«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#12, 2002-01-23 | #13, 2002-01-24 | #14, 2002-01-25


«ԿԱՐԾԻՔԸ» 10 ՏԱՐԵԿԱՆ Է

1992 թ. հունվարի 26-ից սկսած ամեն շաբաթ հեռուստադիտողը Ազգային, այժմ էլ Հանրային հեռուստատեսության եթերից դիտում է «Կարծիք» հաղորդաշարը: 510 թողարկում, որոնք ներկայացրել են հասարակական կարծիքն ամենատարբեր իրադարձությունների, երեւույթների եւ հիմնախնդիրների վերաբերյալ: «Կարծիքի» եթերից իրենց տեսակետները, դիրքորոշումները, ցանկություններն ու առաջարկություններն են արտահայտել մոտ 10 հազար մարդ: Հաղորդաշարի ստեղծագործական խումբը 140 տեսաֆիլմ է պատրաստել աշխարհի տարբեր երկրների, այդ երկրներում ապրող մեր հայրենակիցների մասին: «Կարծիքն» այն հաղորդաշարն է, որ մեր հեռուստատեսությունում ստեղծեց կենդանի սոցիոլոգիան:

Հոբելյանի առիթով երեկ հաղորդման հեղինակ եւ վարող Սերգեյ Երիցյանին, ստեղծագործական խմբին շնորհավորում էին քաղաքական գործիչներ, արվեստագետներ, «Կարծիքի» ընկերները: Երգ, երաժշտություն, մաղթանքներ էին հնչում ողջ երեկո... Թերեւս «Կարծիքը» մեր հեռուստատեսության այն եզակի հաղորդաշարն է, որ տասը տարվա կյանք ունի եւ որի երկարակեցությունն արդեն իսկ խոսում է, թե ինչ մասնագիտական մակարդակով է արվում եւ որքան ճանաչում է գտել:

Երեկ «Ազգը» ներկայացրել էր հարցազրույց Սերգեյ Երիցյանի հետ, որտեղ հեղինակը փորձել էր նշել հաղորդման երկարակեցության բանալին: Հաղորդման հեղինակներն անցած տարիները շատ չեն համարումՙ ստեղծագործական հասունության շրջան, որն ավելի բեղմնավոր շարունակություն կունենա երկրորդ տասնամյակում:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4