիքով, Հայաստանում ներկայում կան ոչ վատ մասնագետներ, որոնք լավ արդյունք են ցույց տալիս: Հավաքականի գլխավոր մարզչի հիմնական հավակնորդ եմ համարում Խորեն Հովհաննիսյանին, որն ընտրական մրցաշարերում առայժմ ամենաբարձր արդյունքի է հասել հավաքականի հետ: Նա հայկական ֆուտբոլում մեծ հեղինակություն է վայելում: Խորենն անվանի ֆուտբոլիստ է, լավ մասնագետ ու մանկավարժ: Ի դեպ, Հովհաննիսյանն իմ ֆուտբոլային կենսագրությունում էլ շատ մեծ դեր է խաղացել: 1992 թ. նա հիմնադրեց «Հոմենընդմեն» թիմը (ներկայիս «Փյունիկը»), որտեղ հանդես եմ եկել եւ ես: Միայն չգիտեմ, կհամաձայնի՞ արդյոք նա կրկին իր վրա նման պատասխանատվություն վերցնել:
Գլխավոր մարզչի ընտրությունը շատ նուրբ հարց է եւ դրանում չպետք է սխալվել, քանի որ դրանից շատ բան է կախված: Հարկ է հաշվի առնել ոչ միայն պրոֆեսիոնալ հմտությունները, այլեւ մարդկային հատկանիշները: Վերջնական որոշումը պիտի կայացնի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավարությունը եւ մարզչական խորհուրդը, սակայն ներկա պայմաններում, իմ կարծիքով, նպատակահարմար է ընտրել Խորեն Հովհաննիսյանին: Նա ֆուտբոլի մեծ գիտակ է:
- Շարունակելո՞ւ ես ելույթներդ հավաքականում:
- Անձամբ ինձ համար, կարծում եմ եւ յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար, մեծ պատիվ է երկրի ազգային հավաքականում հանդես գալը: Սակայն դա ինքնանպատակ չպիտի լինի: Հարկավոր է, որպեսզի ֆեդերացիայի ղեկավարությունը մարզչի առաջ կոնկրետ խնդիր դնի ընտրական մրցաշարում (իհարկե, համապատասխան ֆինանսական ապահովության դեպքում), մարզիչն էլ իր հերթինՙ ֆուտբոլիստների առաջ, որպեսզի բոլորն իմանան, թե ով ինչի համար է պատասխան տալու: Ֆուտբոլիստների մոտ պատասխանատվության զգացումը պետք է բարձրացնել: Եթե կոնկրետ խնդիրներ չդրվեն, կոնկրետ նպատակներ չհետապնդվեն, ապա կարծում եմ անիմաստ է հավաքականում խաղալը: Ես միշտ պատրաստ եմ խաղալ հավաքականում, եթե վերը նշված պայմաններն առկա են, իսկ ձախողումների եւ անհաջողությունների համար հավասարապես պետք է պատասխան տան ե՚ւ ֆեդերացիայի ղեկավարությունը, ե՚ւ մարզիչները, ե՚ւ, իհարկե, ֆուտբոլիստները: Կցանկանայի, որպեսզի ընտրական հաջորդ փուլում ՀՀ հավաքականը հաջող հանդես գար: Այլեւս նահանջելու տեղ չկա: