Ռիչարդ Կալինոսկու պիեսը Երեւանում
Ինչպես եւ որ կողմից էլ մոտենանքՙ սա երեւույթ է մեզ համար, բայց փաստերն ապացուցում են, որ երեւույթի կշիռ է ունեցել եւ օտարների համար: Գրվելով 95-ին, Կալինոսկու պիեսը խաղացվել է ամերիկյան ու եվրոպական նշանավոր քաղաքներում, իսկ միայն Փարիզում Իրինա Բրուկի բեմադրությունը Մոլիերյան հինգ մրցանակ է ստացել: Առաջին անգամ օտար թատերագիրն այնպիսի խորությամբ ու ցավով է զգացել մեր վիշտը, ինչպես միայն մենք կարող էինք զգալ եւ գրել այնպիսի համարձակությամբ, որ մենք չէի՜նք կարող. Եվ մեզ էլ հասել է հնգամյա ուշացումով. Սկզբից ասենք, որ հուշ-պատումի (ռետրո) ձեւը եւ հեղինակի մասնակցությունը դրամատիկական պատումին հաղորդում են անհերքելի վավերականություն. առաջին անգամ բեմից հնչում են պատմաքաղաքական բնութագրումներ, որոնց նշանակությունն անհնար է գերագնահատել: Ահա.
«1893 թ. լուսնի խավարում եղավ Թուրքիայում: Թուրքերը գիշերը դուրս էին գալիս փողոց ու կրակում լուսինը ծածկող հրեշի վրա. Երկու տարի անց թուրքերը դուրս էին գալիս ու կրակում ոչ թե լուսնի, այլ իրենց հարեւան հայերի վրա. 1914 թ. համաշխարհային պատերազմն օգտագործելով, սուլթանն ուզեց ազատվել իր երկրի բնակչության մի մասից. նրանց կոչում էին հայ: Սուլթանին դուր չէր գալիս հայերի աշխատասիրությունը, հաջողականությունը, հարստությունը»: Ավելի պարզ ու բացորոշ դժվար է ասել: Եվ այն, որ նման մտքեր բարձրաձայնում է օտարըՙ արտասովոր հնչեղություն է հաղորդում ասվածին: Իսկ պատումի բուն նյութը եղեռնից մազապուրծ, Ամերիկա հասած, միմյանցից այնքան տարբեր որբ զույգի պատմությունն է, որն անզավակ լինելով ,վերջում որդեգրում է մի որբուկի եւ շարունակվում. Ու մինչ հեղինակը հակոտնյա զույգին ապրեցնելու հիմքեր է պեղում հայի գենետիկ խորքերից (կենսասիրություն, այլասիրություն, հեռատեսություն), «Մետրոյի» բեմադրիչն ընդվզելով ամերիկյան «երջանիկ ավարտի» հանգուցալուծման դեմ, առաջարկում է ի՚ր լուծումըՙ նույնպես ելնելով մեր ազգայինիցՙ թուրքի նախճիրի ահավորությունն ընդգծելու նպատակով: Այս լուծմամբ վերապրել նշանակում է բազմանալով շարունակվել ու լցնել կորուստը. Մտադիր չենք միակողմանիության մեջՙ մեղադրել մեկին կամ գեղարվեստական անորոշության ու վրիպումի մեջՙ մյուսին. ոչ էլ այսօրյա գլոբալացման ու ինտեգրացման բավական մոդայիկ գործընթացի հետ կապել լուծման արդյունավետությունը, մանավանդ որ գործ ունենք բեմի վարպետի հետ, որը գիտեՙ ինչ եւ ինչպես պիտի անի: Անձամբ ինձ հաճելի անակնկալ էր Ծատուրյանին տեսնել «սեւ հումորի» տարերքից դուրս, քնարական դրամայի ժանրումՙ խոր երեւակայության եւ սարկազմի «սանձման» ջանքերում. ի շահ մի ամբողջ շարքՙ հոգեվիճակներ ու փոխհարաբերություններ բացահայտող ֆիզիկական գործողության (սեղանի, տորթի, տիկնիկի, կոնֆետի տուփի, մանկասայլակի, լուսանկարչական սարքի, Արամի հոր վերարկուի եւ այլն): Տեսեք, թե ինչ տարողունակ լուծումներ կան մահճակալի շուրջ դրվագներում եւ կամ որքան հուզականություն ու գեղեցիկ խորհրդանշական իմաստՙ Վինսենթի երկու հասակները վերարկուով միավորելու եւ անջատելու մեջ. լուծումներ, որոնք պարզ ու անսեթեւեթ կերպի մեջ, այնուամենայնիվ, խորթ չեն զուգորդության լեզվին: Հայի պապենական վերարկուն ոչ միայն պատսպարում է որբուկին, այլեւ տարիներ անց մղում նրան ձայն բարձրացնելու մի ժողովրդի դեմ գործված անմարդկային սպանդի.
Վերստին չկամենալով միանշանակ պատասխանել, թե ո՞րն է ավելի շահեկան եւ ընդունելի ոչ միայն մեր, այլեւ օտարների աչքում (գուցե սա՞ էլ մի անտինոմիա է, որի հակառակ կողմերը հավասարապես ընդունելի ու մերժելի են), ավելորդ չենք համարում մտորել, թե իրո՞ք միայն գենետիկ, ֆիզիոլոգիական հիմքով շարունակվելն է հայի հավերժության պայմանը. Հապա մի ամբողջ շարք բարեմասնություննե՞րը, որոնք բարոյականին ու համամարդկայինին են հարաբերում: Ընդսմին, հետաքրքրությամբ ու հուզմունքով դիտվող ներկայացում է ստեղծվելՙ լի ռեժիսորական, բեմանկարչական մի ամբողջ շարք լուծումներով ու նաեւ դերասանական հետաքրքրական աշխատանքով, այլեւս չասենք, որ վիճահարույց լինելն էլ զերծ չէ ոչ իմաստից, ոչ էլ արժեքից:
Ասացինք «սանձված», բայց ո՚չ բացառված. այնուհանդերձ կենցաղային հումորը «ծիկրակում» է իր ոչ հաճո երանգով: Մի՞թե հեղինակը բավականաչափ կենդանի չի բնութագրել որբուկ Վինսենթին, որ բեմադրիչը հարկ է համարել լրացումներ անելու («Էդ շան քածը», «Ուզում եք ինձ հետ ամուսնանա՞լ»), որոնք ոչ միայն ավելորդ ու տեղին չեն, այլեւ ընդհանուր բան չունեն ճաշակի հետ. Կամ որքանո՞վ է հարմար տղեկին ծխող կամ Սեդայինՙ նրա հագուստներն ու ունեցածը «տնտղող» ներկայացնելը (հեղինակի մոտ մետաղադրամն ընկնում էհագուստը հանելիս): Իսկ գուցե դրանք է՞լ են մտածված բեմադրիչի կողմիցՙ ամուսինների հետագա անհամատեղելիության վարկածի համար.
.Զվարթ քրքիջով է սկսվում բուն պատումը. Արամը տուն է բերում Սեդային, որին որպես կին գտել-ընտրել է Չիկագոյի որբանոցից. Բայց սա մի աղջնակ էՙ աշակերտուհու հագուկապով, մազերին ժապավեն, ձեռքինՙ տիկնիկ. Թյուրիմացություն է եղել, բայց դա պատճառ չէ, որ աղջիկը հետ ղրկվի: Եվ հասուն տղան փորձում է իր գիտցած ձեւով «դաստիարակել» աղջկանՙ ամուսնական կյանքի համար. Ավետարանից պատվիրաններ է կարդում, բայց դրանով ավելի է օտարացնում աղջկան. Փորձում է տղամարդու իրավունքներն օգտագործելՙ աղջիկն աղեկտուր ճչում ու դիմադրում էՙ «թո՚ւրք, թո՚ւրք» գոչելով. Լեւոն Հովհաննիսյան-Արամի համար շատ դժվար է. փորձում է ամենատարբեր մեթոդներ եւ աստիճանաբար արժանանում է վստահության: Մի ամբողջ «կոնցերտ» է առաջին տեսարանը. բեմադրողն ու դերակատարներն ուղղակի խրախճանում են գույների ու հոգեվիճակների կալեյդոսկոպում: Անկաշկանդ տարերքը ե՚ւ Լեւոն Հովհաննիսյանին, ե՚ւ Սեդայի դերակատարներ Կարինե Եսայանին ու Սոնա Մարտիրոսյանին ինքնարտահայտման շռայլ հնարներ է պարգեւել. Քրքիջն անպակաս է դահլիճումՙ սեղանի, տիկնիկի, կոնֆետի տուփի հետ դրված ֆիզիկական գործողության պահերին: Անփորձ երկու դերասանուհիներն էլ հարազատ տարերքի մեջ են եւ վարակիչ անմիջականությամբ ու հմայքով են հաղորդում աղջնակի սարսափը, ամոթխածությունըՙ տղամարդու մերկությունից, վիճակից ելք գտնելու ջանքերը: Այդ ամբողջ տեսարանը, որ լի է տրամադրությունների ու գույների կոնտրաստով, այնքան բեմական է ու գրավիչ, որ չես զգում, թե ինչպես թռավ ժամանակը: Հետո ընտանեկան մթնոլորտն ու հագուկապը խորհրդանշում են ժամանակը. անցել է հինգ տարի, ու փլուզվել են Արամի երազները. Սեդան չբեր է. Լեւոն Հովհաննիսյանը նուրբ, խորզգա ու զուսպ արտիստ է, իր խնդիրներն իրացնում է դերասանական ներուժի խելացի ծախսումով, չափի մեջ, արտահայտման ճաշակով կերպերով: Տեսեք, թե որքան խոսուն են նրա լռության, մտորումի տրտում պահերը. զգում ես, որ մարդը հայտնվել է անլուծելի դիլեմայի առջեւ: Աչքերը տանջահար ելք են փնտրում: Արտիստն «անվնաս» է անցնում եւ կերպարի համար «մազե կամուրջը», ուր խոր հեծեծանքըՙ իր գերդաստանի մորթվելու մասին, վերածվում է ողբի: Տղամարդն է ողբում եւ դա հաջորդելով նրա համառ ու տեւական լռությանըՙ ցնցող ներգործություն է ունենում. Նկատենք, որ պատումի զգալի մասում գործող անձինք երկուսն են, եւ դերակատարներին սպառնում է կրկնվելու, «կողոպտվելու» վտանգՙ նույնիսկ անկախ փորձառությունից: Լեւոն Հովհաննիսյանի մասին չես ասի, բայց Սեդայի երկու դերակատարներն էլ չեն կարողանում խույս տալ փորձությունից: Սեդան գնալով աղքատանում է. խամրում են գույները. Մեղք կլիներ չասել, որ նրանք իրոք մեծ ջանքեր են թափում եւ նույնիսկ կարողանում են տարբերիչ գծեր հաղորդել կերպարին: Օրինակ, Եսայանի Սեդան ավելի կամային է, կարելի է ասելՙ չոր, Մարտիրոսյանի Սեդանՙ ավելի հուզական ու փխրուն: Գուցե ինչ-որ բան նաեւ ռեժիսորական մեկնաբանությունի՞ց է գալիս: Ասենք, այն «ցուրտը», որ մտել է ամուսինների փոխհարաբերություններում: Սեդան ճարահատ համակերպումով է մնում ամուսնու հետ. նույնիսկ նրա կնոջական պատրաստակամությունը ոչ այնքան զգացում է, որքան պարտականություն, եւ ծա՚նր պարտականություն: Նա հոգնել է ամուսնուց եւ ավելի դյուրությամբ է գնում հեռանալու քայլին: Սրանք, իրոք, բեմադրական մտահղացումից եկող գործոններ են, որոնք կարող էին կաշկանդել ու գունազրկել կերպարը: Չէ՞ որ, ի հակակշիռ հեղինակի, բեմադրիչը ձգտում է այրել ամուսինների միջեւ եղած կամուրջը.
Եթե կրտսեր Վինսենթի դերակատար Պարոնյանն առաջին անգամն է բեմ բարձրանում, ապա հաճելի հայտնություն է: Հիշենք, որ հեղինակն այս կերպարին պատումի կոլիզիայում որոշիչ տեղ է հատկացրել: Նրա միջոցով է հնչեցնում մի քանի վճռորոշ մտքեր. «Դո՞ւք էլ որբ եք», «Բոլոր հայերն էլ ո՞րբ են», «Այդ ինչպե՞ս է լինում, որ մարդիկ գալիս սպանում են մարդկանց.»: Պատանին ցուցաբերում է դերասանական խնդիրներն ըմբռնելու եւ իրացնելու ակնբախ շնորհ, նաեւ բեմում խաղընկերներին զգալու անբռնազբոս կերպ ու մեծ հուզականություն:
Այս պիեսի կյանքը մեզանում նոր է սկսվել, ու առաջին ծանոթության «մեղավորը» «Մետրո» թատրոնն է, որը մեզ պարգեւեց զգացումի ու խորհրդածության շատ հաճելի պահեր: Սպասվում են նոր ընթերցումներ, ինչպես եւ հեղինակի այցը, որով առիթ կունենա ծանոթանալու իր ստեղծագործության ոչ միանշանակ մեկնություններին: Հնարավոր են եւ վեճեր, սակայն սրանք այն բնույթի են, որոնց միջոցով եւ միջից են ծնվում իսկական ճշմարտությունները: Կապրենք, կտեսնենք:
ՎԱՐՍԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, Թատերագետ
* Ռիչարդ Կալինոսկու «Գազանը լուսնի վրա» հանրահայտ պիեսը Երեւանի «Մետրո» թատրոնում բեմադրվել է «Հրեշը լուսնի վրա» վերնագրով: