«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ

https://www.azg.am | WAP | WAP-CULTURE

#14, 2002-01-25 | #15, 2002-01-26 | #16, 2002-01-29


«ՌՈՒՍ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՍԻՐԱԽԱՂԸ ՄՏԱՎ «ՄԵՂՐԱՄՍԻ» ՓՈՒԼ»

Պուտին-Ալիեւ 16-րդ հանդիպումից հետո

Ադրբեջանի նախագահը ռուս-ադրբեջանական հարաբերությունները որակեց «ռազմավարական գործընկերություն»

ԹԱԹՈՒԼ ՀԱԿՈԲՅԱՆ

«Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքականության հայեցակարգի» «Տարածաշրջանային առաջնահերթություններ» բաժնում գրված է. «Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունն ԱՊՀ երկրների հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության համապատասխանեցումն է երկրի ազգային անվտանգության խնդիրներին: Շեշտը կդրվի ԱՊՀ երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների եւ ռազմավարական գործընկերության զարգացման վրա»:

Ադրբեջանի նախագահ Հեյդար Ալիեւը Մոսկվա կատարած եռօրյա պետական այցի ավարտինՙ վերադառնալով Բաքու, «Բինա» օդակայանում լրագրողներին ասաց, որ «շատ գոհ է իր այցից», «դա վերջին 10 տարիների դիվանագիտական հարաբերությունների գագաթնակետն էր», «Մոսկվայում բանակցությունների արդյունքները լիովին համապատասխանում են Ադրբեջանի ազգային շահերին»:

Սկսած այն ժամանակից, երբ Հ. Ալիեւին ուղղակիորեն տանել չկարողացող Բորիս Ելցինը «ռուսական կայսրության թագը» դե ֆակտո փոխանցեց Վլադիմիր Պուտինին, տարբեր առիթներով Ալիեւը եւ Պուտինը հանդիպել են 15 անգամ: Ալիեւը հիշում է ծանոթությունը. «Իմ եւ Պուտինի միջեւ առաջին հանդիպումը նախատեսված 30 րոպեի փոխարեն շարունակվեց 4 ժամ»:

Ենթադրաբար, ոտքի վրա մաշվող Ալիեւի եւ եռանդուն Պուտինի միմյանց լավ հասկանալը պայմանավորված էր նաեւ նրանց անցած ճանապարհի որոշ զուգադիպություններով: «Պուտինը, ընտրվելով նախագահ, ոչ միայն ԱՊՀ շրջանակներում առաջին պաշտոնական այցը կատարեց Ադրբեջան, այլեւ Բաքվի իր գործընկերոջը բազմանշանակ նվեր մատուցեցՙ նրան տալով պետական անվտանգության կոմիտեի (ՊԱԿ) Լենինգրադի բարձրագույն դպրոցն ավարտելու վկայականը, որտեղ սովորել էր Ալիեւը, սակայն ինչ-ինչ պատճառներով համապատասխան փաստաթուղթ այդպես էլ չէր ստացել», երեկվա համարում «Ռուս-ադրբեջանական սիրախաղը մտավ «մեղրամսի» փուլ» վերնագրված հոդվածում հիշատակում է «Նեզավիսիմայա գազետան»:

Պուտին-Ալիեւ 16-րդ հանդիպումից հետո Ադրբեջանի նախագահը ռուս-ադրբեջանական հարաբերությունները որակեց «ռազմավարական գործընկերություն»: Անկասկած, անհանգիստ Հարավային Կովկասում կայունության եւ անվտանգության տեսանկյունից ռուս-ադրբեջանական «ռազմավարական գործընկերությունը» չափազանց կարեւորվում է: Ալիեւի Մոսկվա պետական այցի դրական արդյունքների մասին մասնավորապես եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների մասին ընդհանրապես կարելի կլինի դատել 2003 թ. աշնանը, երբ Հեյդար Ալիեւը համեմատաբար խաղաղ ճանապարհով գահը կփոխանցի իր Իլհամինՙ «նախիջեւանյան կլանի» խոստումնալից ներկայացուցչին: Եթե կա նախագահի ընտրության այլ տարբերակ, ապա Հ. Ալիեւի Մոսկվա պետական այցն անարդյունք է: Ինչ վերաբերում է ռուս-ադրբեջանական տնտեսական հարաբերություններին, ապա ընդհանուր առմամբ դրանք վերելք են ապրում, բացառությամբ վերջին մեկ տարուց. 2001 թ. ապրանքաշրջանառությունը չի անցնում 250 մլն դոլարի շեմը: 2000 թ. այդ ցուցանիշը 347 մլն էր: Քաղաքական եւ տնտեսական հարաբերությունների աշխուժացումից զատ, Պուտինը եւ Ալիեւը «կանեն ամեն հնարավորըՙ մշակութային, գիտական, մարդասիրական ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար»:

Պետական այցի ավարտին Ալիեւը լրագրողների համար մամուլի ասուլիս տվեց, որի ընթացքում կողմ արտահայտվեց Աֆղանստանում հակաահաբեկչական գործողություններին, քանի որ «մեր պետությունը լավ գիտի, թե ինչ է միջազգային ահաբեկչությունը»: Ի դեպ, մի քանի օր առաջ ՌԴ ՍԴԾ տնօրեն Կոնստանտին Տոցկին Երեւանում հայտարարեց, թե Հարավային Կովկասի հանրապետություններով Չեչնիա են տեղափոխվում օտարազգի վարձկաններ, զենք, զինամթերք, ընդսմին շեշտելով, որ Մոսկվայում չկան տվյալներ, համաձայն որոնց դրանք տեղափոխվում են Հայաստանի տարածքով: Պուտինի Բաքու պաշտոնական այցին նախորդող ժամանակահատվածում Մոսկվան պնդում էր, թե Ադրբեջանի իշխանությունները չեն վերահսկում երկրի տարածքը, չեչեն, արաբ, սեւամորթ ահաբեկիչները սահմաններն առանց դժվարության խախտելով հասնում են Չեչնիա: Ռուսաստանը բազմիցս կոչով դիմել է Բաքվինՙ փակելու Ադրբեջանում գործող այսպես կոչված «Իչկերիայի Հանրապետության» դեսպանատունը: Մի քանի դաղստանցի կասկածյալ ահաբեկիչների Մոսկվային հանձնելովՙ Բաքուն «վերջ դրեց» ահաբեկչությանն օժանդակելու քաղաքականությանը: Մոսկվան այլեւս չի պահանջում Բաքվից փակել մինչեւ օրս գործող «Իչկերիայի Հանրապետության» դեսպանատունը:

Ռուսաստանի կովկասյան քաղաքականությունն ադրբեջանամետ չէ: «Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղությունն ԱՊՀ երկրների հետ երկկողմ եւ բազմակողմ համագործակցության համապատասխանեցումն է երկրի ազգային անվտանգության խնդիրներին», գրված է հայեցակարգում եւ ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացումը, ընդհուպ «ռազմավարական գործընկերություն», լիովին տեղավորվում եւ համահունչ է հայեցակարգի ոգուն եւ տառին: Նույնը, ցավոք, չի կարելի ասել ռուս-վրացական հարաբերությունների մասին, որոնք «սառը պատերազմ» են հիշեցնում: Մոսկվայի դժգոհությունը Թբիլիսիից մոտավորապես այն է, ինչ Ադրբեջանից էր մինչեւ Պուտինի Բաքու այցելությունը: Կբարարարվի՞ արդյոք Պուտինը, եթե Շեւարդնաձեն մի քանի կասկածյալ ահաբեկչի հանձնի ռուս իրավապահներին: Դժվար է ասել: Նույնքան դժվար է ասել, թե Մոսկվան կպահանջի՞ Շեւարդնաձեից փակել մինչ այսօր Վրաստանում գործող «Իչկերիայի Հանրապետության» դեսպանատունը: Մեկ բան ակներեւ է. Պուտինը տեսանելի ապագայում չի պատրաստվում պաշտոնական այց կատարել Թբիլիսի:

Անիմաստ է խոսել Հարավային Կովկասում կայունության մասին, եթե ռուս-վրացական հարաբերությունները շարունակում են մնալ լարված: Ռուսական մամուլն այդ հարաբերություններն անձնավորում է. Պուտինը չի սիրում Շեւարդնաձեին գրեթե այն աստիճանի, ինչպես ժամանակին Ելցինըՙ Ալիեւին:


© AZG Daily & MV, 2009, 2011, 2012, 2013 ver. 1.4