Օրակարգում Իրաքի դեմ ամերիկյան ռազմական գործողությունների հարցն էր
Հունվարի 23-ին Անկարայում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Փիրսոնը Թուրքիայի ազգային մեծ ժողովումՙ Մեջլիսում այցելեց նրա նախագահ Օմեր Իզգիին: Այցելության ընթացքում նա անդրադարձավ վարչապետ Բյուլենթ Էջեւիթի ԱՄՆ կատարած այցին, մասնավորապես նշելով, որ այցը հաջողվել է, իր երկիրը գոհունակությամբ է հյուրընկալել Թուրքիայի վարչապետին եւ թուրք-ամերիկյան համագործակցությունը ռազմավարական հարթությունից փոխադրվել է տնտեսական հարթություն: Օմեր Իզգին գովեստի խոսքեր շռայլեց ԱՄՆ-ի հասցեին, հայտնելով թուրքական պետության երախտագիտությունը բարեկամության, համագործակցության եւ ռազմաքաղաքական անվերապահ աջակցության համար:
Դեսպան Փիրսոնը, ինչ խոսք, Մեջլիսի նախագահ Իզգիին Էջեւիթի այցի առնչությամբ գոհունակություն հայտնելու, համապատասխանաբար գովեստի խոսքեր լսելու համար չէր այցելել: Նրա այցելությունը պետք է լուրջ պատճառներ ունենար: Դրանցից գլխավորն, ըստ երեւույթին այն տարաձայնությունն էր, որ Իրաքի դեմ ռազմական գործողություններ ձեռնարկելու հարցում Բուշ-Էջեւիթ հանդիպմանն առաջացել էր կողմերի միջեւ: Ի դեպ, Էջեւիթը Վաշինգտոն մեկնելիս առաջնորդվում էր հենց այդ տարաձայնությունները հարթելու գլխավոր նպատակով, իսկ թուրքական քաղաքական շրջանակներում նրա այցը բնութագրում էին պատմական եւ համարում 2002 թվականի կարեւորագույն քաղաքական իրադարձությունը Թուրքիայի համար:
Ակամա հարց է ծագում. եթե խնդրո առարկան տարաձայնություններն են, ապա ինչո՞ւ ԱՄՆ դեսպանը Թուրքիայի վարչապետին դիմելու փոխարեն ընդունելություն է խնդրում Մեջլիսի նախագահից: Այն պատճառով, որ Իրաքի դեմ ռազմական գործողությունների դիմելու ԱՄՆ-ի պատրաստակամության առնչությամբ Էջեւիթը ամենայն հավանականությամբ հակադրվել է Բուշին եւ իր հակադրությունը պատճառաբանել գործողություններին Մեջլիսի բացասական վերաբերմունքով:
Թերեւս ԱՄՆ դեսպանի այցելությունը Մեջլիսի նախագահին այդ վերաբերմունքը դրականի վերածելու առաջադրանքով է կատարվում, որպեսզի Էջեւիթը Բուշին հակադրվելու պատճառ չունենա, ինչպես նաեւ Իրաքի դեմ ամերիկյան ռազմական գործողությունների իրականացման դեպքում թուրքական կառավարությունը հնարավորություն ձեռք բերի Մեջլիսի հետ կիսել Թուրքիայի վրա այդ գործողությունների բացասական հետեւանքներից բխող պատասխանատվությունը: Ի վերջո չմոռանանք, որ այդ գործողություններում թուրքական քաղաքական շրջանակներն Իրաքի մասնատման լուրջ վտանգ են տեսնում, իսկ մասնատումը նույնացվում է տվյալ երկրի Թուրքիային սահմանակից հյուսիսային հատվածում քրդական պետականության ստեղծման վտանգի հետ:
ՀԱԿՈԲ ՉԱՔՐՅԱՆ