Անցյալ շաբաթ օրը «Պրոմեթեւս» հեռուստաընկերության «Լրաբեր» լրատվական ծառայության եթերում հնչեց վերապատվելի Ռենե Լեւոնյանի «խրատական» խոսքը («Ազդակ» մամուլի ակումբ): Այս պատվելի այրը հարգանքի կարժանանար իր բարեգործության համար, եթե անհարկի ոգեւորությունը չտեղափոխեր նրան քաղաքականության ոլորտ, իսկ բարեգործությունը չվերածեր բողոքական գաղափարների տարածման միջոցի:
Հայ ավետարանական ընկերակցության Հայաստանի ներկայացուցիչը դժգոհում է, որ Հայաստանում հայ ժողովուրդը բացասաբար է վերաբերվում աղանդավորների գործունեությանը, եւ փորձում է «դաս» տալ հասարակությանը, թե ինչպես մտածի եւ վերաբերվի այս կամ այն երեւույթին, որ հարազատ չէ իրեն:
Ռենե Լեւոնյանը, կարծեք, սկսել է հասկանալ եւ իր խոսքում էլ անուղղակի հաստատեց այն իրողությունը, որ հակառակ իր աշխարհընկալման, հասարակության մեջ ամրապնդվում է ինքնապաշտպանական մի գաղափարախոսություն. «Մեկ ազգ, մեկ հայրենիք, մեկ հավատ»: Ի դեպ, նա հասկացել է նաեւ, որ գաղափարախոսության «.մեկ հավատ» հասկացությամբ հայ ժողովուրդն իրավացիորեն չի ճանաչում ոչ միայն համաշխարհային բողոքական որեւէ ուղղություն, այլեւ ազգիս նմանօրինակ ապազգային «դաստիարակներին»: Նա պետք է հավատացած լիներ նաեւ, որ սեփական ինքնությունն ու ազգային շահերը նորօրյա կրոնական հորդաներից ու օտարերկրյա քարոզիչներից պաշտպանելու համար այլ ճանապարհ չկա, միասնականությունից բացի:
Ռենե Լեւոնյանը, վերհիշելով եվրոպական իր վարդագույն պատանեկությունը, ժողովրդավարական վարվելակերպ չի համարում հասարակության կողմից աղանդների մերժումը եւ ինքնասպանության դեպքերի դատապարտումը: Մինչդեռ մեր ժողովուրդն իրավացիորեն չի ցանկանում իր զավակներին տեսնել աղանդավորների թակարդում եւ ապաՙ ականատեսը դառնալ նրանց հոգեկան խանգարման եւ կամ ինքնասպանությանՙ կամրջից նետվելով կամ կախվելով: Դա, իհարկե, վերապատվելուն չի հետաքրքրում: Եվ այն ողբալի եւ հայ ժողովրդի հոգեւոր միասնությանն անհարիր երեւույթները, որոնք օրավուր արմատավորվում եւ խաթարում են ժողովրդի ազգային դիմագիծը, ազատախոս Ռենե Լեւոնյանին նույնպես չեն հետաքրքրում:
Չենք կարծում, որ Հայաստանում գործող հինգ տասնյակ քրիստոնյա եւ ոչ քրիստոնյա կազմակերպությունները լիազորել են վերապատվելի քարոզչին իրենց շահերը պաշտպանելու:
Ժողովրդավարության հիմքը խոսքի եւ ազգերի ազատությունն է, եւ յուրաքանչյուր քաղաքացի ունի այդ ազատության իրավունքը: Համաձայն դրա, հայն իրավունք ունի ազատ արտահայտելու իր տեսակետը եւ ճանաչել միմիայն իր մայր եկեղեցին եւ աղանդավոր համարել իր հողում մարդորսությամբ զբաղվող ցանկացած կրոնական խմբավորման: Վերջիններս էլ իրենց հերթին կարող են օգտվել խոսքի ազատության իրավունքից եւ պնդել, որ իրենք աղանդավոր չեն: Ամեն մեկն իր իրավունքի տերն է, եւ դժգոհելու առիթ չկա: Սակայն անհամեստություն է, երբ հազիվ 160-ամյա պատմություն ունեցող օտարածին կրոնական կազմակերպության ներկայացուցիչը դասեր է տալիս 1700-ամյա քրիստոնեական հավատք եւ մշակույթ ունեցող ժողովրդին: Առավել անպարկեշտ է, երբ կրոնական գործիչը փորձում է չարաշահել Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր առաջնորդների հանդուրժողականությունն ու իշխանությունների բարյացակամությունը:
Հայաստանցին հյուրընկալ եւ հանդուրժող է, ուստի եւ ինչ-որ չափով ընդունում եւ հարգում է այլ կրոնական ուղղությունների գործունեությունը: Բայց ոչ մի երկրում եւ ոչ մի ժողովուրդ չի հանդուրժի համակեցության եւ հյուրընկալության չգրված օրենքների խախտումը, երբ հյուրը «դաս» է տալիս հյուրընկալին:
Ի վերջո, մեկընդմիշտ պետք է պարզել, թե ի՞նչ նպատակ է հետապնդում վեր. Ռենե Լեւոնյանը Հայաստանում. նպաստե՞լ հայ ժողովրդի քրիստոնեական դիմագծի պահպանմանը եւ նրա հոգեւոր միասնությանը, ինչպես կրկնում էր դեռ ոչ վաղ անցյալում, թե՞.
Ս. ՓԱՀԼԵՎԱՆՅԱՆ