«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#11, 2002-01-22 | #12, 2002-01-23 | #13, 2002-01-24


«ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄՙ ԱՅԼԵՎՍ Ո՚Չ ՄԻ ՊԱՏԱՍԽԱՆ»

Ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանն էլ սկսեց պայմաններ թելադրել

Ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանին, ինչպես ասում ենՙ «աչքով տվեցինք», շտապեցինք ուրախանալ, որ նա «օրինակելի» ամբաստանյալ է, պատասխանում է բոլոր հարցերին, դատավարության ընթացքին չի խոչընդոտում: Երեկ «Հոկտեմբերի 27»-ի գործով դատական նիստում պատկերը բոլորովին այլ էր: Հենց որ ավարտվեց ամբաստանյալի ցուցմունքների հրապարակումը եւ նրան սկսեցին հարցեր տալՙ Էդ. Գրիգորյանը հայտարարեց, թե հարցադրումներն անպատասխան է թողնելու, քանի որ իրեն անարդարացիորեն ծանր մեղադրանք է ներկայացված, ինքը դրան համաձայն չէ եւ այլն: Օգտվելով հարցերին չպատասխանելու իր իրավունքիցՙ ամբաստանյալը, փաստորեն, Հունանյան եղբայրների պես փորձեց դատավարությունը փակուղի մտցնել: Անպատասխան մնացին մյուս ամբաստանյալների պաշտպանների, մեղադրողների, փաստաբանների գրեթե բոլոր հարցերը: Մեղադրող կողմը նույնիսկ կասկած հայտնեց. «Նույն կերպ Նաիրի Հունանյանն էլ, ոչ շատ վաղուց, չէր պատասխանում հարցերինՙ պատճառաբանելով, թե դեռ չի եկել իր խոսելու պահը, հետո Կարեն Հունանյանն էր լռում, հիմա էլՙ այս ամբաստանյալը: Այդ ի՞նչ հարմար պահի են նրանք սպասումՙ այսօր լռելով...»: Դատավարության մասնակիցներն այդ առիթով վերհիշեցին Ն. Հունանյանի խոսքերը. նա մի անգամ կոչ արեց, որ ամբաստանյալներից ո՚չ մեկը չպատասխանի իրենց ուղղվող հարցերին:

Էդիկ Գրիգորյանը, սակայն, անընդհատ նշում էր, որ ինքը դատավարության սոսկ այս փուլում է հարցերն անպատասխան թողնում, իսկ հետագայում կպատասխանիՙ «դեռ պետք եղածից էլ ավելին կասի»: Դատավոր Ս. Ուզունյանը նրան առաջարկեց նեղացածի կեցվածք չընդունել եւ վնաս չտալ սեփական անձին. «Այն հանգամանքը, որ դուք համաձայն չեք ձեզ ներկայացված մեղադրանքին, դեռ չի նշանակում, թե պիտի հակադիր քայլերի դիմեք»: Ամբաստանյալը, սակայն, անհողդողդ էր. նախաքննության արդյունքներով պարզ է դարձել, որ նա հոկտեմբերի 27-ին որեւէ սպանություն չի կատարել, եւ այժմ այդ հարցում իր անմեղությանը վստահ, Գրիգորյանը հարկ է համարում ինչ-ինչ պահանջներ ու պայմաններ թելադրել:

Ինչեւէ, դատավորը տեղեկացրեց, որ, անկախ ամեն ինչից, իրենք չեն կարող շեղվել դատավարության բնականոն ընթացքից, եւ հաջորդ փուլում դատարան պիտի ներկայանան «Հոկտեմբերի 27»-ի գործով տուժած ԱԺ պատգամավորներն ու կառավարության անդամներըՙ իրենց հարցերն ամբաստանյալներին ուղղելու: Այս կարգը պիտի պահպանվի, անկախ այն «անկարեւոր» հանգամանքիցՙ ամբաստանյալը բարեհաճո՞ւմ է պատասխանել հարցերին, թե՞ ոչ...

Ա. ԲԱԲԱՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4