Անցյալ տարվա վերջին օրերին Ազգային ինքնորոշում միավորման հրատարակչությունը լույս է ընծայել ԱԻՄ հիմնադիր-ղեկավար, Խորհրդային Հայաստանի այլախոհական շարժման վետերան Պարույր Հայրիկյանի «Լուսինե» վիպակը: Հեղինակն այն գրել է 2001 թ. նոյեմբերի 18-դեկտեմբերի 4 ժամանակաշրջանում ու շարունակաբար լույս ընծայել «Հայոց աշխարհ» օրաթերթի գրական էջերում: 5000 տպաքանակով լույս տեսած վիպակի խմբագիրն է Սուսաննա Գրիգորյանը: Հայաստանի անկախության հանրաքվեի տասնամյակին նվիրված այս հրատարակության տպաքանակի 1000 օրինակի հրատարակմանն աջակցել է ԱԺ պատգամավոր Գեւորգ Դավթյանը:
Վիպակն ինքնակենսագրական բնույթ ունի: Նրանում Հայրիկյանը պատմում է «Լուսինե» պայմանական անունով աշտարակեցի ուսանողուհու հետ իր սիրահարության մասին: Սակայն Հայրիկյանը Հայրիկյան չէր լինի, եթե այդ սերը չծառայեցներ ու չստորադասեր ավելի մեծ սիրոՙ հայրենիքին ու նրա անկախության պայքարին: Եվ ահա, ընթերցողի առաջ հայտնվում են վիպակի մյուս հերոսներըՙ Ազգային միացյալ կուսակցության ընդհատակյա գործունեության դեմքերըՙ ՀՀ ներկա վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, Աշոտ Նավասարդյանը, Ազատ Արշակյանը, Հարութ Կարապետյանը, Բագրատ Թարվերդյանը, Արարատ Թովմասյանը, Վալտեր եւ Սուրեն Մելիքյանները, Ռազմիկ Մարկոսյանը եւ շատ ուրիշներ: Հեղինակը պատմում է ԱՄԿ-ի 1973-74-ին իրականացրած մի քանի ծրագրերի, մասնավորաբար Երեւանի պատմության թանգարանի մուտքի կամարին ամրացված Լենինի մեծադիր նկարի հրկիզման, երեւանյան շենքերի պատերին անկախական նշանախոսների գրության, թռուցիկների տարածման, «Խոսնակ ԱՄԿ-ի» անունով հանդեսի հրատարակության նախաձեռնության եւ այլ ծրագրերի մասին:
Վիպակը կարեւոր աղբյուր է Խ. Հայաստանի այլախոհական շարժման պատմությունն ուսումնասիրողների համար եւ կարդացվում է մեծ հետաքրքրությամբ: Ի դեպ, շապիկի հետեւում տպված մի ազդից տեղեկանում ենք, որ ԱԻՄ հրատարակչությունն առաջիկայում հրատարակելու է ԱՄԿ-ի համառոտ պատմությունը եւ ԱԻՄ-ի կանոնադրությունը:
Միայն մեկ ճշտում. ամեն ինչում առաջինը երեւալու իրենց մղումի մեջ, ԱԻՄ-ի առաջին շրջանի մի շարք գործիչներ երբեմն ավելորդ դափնիներ են վերագրում «Անկախություն» թերթին: Պ. Հայրիկյանը «Լուսինե»-ում եւս նման անճշտություն է թույլ տվել, գրելով. «1987 թ. հոկտեմբերի 24-ից լույս տեսնող «Անկախություն» շաբաթաթերթը ողջ «Սովետական Միության» (չակերտները Հայրիկյանինն են- Գ. Յ.) տարածքում առաջին քաղաքական այլընտրանքային պարբերականն» էր (էջ 28): Այս տեղեկությունը ճիշտ է ոչ թե ողջ Խ. Միության, այլ Խ. Հայաստանի համար. «Անկախությանը» նախորդել են 1987-ին լույս տեսած մոսկովյան «Գլասնոստը» (մայիսից, խմբ.ՙ Սերգեյ Գրիգորյանց) եւ «Էքսպրես խրոնիկան» (օգոստոսից, խմբ.ՙ Ալեքսանդր Պոդրաբինեկ): Այս ճշտումը կատարելով բնավ չենք նսեմացնում «Անկախություն» շաբաթաթերթի հիրավի մեծ դերը Հայաստանի անկախության վերականգնման պայքարում:
ԳԵՎՈՐԳ ՅԱԶԸՃՅԱՆ