Հունվարի 26-ին լրանում է «Կարծիք» հեռուստատեսային հաղորդաշարի 10 տարին, որի հեղինակն ու վարողը Սերգեյ Երիցյանն է: Լրացել է նաեւ նրա լրագրողական գործունեության 20 տարին: Այդ առթիվ մեր թղթակիցը հանդիպեց Սերգեյ Երիցյանին եւ հարցազրույց ունեցավ:
- Ի՞նչ է նշանակում «Կարծիք»-ի 10 տարին Ձեզ համար:
- Եթե դիմենք վիճակագրությանը, ապա դա նշանակում է 1992 թվականի հունվարի 26-ից մինչեւ այսօր 510 թողարկում, որի ընթացքում ներկայացվել են 200 հասարակական կարծիքի հարցումների եւ սոցիոլոգիական հետազոտությունների արդյունքներ: Մենք մեր հաղորդաշարով հնարավորություն ենք տվել իրենց կարծիքներն ու տեսակետներն արտահայտելու շուրջ 10.000 մարդու:
- Խոսուն եւ բնութագրական է Ձեր բերած վիճակագրությունը: Բնականաբար հարց է ծագումՙ ինչո՞ւ ստեղծվեց «Կարծիք»-ը:
- «Կարծիք»-ը իր ժամանակի ծնունդն էր: Չնայած այս հաղորդաշարին նախորդել է «Առաջարկում է հեռուստադիտողը», որը հայ հեռուստատեսության իրականության մեջ փորձ էր փոքր էկրան բերելու ազատ եւ անկաշկանդ խոսքը, այսպես կոչված «փողոցի մարդու» խոսքը: Այս դեպքում «փողոցի մարդ» նշանակում է հաղորդման չկազմակերպված մասնակից: «Առաջարկում է հեռուստադիտողը» հաղորդաշարըՙ արդյունք լինելով «պերեստրոյկայի» եւ «գլասնոստի», պետք է բացահայտեր եւ ներկայացներ հասարակական կարծիքը եւ նրա ազդեցությունը այդ նույն հասարակական կարծիքի վրա: Իսկ 1991 թվականի անկախության հռչակումից հետո այս կատեգորիաներն անհրաժեշտ էին հեռուստաեթերին, եւ բնականաբար, պիտի ծնունդ առնեին «Կարծիք»-ը եւ նման այլ հաղորդաշարեր:
- Պետք էր ենթադրել, որ նոր ժամանակներում նոր մոտեցումներ եւ նոր սկզբունքնե՞ր էին անհրաժեշտ:
- Այո, անկասկած: Իրական անկախությանը եւ ժողովրդավարությանը միանգամից չեն հասնում: Դրա համար ժամանակ է հարկավոր, որ հասարակությունը եւս կարողանա ոչ միայն գիտակցել այդ բոլորը, այլեւ ինքն էլ կարողանա մասնակցել դրանց կայացմանը: Ստեղծելով «Կարծիք» հաղորդաշարը եւ ունենալով ամենշաբաթյա եթերՙ մենք հենց այդ նպատակն ունեինքՙ որքան հնարավոր է հասարակությունն իր ասելիքը եւ մտածածը, կարծիքներն ու գնահատականները կարողանա ներկայացնել եթերում: Եվ եթե հեռուստալսարանն ուշադիր է, մենք սկզբունք ունենք չմեկնաբանել մեր զրուցակիցների ասածները, նրանց խոսքը:
- Եթե ճիշտ հասկացա, Դուք որդեգրել եք «մի արտահայտիր քո կարծիքը» սկզբունքը:
- Ոչ միայն այդ սկզբունքն ենք որդեգրել, այլեւՙ մեր համոզմամբ, նմանատիպ հաղորդաշարերում չպետք է ծանրաբեռնել հեռուստադիտողին հարկի կամ անհարկի կողմնորոշումներով: Հասարակական կարծիքի կրողը դիտելով այս կամ այն թողարկումը, ինքը կարող է իր եզրակացություններն ու հետեւությունները կատարել: Նա կարիք չունի, որ մեկը նրան «աջը» կամ «ձախը» ցույց տա:
- Դուք եթերում ներկայացնում եք ոչ միայն հայաստանյան կյանքը իր դրսեւորումներով, այլեւՙ արտերկրի:
- Մեր համոզմամբՙ Հայաստանի զարգացման գործում շատ կարեւոր է սփյուռքի դերը, եւ ես համոզված եմ, որ մենք սփյուռքը չենք ճանաչում այնպես, ինչպես պետք է եւ, մյուս կողմից էլ, արտերկրում ապրող մեր հայրենակիցներն այնպես չգիտեն մայր հայրենիքը, ինչպես պետք է: Այս իրողությունը հաշվի առնելով, «Կարծիք» հաղորդաշարի ստեղծագործական խումբը 10 տարվա ընթացքում պատրաստել է 140 տեսաֆիլմՙ նվիրված աշխարհի տարբեր երկրներին եւ դրանցում ապրող հայությանը, փորձելով կամուրջ դառնալ Հայաստանի եւ սփյուռքի միջեւ: Եվ պատահական չէ, որ մեր տեսաֆիլմերը մենք պատրաստել ենք Ամերիկայի Միացյալ Նահանգներից մինչեւ Ֆրանսիա, Իրանից մինչեւ Չինաստան:
- Պարոն Երիցյան, այսպես թե այնպես «Կարծիքը»-ը իր 10-ամյա տարեգրությամբ Ձեր 20-ամյա լրագրողական գործունեության անբաժան մասն է, իսկ ինչպե՞ս կբնութագրեիք մնացած 10 տարին:
- Նախապատրաստության շրջան, որ հասնեի «Կարծիք»-ին: Ես հեռուստատեսության եւ ռադիոյի համակարգ եմ եկել 1981 թվականին Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը ավարտելուց հետո: Ես 10 տարի փորձել եմ հասկանալ ե՚ւ ռադիո, ե՚ւ հեռուստատեսային լրագրության գաղտնիքները, հնարավորությունները, եւ նախապատրաստվել «Կարծիք»-ի ամենշաբաթյա եթերային մարաթոնին: Այդ նույն 10 տարվա ընթացքում ավարտել եմ Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետը եւ պաշտպանել թեկնածուական թեզ «Հայաստանի հեռուստատեսությունը երկրի զանգվածային լրատվության միջոցների համակարգում» թեմայով:
- Դուք նաեւ դասախոսում եք, նախանցած տարի հրատարակեցիք «Հեռուստառադիոեթերի գաղտնիքները» գրքույկը եւ խոստացաք ավելի մեծ ու խորը ասելիքով հանդես գալ ավելի ուշ, արդեն մենագրությամբ:
- Արդեն տպագրության փուլում է եւ մեկ ամսվա ընթացքում ընթերցողի սեղանին կլինի այդ խոստացված գիրքը, որը փորձ է ներկայացնելու ինչպես իմ 20-ամյա լրագրողական անցած ուղին, այնպես էլ պրպտումներըՙ որպես տեսաբանի հեռուստառադիոլրագրության ասպարեզում: Գիրքը, որը կրում է «Խոհեր կադրից դուրս» վերնագիրը, նվիրված է Հայաստանում ռադիոյի հիմնադրման 75 եւ հեռուստատեսության սկզբնավորման 45-ամյակներին:
- Եթե փորձենք ներկայացնել այն ամենը, ինչն ամփոփված է այդ 20 տարիների ընթացքում, ի՞նչ բնութագրում կարող եք տալ այդ ուղուն:
- Երկար եմ մտածել այս մասին: Միայն կարող եմ ասել, որ հեռուստալրագրությունը հավերժական սեր է, որից բաժանվելն անհնարին է դառնում:
Հարցազրույցը վարեց ՄԱՌԼԵՆԱ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ