Եթե ինքըՙ ահաբեկիչներից մեկն է տարակուսում, մյուսներն ի՞նչ ասեն
Դժվար է միանշանակ պնդելը, թե հատկապես ո՞ր գործոնների ազդեցության կամ ճնշման ներքո ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը փոխեց իր դիրքորոշումը, սակայն փաստ էՙ երեկ «Հոկտեմբերի 27-ի» գործով դատական նիստում նա վերստին պատրաստակամորեն պատասխանում էր հարցերին: Պատասխանում էր, բայց թե այդ պատասխաններին որքանո՞վ արժե հավատ ընծայել... Ամբաստանյալի խոսքերից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե նա գործից գրեթե լիովին անտեղյակ է, թե հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ողբերգությունը բացառապես պատահականությունների հետեւանք է, թե որեւէ մեկը չպիտի սպանվեր, Նաիրի Հունանյանն էլ միշտ մարդասեր է եղել եւ այլն: «Չքմեղացած» Գրիգորյանին երեկ հարցաքննում էր փաստաբան Աշոտ Սարգսյանը: Դատավարության մասնակիցները երեկ, կարծես, թեթեւացած շունչ քաշեցին. ամեն դեպքումՙ ամբաստանյալը գոնե խոսում է...
Էդիկ Գրիգորյանն «ամենայն անկեղծությամբ հաստատեց, որ իր 20 տարվա ընկեր Նաիրին, որին ինքը հրաշալի է ճանաչում, այդ օրը ԱԺ էր մուտք գործել սպանություն չկատարելու մտադրությամբ»: Իսկ թե ինչպե՞ս պատահեց, որ մարդիկ սպանվեցին, ամբաստանյալը պատասխանեց. «Ես այդպես էլ չհասկացա...»: Այդուհանդերձ, նրա շփոթված պատասխանից «մութ» կետերի թիվն այս հարցում չի պակասում: Օրինակ, ինչպե՞ս են զինված Գրիգորյանն ու Բեջանյանն այդպես հանգիստ առանց որեւէ, խոչընդոտի բախվելու անցել ոստիկանների կողքով, «հաղթահարել» պահակակետը: Գրիգորյանի խոսքերին եթե հավատանքՙ այդ ամենը զուտ պատահականություն է, դեպքերի «հաջող» ընթացք: «Ես կարծում էի, թե Նաիրին ԱԺ-ում իր կոչն է ընթերցելու...», ասաց նա: Ու թեպետ հավաստիացնում է, որ ինքը Նաիրիից չի ստացել որեւէ հրահանգ, այդուհանդերձ այդ օրը, դեպքերի թեժ պահին, լիովին մտածված ու հաշվենկատ է գործել: «Երբ դահլիճում էիք, կրակոց լսե՞լ եք, փոխհրաձգություն եղե՞լ է», հարց ուղղվեց նրան: Ամբաստանյալը խուսափողաբար պատասխանեց, թե չի հիշում, թեպետ դժվար է ենթադրել, որ այդքան կարեւոր փաստը կարելի է մոռացության մատնել: Նա հավաստիացրեց, թե Դերենիկն այդ օրը մեկ անգամ է կրակելՙ Կարմիր նախասրահի ուղղությամբ. իսկ դահլիճում նա կրակոց չի արձակել, բացառված է: Ինչեւէ, ամբաստանյալին հարցրին նաեւ, թե Թուրքիայից նոր վերադարձած Նաիրի Հունանյանի մտածողությունն, ըստ նրա, որեւէ փոփոխություն կրե՞լ էր: Նա ժխտեց այդ տարբերակը: Սակայն ավելի ուշ ասաց. «Եթե տեսաժապավենով չտեսնեի, երբեք չէի հավատա, որ Նաիրին ընդունակ է այդ սպանությունները կատարելու»:
Գրիգորյանի ցուցմունքներից մի քանի հակասություններ էլ ի հայտ եկան: Օրինակ, ավելի վաղ ցուցմունք տալիս, Նաիրի Հունանյանն ասել էր, թե ԱԺ դահլիճի սխեման, որ իրենց ձեռքին կար, նաեւ Էդիկն էր գծել: Մինչդեռ Գրիգորյանը պնդում է, թե ինքը մինչ հոկտեմբերի 27-ը չէր տեսել ԱԺ դահլիճը, հետեւաբար չէր կարող որեւէ գծագիր ներկայացնել: Նա ենթադրեց, թե գծագրի հեղինակը Նաիրին է: Վերջինս, ինչպես պարզվեց, Գրիգորյանին բազմիցս առաջարկել է այդ օրն իրենց հետ ներխուժել դահլիճ, սակայն Էդիկը հրաժարվել էՙ ասելով, թե «ինչով կարող էՙ կօգնի, բայց ներսում տեղի ունեցող գործողություններին չի մասնակցելու»: «Ես էլ ձեզ պես այդ գործում շատ հանելուկներ ու հարցականներ եմ տեսնում», իր անմեղությունը համոզիչ դարձնելու առիթը չկորցրեց նա:
ԱՆՈՒՇ ԲԱԲԱՅԱՆ