«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2002-01-23 | #13, 2002-01-24 | #14, 2002-01-25


«ԴԱՇԻՆՔԻ ՄԱՍԻՆ ԽՈՍԵԼԸ ԽԻՍՏ ՎԱՂԱԺԱՄ Է»

ՀՅԴ-ն այս տարի ԼՂ կարգավորման ակնկալիքներ գրեթե չունի

2002-ի ընթացքում սպասվող իրադարձությունները քաղաքական ուժերը որակում են որպես վճռորոշ: Պատճառը, բնականաբար, ընտրությունների շքերթն է, որին կուսակցություններից մի քանիսը սկսեցին պատրաստվել դեռեւս մեկ տարի առաջՙ մարզեր կատարվող պարբերական այցելություններով: Այդ ուժերից թերեւս ամենաակտիվներից մեկը Հայ հեղափոխական դաշնակցությունն էր, որն արդեն իսկ իր համար առաջ է քաշել 6 կարեւորագույն հիմնահարցեր: Կուսակցությունը դրանք համարում է խնդիրների այն շրջանակը, որի շուրջ հնարավոր է համարում համագործակցությունն այլ ուժերի, միավորների հետ: Հենց այս հարցերի շուրջ փորձեցինք պարզաբանումներ ստանալ ՀՅԴ խորհրդարանական խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանից:

- Պրն Վարդանյան, որպես կարեւոր հիմնախնդիր կուսակցությունը շեշտում է այս տարի սպասվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները: Կարելի՞ է դրանից ենթադրել, որ, որպես քաղաքական ուժ, ակտիվորեն մասնակցելու եք ընտրություններին, հետագա համապետական (խորհրդարանական եւ նախագահական) ընտրություններին լծակներն ուժեղացնելու համատեքստում:

- 2002-ն այդ իմաստով իսկապես վճռորոշ տարի է: Սպավում են իրադարձություններ, որոնք ցույց կտանՙ ինչպիսին են լինելու միտումները հաջորդ առնվազն հինգ տարիներին եւ ինչպիսինՙ քաղաքականության ուղղությունը:

Ակնհայտ է, որ տեղական ինքնակառավարումը Հայաստանում լավագույնս իրացված չէ: Սակայն դա հենց այն օղակն է, որն անմիջականորեն է մասնակցում կոնկրետ մարդկանց խնդիրներին: Կա մի էական հարց. ցավոք, այս մակարդակի ընտրություններում շատ ավելի մեծ նշանակություն են ստանում զուտ անձնական, խմբային, ազգակցական խնդիրները: Չափազանց կարեւոր է, որ այս անգամ քաղաքական ուժերն ակտիվորեն մասնակցեն տեղական մարմինների ընտրություններին: Վտանգ կա, որ եթե այդ ընտրություններին քաղաքական ուժերը լուրջ դերակատարություն չունենան, ապա ընտրությունների գործող մեխանիզմը միտում կունենա առավել տարածվելու եւ ներգրավելու համապետական ընտրությունները: Դա եւ քաղաքական ուժերի, եւ հանրապետության քաղաքական ղեկավարության, երկրի հեռանկարով մտահոգված իշխանությունների խնդիրն է: Եթե քաղաքական ուժերը ռեալ դերակատարություն ունենան այս ընտրություններում, դրանով կմեծանա նրանց հնարավորությունըՙ ռեալ դերակատարություն ունենալու նաեւ մյուս ընտրություններում: Մենք շատ ենք կարեւորում տեղական ընտրությունները եւ ակտիվորեն մասնակցելու ենքՙ փորձելով տեղերում ապահովել բանիմաց, ժողովրդին հասանելի, սրտացավ իշխանություն: Սրանք զուտ բառեր չեն: Ի վերջո, կարող ենք միայն կարճ ժամանակի համար խնդիր լուծել եւ համայնքապետի օգտակարությունն ապահովել ընտրություններում, բայց եթե նա չարդարացրեց իրեն եւ վստահություն չվայելեց համայնքում, ապա տվյալ քաղաքական ուժը կարող է շատ ավելի վնաս կրել: Չէ՞ որ այդ մարդու պատճառով կվարկաբեկվի ողջ քաղաքական ուժը: Մենք այստեղ զուտ կուսակցական խնդիր չենք տեսնում: Չենք պատրաստվում այն համայնքներում, որտեղ թեկնածուների ենք պաշտպանելու, գործել միայն կուսակցական սկզբունքներով: Եթե կան բանիմաց, համայնքի վստահությունը վայելող մարդիկ, մենք, հնարավոր է, նրանց թեկնածությունը կպաշտպանենք:

- Հաջորդը, որին առավել նշանակություն եք տալիս, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է: Մասնավորապես ՀՅԴ-ն ի՞նչ հնարավոր զարգացումներ է տեսնում այս տարվա ընթացքում, եթե նկատի առնենք միջազգային հանրության ուշադրության շեղումն այդ հարցից:

- Այս հարցի հնարավոր զարգացումներից են կախված նաեւ քաղաքական կողմնորոշումների փոփոխությունների հավանականությունը եւ մեր վերաբերմունքն այս կամ այն քաղաքական ուժին:

Եթե անցյալ տարվա սկզբին հանգուցալուծման որոշակի միտումներ կային, այսօր այդ ընթացքը կանգ է առել: Մենք չափազանց կարեւորում ենք ՀՅԴ բյուրոյի եւ ԱԺ ներկայացված բոլոր ուժերի համատեղ հայտարարությունները: Այնպես որ, սկզբունքները շարադրված են: Սակայն չափազանց դժվար է ակնկալել, որ 2002-ին շատ արագ փոփոխություններ կլինեն: Դա կախված է մի քանի գործոններից, համաշխարհային պրոցեսների եւ գերտերությունների հայացքների կենտրոնացումից, ինչպես նաեւ ե՚ւ Հայաստանում, ե՚ւ Ադրբեջանում մեկնարկող նախընտրական շրջանից: Բայց հիմնական խնդիրն այստեղ շարունակում է մնալ մեր անելիքը. ոչ թե հուսալ եւ ակնկալել ուրիշների ուշադրությունը, այլ շարունակել ամրապնդել Լեռնային Ղարաբաղը, նպաստել կարգավորմանը նրա գործուն մասնակցությանը:

- Կարելի՞ է ձեր խոսքերից ենթադրել, թե, ՀՅԴ-ի գնահատականներով, ԼՂ կարգավորման գործընթացը ժամանակավորապես սառեցվել է:

- Մենք չենք բացառում եւ ոչ մի տարբերակ: Կարծես թե ընդհանուր միտումները գործընթացի ավելի դանդաղեցմանն են ուղղված: Բայց մեզանից կախվածը պիտի անենք, որ հնարավորինս արագ հանգուցալուծումը գտնվի, իհարկե, մեր հայտարարած սկզբունքների եւ Մինսկի խմբի շրջանակներում:

- ՀՅԴ-ն խիստ կարեւորում է նաեւ իր հարաբերությունները ներքաղաքական դաշտի տարբեր ուժերի հետ: Վերջին շրջանում դուք ակտիվորեն երկխոսություններ եք սկսել տարբեր կուսակցությունների հետ: Արդյոք դա նշանակո՞ւմ է, որ ՀՅԴ-ն չի բացառում խորհրդարանական ընտրություններին դաշինքային տարբերակով մասնակցելու հավանականությունը:

- Նորմալ է, որ այսօր ակտիվ քաղաքական երկխոսություններ են ընթանում: Մենք այդ կարգի հանդիպումներ սկսել ենք դեռեւս մեկուկես տարի առաջ: Այսօր դաշինքների ստեղծման մասին խոսելը խիստ վաղաժամ է: Մենք ավելի կարեւորում ենք համաձայնություններն ամենատարբեր եւ կոնկրետ խնդիրների շուրջ: Ակնհայտ է, որ որոշ քաղաքական ուժեր կազմելու են դաշինքներ, չնայած իրենց համար էլ դեռեւս պարզ չէ, թե ինչ ուժերի հետ են համագործակցելու: Ամեն դեպքում հաջորդ խորհրդարանը պիտի լինի նախընտրական ծրագրերի եւ ուղղությունների համախմբման արդյունք:

ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4