ՀՀ կրկնակի գավաթակիր Աշտարակի «Միկան» երեկ մեկնեց Սոչի, որտեղ մինչեւ փետրվարի 7-ն ուսումնամարզական երկրորդ հավաքը կանցկացնի: Թիմը բոլորովին վերջերս էր վերադարձել Մոսկվայից, որտեղ հունվարի 5-16-ը գլխավոր մարզիչ Վալերի Գլադիլինի ղեկավարությամբ առաջին հավաքն էր անցկացրել: «Միկան» Մոսկվայում պարապմունքներն անցկացրել էր Մոսկվայի «Սպարտակի» փոխարինող կազմի մանեժում, որը կրում է Իգոր Նետտոյի անունը: Գլադիլինին օգնում էր խաղացող մարզիչ Սերգեյ Գոռլուկովիչը, որն առայժմ մարզվում է անհատական ծրագրով: Մոսկվայում հիմնական ուշադրությունը դարձվել է ֆուտբոլիստների ընդհանուր ֆիզիկական պատրաստությանը, մեծ տեղ է հատկացվել կրոսներին: Միաժամանակ, ֆուտբոլիստների խաղային որակների ստուգման նպատակով կազմակերպվել են ընկերական հանդիպումներ, որոնց մասնակցել են թիմի ռուսաստանցի 7 լեգեոներները: Առաջին հանդիպումը մանեժում ՌԴ 2-րդ դիվիզիոնի «Շատուրա» թիմի հետ ավարտվել է ոչ-ոքի (2-2): Երկրորդ խաղն անցկացվել է բաց խաղադաշտում, որտեղ «Միկան» հաղթել է «Սպորտակադեմկլուբին»: Մոսկվայի «Նիկայի» հետ հանդիպումն արհեստական ծածկույթով դաշտում համառ ու անզիջում պայքարում է անցել եւ ավարտվել հայ ֆուտբոլիստների հաղթանակով (4-3): Ի դեպ, «Նիկան» մարզում է Պողոս Գալստյանը: Այդ թիմում հանդես է գալիս ՀՀ հավաքականի նախկին հարձակվող Կարապետ Միքայելյանը: Այդ հանդիպումներում աչքի են ընկել Արմեն Մարկոսյանը, Էդիկ Մանուչարյանը, Արմեն Շահգելդյանը, ինչպես նաեւ թիմի նորեկ, հենակետային փորձառու կիսապաշտպան Դմիտրի Բատնիկովը: Լեգեոներներից իրենց լավ են դրսեւորել երիտասարդ հարձակվող Վասիլի Բիկովը եւ բարձրահասակ կիսապաշտպան Անատոլի Յակուշեւը: Մարզիչներն առայժմ գոհ են նրանից, ինչպես նաեւ թիմի երիտասարդ դարպասապահ Ֆելիքս Հակոբյանից, որի հետ անցած մրցաշրջանի կեսերից պարապում է հմուտ մասնագետ Անդրեյ Շիրյաեւը: ՀՀ երիտասարդական հավաքականի դարպասապահի խաղում զգալի առաջընթաց է զգացվում:
Ցավոք, եղան նաեւ կորուստներ: «Նիկայի» հետ խաղում Արմեն Մարկոսյանը կոտրել է ոտքը եւ բժիշկների ախտորոշմամբՙ նվազագույնը 3-4 ամիս չի մասնակցի մարզումներին: Դեռեւս հավաքի սկզբում վնասվածքի պատճառով ստիպված էին Երեւան վերադառնալ Կարեն Մուրադյանն ու Կարեն Եղիազարյանը:
Սոչիում նախատեսվում է օրական 3 պարապմունք անցկացնել: Մարզիչները մտադիր են թիմում փորձարկել հայազգի չորս պատանի ֆուտբոլիստների, որոնք մինչեւ 17 տարեկանների ՀՀ պատանեկան հավաքականի թեկնածուներ են: Թիմի նախապատրաստական ծրագիրը ներառում է նաեւ ստուգողական 5 հանդիպումների անցկացում «Կուբանի», Նովոռոսիյսկի «Չեռնոմորեցի», ինչպես նաեւ ՌԴ առաջնության առաջին դիվիզիոնի այլ ուժեղագույն թիմերի հետ, որոնք այդ ժամանակահատվածում կգտնվեն Սոչիում: Ուսումնամարզական երկրորդ հավաքը հնարավորություն կընձեռի մարզիչներին ծանոթանալու խաղացողների խաղային կարողություններին եւ կազմի ճիշտ ընտրություն կատարելու: Բացառված չէ, որ «Միկայում» ընդգրկվի նաեւ ՀՀ հավաքականի նախկին պաշտպան Երվանդ Կրբաշյանըՙ «Տորպեդո-ԶԻԼ»-ի հետ ֆինանսական որոշ հարցեր պարզաբանելուց հետո: