«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2002-01-23 | #13, 2002-01-24 | #14, 2002-01-25


ԿԱՅՈՒՆ ՈՒ ՀԱՍՏԱՏ ԵՐԿԻՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄՏԱՀՈԳՈՒԹՅԱՄԲ

ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանի հանդիպումը

Երեւանի «Վ. Թեքեյան» կրթահամալիրի մանկավարժների հետ

Մայրաքաղաքի «Վահան Թեքեյան» կրթահամալիրը հանրապետության այն չորս միջնակարգ հաստատություններից մեկն է, որ կրում է մեծ բանաստեղծ, Ռամկավար Ազատական կուսակցության հիմնադիր նախագահ Վահան Թեքեյանի անունը (նույնանուն կրթական օջախներ են գործում նաեւ Գյումրիում, Կարբիում եւ Ստեփանավանում): Երեկ այստեղ կայացավ կրթահամալիրի մանկավարժական կոլեկտիվի հանդիպումը Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ Ռուբեն Միրզախանյանի հետ: Այսպիսի հանդիպումները հատկապես վերջին ժամանակներս եւ հատկապես մտավորականության ներկայացուցիչների հետ հաճախակի են կազմակերպվում: Եվ դա բնական է: Նախընտրական ժամանակահատվածում մարդիկ ցանկանում են ճշտել իրենց հայացքները, առավել մոտիկից ծանոթանալ երկրում հեղինակություն եւ բարի համբավ վայելող քաղաքական, հասարակական կազմակերպությունների ղեկավարների հետ: ՀՌԱԿ-ի պարագայում այս հետաքրքրությունն առավել կարեւորվում է, քանզի կուսակցությունն արդեն հայտնել է ՀՀ նախագահական մոտակա ընտրություններում ՀՀ ներկայիս նախագահ Ռոբերտ Քոչարյանին իր զորակցության մասին: Եվ պատահական չէ, որ Երեւանի «Վահան Թեքեյան» կրթահամալիրում երեկ առաջին հարցը վերաբերում էր հենց կուսակցության այս դիրքորոշմանը:

- Երկրին տնտեսական եւ քաղաքական կայուն վիճակ է պետք, ՀՀ ամեն մի քաղաքացի շահագրգռված պետք է լինի հենց այս կայուն վիճակին հասնելու եւ պահպանելու հարցում,- «Ո՞ւմ ընտրենք նախագահ, որ լավ ապրենք» հարցին պատասխանեց ՀՌԱԿ ատենապետ Ռուբեն Միրզախանյանը:- Ես համոզված չեմ, որ նախագահի փոփոխության դեպքում ավելի լավ կլինի: Արդեն երկար ժամանակ երկրում տնտեսական փոփոխություններ են կատարվում, որոնք ապագայի նկատմամբ վստահություն են ստեղծում, որքան էլ որոշ քաղաքական ուժեր փորձում են դա չտեսնել:

Անկախության առաջին տարիներին սփյուռքահայ շատ գործարարներ, այդ թվում Ռամկավար Ազատական կուսակցության անդամներ սկսեցին ներդրումներ անել մեր երկրում: Սակայն կարճ ժամանակ անց ազգային խանդավառությունը սկսեց մարել, որովհետեւ սփյուռքահայերի եւ ժամանակի իշխանավորների մտահղացումները չէին համընկնում: Այժմ փոխվել է իրավիճակը: Ինչպես շեշտեց ՀՌԱԿ ատենապետըՙ 1998-ից հետո ամենաբարենպաստ շրջան է սկսվել ռամկավար-ազատական գաղափարախոսության արդյունավետ իրականացման համար:

Հանդիպման ժամանակ մանկավարժները նշեցին, որ հիմա, հատկապես նախընտրական այս շրջանում զգալիորեն ավելացել են «ազգային փրկիչները», ովքեր իբր մտահոգված են մեր երկրի եւ մեր ժողովրդի շահերով: Ռուբեն Միրզախանյանի կարծիքով, երեկվա տաքսու վարորդն այսօր խելք է սովորեցնում գրողին ու փիլիսոփայինՙ «օգտագործելով նախադասության միայն երկրորդական անդամները, իսկ մեկ-երկու մեծահարուստներ, արհամարհելով շատերի չքավորությունը, այնպիսի հսկայական, շքեղ ապարանքներ են կառուցում, որոնք տեսնելիս դժվար է պատկերացում կազմել ճաշակի մասին ընդհանրապես»: Իսկ փոքրիկ կոճակի խանութ ունեցողն այնպիսի շքեղ մեքենայով է տեղափոխում իր «թանկարժեք մարմինը», որ իրեն թույլ չէին տա աշխարհի մեծահարուստներից շատ-շատերը: Ահա հենց այս ծայրահեղությունների վերացման, տնտեսական որոշակի հավասարակշռություն ստեղծելուն են միտված ՀՀ ներկայիս նախագահի ջանքերը, որոնք ՀՌԱԿ ատենապետի հավաստմամբ, կարող են իրականանալ ժամանակի ընթացքում, քաղաքական ու տնտեսական կայուն իրավիճակի պայմաններում: Իհարկե, մեծ արագությամբ բարեփոխումներ ակնկալելը սխալ կլիներ:

Հանդիպման մասնակիցներին անշուշտ հետաքրքրում էր «Հոկտեմբերի 27»-ի դատավարությունը: ՀՌԱԿ ատենապետի կարծիքով, այս դատավարության ժամանակ պետք է ճշգրտվի ամեն ինչ. միայն այս 5 տականքնե՞րն են եղել ոճրագործության հեղինակները, թե՞ նրանց հետեւում ուժեր են կանգնած, եթե կանՙ ովքե՞ր են.

Այո, մեր երկրում բազմաթիվ հարցեր կան, որոնք կարոտ են լուծման: Դրան կկարողանանք հասնել համատեղ մտահոգությամբ, համատեղ աշխատանքով: Արագ, կտրուկ փոփոխությունները միշտ էլ լի են անկանխատեսելի հետեւանքներով: Կարեւորն այն է, նշեց Ռուբեն Միրզախանյանը, որ ստեղծենք մի երկիր, որի պառլամենտը լցված չի լինի «ծաղիկ»-ներով, մի երկիր, որտեղ անգամ ամենադաժան չարագործները կպատժվեն միայն արդար դատավարությունների ժամանակ:

Հանդիպման ժամանակ շատ հարցեր տրվեցին եւ հստակ պատասխաններ եղան: Այս մեկ կոլեկտիվի անդամների, հանդիպման մոտ 60 մասնակիցների համար շատ հարցեր պարզվեցին: Հանդիպումները կշարունակվեն:

ՍԵՐԳԵՅ ՄԵԼՔՈՆՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4