Վերջին 2-3 տարիներին ստեղծվեցին այսպես կոչված անկախ պետական կառույցներ, որոնց ստեղծման անհրաժեշտությունն ավելի վաղ էր հասունացել: Բանն այն է, որ շուկայական հարաբերությունների խորացմանը զուգահեռ հաճախ ոտնահարվում էին պետական ու հասարակական շահերը: Հետեւաբար այդ մարմինների գոյությունն ու գործունեությունը արդարացված է: Սակայն խիստ վիճելի են նրանց ֆինանսավորման սկզբունքները, ըստ որոնց այդ կառույցներն իրենք են որոշում իրենց անհրաժեշտ ծախսերի չափը եւ ներկայացնում ԱԺ հաստատմանը: Արդյունքում, ենթադրենք, արժեթղթերի հանձնաժողովի շարքային աշխատակցի աշխատավարձն ավելի բարձր է լինում, քան հանրապետության նախագահինը, եւ առնվազն 10 անգամ մեծ է մեկ այլ պետական հաստատության հավասարազոր աշխատանք կատարող աշխատակցի աշխատավարձից: Բնականաբար, նման ահռելի տարբերություն է ստեղծվում նաեւ աշխատանքի պայմանների, տեխնիկական հագեցվածության առումով:
Արժեթղթերի պետական հանձնաժողովի օրինակը պատահականորեն առաջինը չբերվեց: Հիշեցնենք, որ այն ստեղծվել է համաձայն «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» օրենքի, որը մինչ խորհրդարանի ընդունումը քննարկումների երկարատեւ փուլ անցավ: 2001 թ. արժեթղթերի հանձնաժողովը պահանջել եւ ստացել էր նմանատիպ հանձնաժողովների մեջ ամենամեծ ֆինանսավորումը 204 մլն դրամ: Պարզ է, որ աշխատավարձերն այստեղ ամենաբարձրն էին: Դրանք սկսվում էին 100 հազար դրամիցՙ հասնելով մինչեւ 1 մլն դրամի: Սակայն այս գումարն անգամ անբավարար էր թվում հանձնաժողովի պահանջների համեմատ եւ 2002 թ. համար պահանջվել էր ավելի մեծ գումարՙ 239 մլն դրամ: Բարեբախտաբար, նման պահանջների անտրամաբանական լինելն ի վերջո գիտակցեցին նաեւ իշխանության վերին օղակներում: Անկախ հանձնաժողովների ուռճացված ծախսերի կրճատման անհրաժեշտությունը, մինչ պետբյուջեի ընդունումը, նշեց նաեւ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Արժեթղթերի հանձնաժողովին 2002 թ. հատկացվեց 114,5 մլն դրամ, ինչը 89,5 մլն դրամով քիչ էր 2001 թ. հատկացված չափաբաժնից:
Հաջորդ ամենամեծ ֆինանսավորում ունեցողը տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովն էր, որն ավելի հաճախ անվանվում է հակամենաշնորհային: 2001 թ. ստացել էր 126 մլն դրամ: Այստեղ, սակայն, աշխատավարձերն ավելի նվազ էին եւ սկսվում էին 60-80 հազար դրամից: Այդուհանդերձ, 2002-ին այս հանձնաժողովին հատկացված գումարը կրճատվեց 51,5 մլն դրամով եւ կազմեց 74,5 մլն դրամ: Դա այժմ համանման կառույցներից նվազագույն ֆինանսավորում ունեցողն է:
Հաջորդՙ էներգետիկայի սակագները որոշող հանձնաժողովն անցյալ տարի պետբյուջեից ստացել է 139 մլն դրամ: Այստեղ մեզ հայտնի են ամենաբարձր աշխատավարձերըՙ հանձնաժողովի նախագահինը 200 հազար դրամ, տեղակալինըՙ 175 հազար դրամ, անդամներինը 150 հազար դրամ: Դրանք, ըստ էության, լուրջ փոփոխություններ չեն կրի, քանզի 2002-ին էներգետիկ հանձնաժողովի ծախսերը նվազեցվել են ընդամենը 10 տոկոսով (մոտ 14 մլն դրամ)ՙ կազմելով մոտ 125 մլն դրամ: Նման փոքր նվազեցումը հանձնաժողովի լրատվության հարցերի պատասխանատուն բացատրեց այն փաստով, որ նախատեսվում է ընդլայնել հանձնաժողովի գործունեության շրջանակը: Նրա վրա է դրվելու նաեւ հեռահաղորդակցության եւ ջրի սակագների հաստատման խնդիրը:
Եվ վերջապեսՙ գնումների պետական գործակալությունը: Միակը, որ գտնվում է գերատեսչական (ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն) ենթակայության ներքո: 2001 թ. գործակալությանը հատկացված էր 110,5 մլն դրամ, ինչը գրեթե անփոփոխ է մնացել: 2002 թ. գործակալության ծախսերը խորհրդանշական նվազեցում են ունեցել 3,5 մլն դրամով: Գործակալության լրատվական հարցերի պատասխանատուն հիշեցրեց, որ անցյալ տարվա ընթացքում մրցույթով անցկացված գնումների արդյունքում խնայվել են 500 մլն դրամ պետական միջոցներ, հետեւաբար գործակալության գոյությունը եւ ֆինանսավորումը ոչ թե բեռ է պետբյուջեի վրա, այլ ընդհակառակըՙ նպաստում է մեծ խնայողություններ կատարելուն:
Այսպիսով, ի՞նչ եզրահանգումներ կարելի է անել: Չնայած անկախ հանձնաժողովների ֆինանսավորումը կրճատվեց, սակայն դա տեղի ունեցավ, այսպես ասած, ներքին կարգով: Այսինքնՙ այստեղ օրենսդրական փոփոխության անհրաժեշտությունը զգացվում է: Այսուհետեւ այս կառույցներին հատկացվելիք գումարը որոշելիս հարկ է նկատի ունենալ երկրի սոցիալ-տնտեսական ընդհանուր կացությունը: Այլապես անհնար է ուսուցչին բացատրել, թե ինչու է նա պետբյուջեից ստանում 10 հազար դրամ, իսկ հանձնաժողովներից որեւէ մեկի շարքային աշխատակիցըՙ 80 հազար կամ 150 հազար դրամ: Առավել եւս, որ վերջինիս աշխատանքն ավելի կարեւոր կամ դժվար չէ, քան առաջինինը: Եվ վերջինը, աշխատավարձերի անտրամաբանական տարբերության վերացման գլխավոր ուղղությունն ամենեւին էլ ամենաբարձր ստացողների անընդհատ նվազեցումը չէ մինչեւ ամենացածր ստացողների չափին հավասարեցնելը: Ընդհակառակը, այդ նվազեցմանը զուգահեռ հարկ է քայլեր կատարել ցածր վարձատրվողների վարձատրության բարձրացման եւ ինչ-որ միջնակետում տրամաբանական աշխատավարձերի սահմանման ուղղությամբ:
ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ