Բազմաբնակարանային շենքերի բնակիչներն իրենց շահերը կարող են ներկայացնել կամ շենքերը կառավարել լիազորագրային, հավատարմագրային կառավարման կամ համատիրությունների միջոցով: Երեկ կառավարությունում հաստատվել են 3 օրենքի նախագծեր, որոնք նպատակ ունեն կանոնակարգել այս ոլորտը: «Բազմաբնակարան շենքերի կառավարման մասին», «Համատիրության մասին» օրենքների եւ Քաղաքացիական օրենսգրքում փոփոխությունները նիստին հաջորդած ճեպազրույցի ժամանակ ներկայացնելով, քաղաքաշինության փոխնախարար Անդրանիկ Անդրեասյանը նշեց, որ, ըստ դրանց, շենքերի կառավարման մարմինների ձեւավորման համար տրվում է 6-ամսյա ժամանակ: Այդ ընթացքում Հայաստանի շուրջ 18 հազար բազմաբնակարան շենքերի բնակիչները պետք է որոշեն, թե կառավարման վերոնշյալ 3 տարբերակներից որն են ընտրում: Եթե այդ ընտրությունը չկատարվի, ապա շենքերի ընդհանուր տարածքների պահպանման պատասխանատվությունը փոխանցվում է իշխանության տեղական մարմիններին: Այսինքնՙ համայնքապետարանները պետք է որոշեն, թե ինչպես են սպասարկվելու այդ շենքերը:
Մեր այն հարցին, թե ի՞նչ է լինելու ԲՇՏ-ների հետ, քաղաքաշինության փոխնախարարը պատասխանեց, որ դրանք արդեն այժմ կոմերցիոն սկզբունքներով են աշխատում, եւ եթե կարողանան սպասարկել շենքերը, կշարունակեն գործել: Նա հնարավոր համարեց, որ բնակիչների չկողմնոշվելու դեպքում համայնքապետարանները հնարավոր է, որ շենքի կառավարումն իրականացնեն նույն ԲՇՏ-ների միջոցով: