Առաջին օրըՙ Պուտին-Ալիեւ ոչ պաշտոնական հանդիպում
2001 թ. ՌԴ նախագահ Վ. Պուտինն առաջին պաշտոնական արտասահմանյան այցը կատարեց Բաքու: 2002 թ. Ադրբեջանի նախագահն առաջին արտասահմանյան այցը կատարեց Մոսկվա: Երեկ Մոսկվա ժամանեց Հ. Ալիեւը. այցը պետական է, ինչն ինքնին ցույց է տալիս այն կարեւորությունը, որ Ռուսաստանը տալիս է Ադրբեջանի հետ հարաբերություններին, ավելի ճիշտ, դրանց բարելավմանը: Բորիս Ելցինի իշխանության տարիներին ռուս-ադրբեջանական հարաբերությունները «սառը պատերազմ» էին հիշեցնում: Ուշագրավ է, որ Հ. Ալիեւին «Վնուկովո» օդանավակայանում դիմավորեց ՌԴ վարչապետ Մ. Կասյանովըՙ պատվո պահակախմբի, նվագախմբի, հանդիսավոր շքերթի ուղեկցությամբ: Հենց օդանավակայանում ընդունելության ձեւից է երեւում, թե ինչպիսին է լինելու այցը:Երեկ տեղի ունեցավ Պուտին-Ալիեւ ոչ պաշտոնական հանդիպումը: Այսօր առավոտյան երկու պետությունների նախագահները դեմ առ դեմ կհանդիպեն, ապա նրանց կմիանան երկու պետությունների կառավարությունների անդամները: Ադրբեջանի նախագահը բանակցություններ կվարի վարչապետ Կասյանովի, արտգործնախարար Ի. Իվանովի, Մոսկվայի քաղաքագլուխ Յու. Լուժկովի հետ: Լոմոնոսովի անվ. համալսարանում Հ. Ալիեւին կտրվի պատվավոր դոկտորի կոչում:
Պետական այցի ընթացքում կստորագրվեն յոթ փաստաթղթեր, որոնց թվումՙ «Ադրբեջանի եւ Ռուսաստանի առեւտրատնտեսական համագործակցության հետագա 10 տարիների զարգացման հիմնական սկզբունքների մասին», «Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության կարգավիճակի եւ պահպանման պայմանների մասին»:
Պուտին-Ալիեւ առանձնազրույցի ընթացքում կքննարկվեն Կասպիցի իրավական կարգավիճակը, ԼՂ հակամարտության կարգավորման հեռանկարները, այլ հրատապ խնդիրներ: